Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

Հունիս 21,2024 16:46

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս բացառիկ համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նվիրված էր մի նշանակալից իրադարձության՝ Ֆրանկոֆոնիայի օրվան։ Համերգին հնչում էր բացառապես ֆրանսիական երաժշտություն՝ Մորիս Ռավելի, Ֆրանսիս Պուլենկի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։

Դահլիճում հավաքված հանդիսատեսը նույնպես յուրօրինակ էր՝ դեսպանատների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի հյուրեր, հանրություն։ Մթնոլորտը հանդիսավոր էր։ Համերգի ընթացքում նվագախումբը, ինչպես միշտ, ցուցադրեց իր անսամբլային վարպետությունը, կառուցվածքի հստակությունը, լարային և փողային գործիքների փայլը, երաժշտության մեջ հուզականությամբ խորասուզվելու կարողությունը։

Հարմոնիաների թեթևության և ամբողջականության շնորհիվ Ռավելի վաղ պիեսներից «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունն անմիջապես արժանացավ հանդիսատեսի համակրանքին։ Նվագախմբի մեկնաբանությունը պոետիկ էր և տպավորիչ։ «Պավանա»-ն նորություն չէր ֆրանսիական երաժշտության մեջ. այն արձագանքում էր Շաբրիեի, Ֆորեի, Դեբյուսիի ստեղծագործություններում հնչող տրամադրությանը, սակայն կրում էր երիտասարդ Ռավելի դրոշմը։ Վերջինս այս ստեղծագործությամբ արդեն իսկ ցույց տվեց իր անհատականության, տաղանդի որոշ գծեր։

Սմբատյանի դիրիժորական ոճն արտացոլվում էր նրա պարզության, զսպվածության մեջ, իսկ նրա կուռ առաջնորդությունն առավել ընդգծում էր վերջինիս անհատականությունը։ Մեծ էնտուզիազմով և բարձր մակարդակով հնչեց Ֆրանսիս Պուլենկի երկու դաշնամուրների և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ հայտնի դաշնակահարներ Լուի Լորթիի և Հելեն Մերսիե-Առնոյի մասնակցությամբ։ Հայտնի է, որ սա կոմպոզիտորի առաջին գործը չէր, որում ներգրավված էին երկու դաշնակահարներ. նա ավելի վաղ՝ 1918 թվականին, գրել էր չորս ձեռքի համար նախատեսված դաշնամուրի սոնատը, բայց մտածում էր նվագախմբի մասնակցությամբ ստեղծագործություն գրելու մասին։ Կոմպոզիտորը տարված էր այս գաղափարով, և այն գրելու համար նրանից երեք ամսից էլ քիչ պահանջվեց։

Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվեց Վենետիկում՝ 1932 թվականին, իսկ առաջին կատարողը եղավ հենց հեղինակը՝ դաշնակահար Ժակ Ֆևրիի հետ։ Հենց նրան էլ կոմպոզիտորը նվիրեց այս ստեղծագործությունը։ Այս կոնցերտը կատարողներից պահանջում է ոչ միայն վիրտուոզ տեխնիկա, այլև անսամբլային կատարողականության բացառիկ հմտություններ։ Ամբողջ կոնցերտի ընթացքում դաշնամուրային դուետը հնչում է գրեթե անդադար։

Հանդիսատեսի առջև հրաշալի մի դուետ էր։ Եթե սկզբում հետաքրքրությունը մեծապես դուետի մասնակիցների կենսագրական առանձնահատկություններին էր ուղղված, ապա կոնցերտի ավարտից հետո այն ամբողջովին տեղափոխվեց երաժշտական ոլորտ։ Անմիջապես ուշադրություն գրավեցին արտիստների փոխըմբռնումը, նրանց միասնությունը։ Հարվածներն ու նրբերանգները, արտահայտչականությունն ու դինամիկան հղկված էին և լիովին համընկնում էին։ Կար ոճի և դրամատուրգիայի միասնական զգացողություն։

Հելեն Մերսիե-Առնոյի և Լուի Լորթիի բարձր պրոֆեսիոնալիզմը, փայլուն ճաշակն ու կատարողական հստակությունն աստիճանաբար իմ ուշադրությունը կատարողական տեխնիկայի տարածքից տարան դեպի ավելի նուրբ անկյուններ: Այս դուետի առանձնահատկությունը, թերևս, մեկնաբանության թարմության, ստեղծագործության նոր՝ «երիտասարդ» հայացքի, ձայնի սեփական տարբերակը գտնելու մեջ էր՝ առանց կամայական տեմպերի և հարվածների: Արտիստներն առաջին իսկ վայրկյանից տարված են երաժշտությամբ և ապրում են դրա յուրաքանչյուր շարժումով։ Նրանք գիտեն ինչպես ուղղորդել այս հոգևոր լարվածությունն ու կենդանի զգացողությունը դեպի դահլիճ։ Եվ նրանց հաջողվում է համոզել, քանի որ ձգտում են հասնել այն ներդաշնակությանը, որն իր մեջ կրում է ստեղծագործության ողջ հմայքը։ Երաժիշտները ցուցադրեցին ոչ միայն հիանալի տեխնիկա, այլև ստեղծագործության զգացմունքային, խելացի և նուրբ ընկալում։ Նման գիտակցված կատարումն ունկնդրելու հաճույքն աննկարագրելի է։ Իսկ հնչեղությունը՝ բացառիկ։

Նվագախումբը կարծես մեկ հզոր գործիք լիներ՝ բազմազան կարողություններով։ Ամեն ինչ մաքրագրված էր, ամեն ինչ փայլում էր, շողշողում. նվագը հիացնում էր ինտոնացիաների և գույների հարստությամբ։ Ամեն ինչ ոգեշնչող էր և վարակիչ, այնպես, ինչպես լինում է միայն երիտասարդ ժամանակ։

Հանդիսատեսը հիացած էր դաշնակահարներ Հելեն Մերսիե-Առնոյի և Լուի Լորթիի հիասքանչ նվագով։ Նրանք փոխանցեցին տոնին հատուկ զգացողություն։ Նվագն աչքի էր ընկնում վիրտուոզ վարպետությամբ, բարձր արտիստիզմով և հազվագյուտ արտահայտչականությամբ։ Այս դուետի մեկնաբանությունը լի էր կենսական էներգիայով, գույների անսպառ հարստությամբ և զգացմունքների զսպվածությամբ։

Համերգը դեռ երկար կհիշվի նրանց անուններով։ Ուստի, կարևոր է նշել, որ նրանք շատ սպասված երաժիշտներ են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Հիշեցնենք, որ Հելեն Մերսիեն հանդես է գալիս Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր նվագախմբերի և երաժիշտների հետ։ Նա համերգներ է ունեցել ջութակահարներ Սալվատորե Աքքարդոյի, Ռենո Կապյուսոնի, Իվրի Գիտլիսի, Լորան Կորսիայի, թավջութակահարներ Նատալիա Գութմանի, Գոթիե Կապյուսոնի, Անրի Դեմարկետի և Թրուլս Մորկի հետ։ Նա նաև դուետով հանդես է եկել Բորիս Բերեզովսկու, Ֆրենկ Բրեյլիի, Բրիջիտ Էնգերերի, Սիպրիեն Կացարիսի և Լուի Լորթիի հետ։ Վերջինս նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ մենահամերգներ է ունեցել Կոպենհագենում և Փարիզում։

Հելեն Մերսիեն նաև թողարկել է մի շարք ձայնագրություններ Լուի Լորթիի հետ՝ Ռավելի, Շուբերտի, Մոցարտի, Պուլենկի, Ռախմանինովի, Սեն-Սանսի և Ուիլյամսի ստեղծագործություններով։ Դրանք արժանացել են քննադատների հիացական գնահատականների, ինչպես նաև «Diapason d’Or» մրցանակին։ Վերջինս նաև ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հետ թողարկել է Էռնեստ Շոսսոնի ստեղծագործություններին նվիրված ձայնասկավառակ՝ «Capriccio» ձայնապիտակով։ Հելեն Մերսիեն ֆրանսիական երաժշտության ամենաեռանդուն ջատագովներից է։

Նրան, թերևս, կարելի է անվանել ֆրանսիական երաժշտության դեսպան։ Ինչպես դաշնակահարը նշեց համերգից հետո, վերջինս տարբեր նվագախմբերի հետ է նվագել, և այս անգամ ուրախ է նվագել այնպիսի նվագախմբի հետ, ինչպիսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ նման վառ ու դինամիկ դիրիժորով։ «Նրա ղեկավարությամբ նվագախումբն արագ զարգանալու հնարավորություն ունի»,- ավելացրեց դաշնակահարը։

Լուի Լորթին կանադացի դաշնակահար է, Բուզոնիի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի, ինչպես նաև մի շարք այլ երաժշտական մրցանակների դափնեկիր։ Նրա ամենահայտնի ձեռքբերումներից են Ռավելի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունների, Լիստի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված բոլոր ստեղծագործությունների, Բեթհովենի ստեղծագործությունների (ոչ միայն բոլոր 32 սոնատների, այլև Ջեյմս Էհնեսի հետ ջութակի և դաշնամուրի բոլոր սոնատների) համերգային կատարումները և ձայնագրությունները: Լուի Լորթին ավելի քան 45 ձայնագրություն է կատարել «Chandos» ձայնապիտակի համար՝ իր նվագացանկում ընդգրկելով ստեղծագործություններ Մոցարտից մինչև Ստրավինսկի:

Ոչ պակաս տպավորիչ էր համերգի երկրորդ մասը, որտեղ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության վարպետներից մեկի՝ Կլոդ Դեբյուսիի երկու գլուխգործոցները՝ «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդն ու «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզները։ «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդի նախերգանքը Դեբյուսիի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունն է, որը հիանալի կերպով արտահայտում է նրա անհատական իմպրեսիոնիստական ոճը։ Նվագախմբային պրելյուդի ստեղծման ժամանակաշրջանը (1892-1894թթ.) կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի ամենավառ շրջանն էր։ Նախերգանքը նշանավորվում է զգացմունքների և հիացմունքի նուրբ և փոքր-ինչ տխուր պոեզիայով։ Այն կարծես երաժշտության մեջ իմպրեսիոնիզմի մանիֆեստ լինի։ Ստեղծագործությունն ոգեշնչված է ֆրանսիական սիմվոլիզմի գլխավոր ներկայացուցիչ, բանաստեղծ Ստեֆան Մալարմեի համանուն էկլոգից։ Նախերգանքը մեկը մյուսի հետևից հաջորդող բնապատկերներ են, որոնց մեջ՝ ցերեկային շոգին, լողում են ֆավնի ցանկություններն ու երազանքները։ Նվագախումբն այն կատարեց կոմպոզիտորին հատուկ խորը և նուրբ ոճով: Ֆլեյտայի մենանվագը անմիջապես տարավ այս ստեղծագործության յուրահատուկ աշխարհ: Զգայական մեղեդին ազատ իմպրովիզացիայի միջոցով լսվում էր փողային գործիքների տեմբրում: Երաժշտությանը յուրահատկություն էին հաղորդում տավիղի գլիսանդոն և գալարափողների՝ պրելյուդում հնչող միակ պղնձյա-փողային գործիքների երկխոսությունը։

Նվագախմբի կատարմամբ «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդի նախերգանքն իր հետ բերեց լույս ու թարմություն, հոգու երիտասարդական ներշնչում և ռոմանտիկ ազատության զգացողություն։ Կատարումն առանձնանում էր զարմանալի թեթևությամբ, նրբերանգների հարստությամբ, գունեղությամբ, ճշգրտությամբ և հարվածների նրբությամբ։

Համերգի ավարտին հնչեցին «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզները՝ Դեբյուսիի նվագախմբային ստեղծագործություններից ամենամասշտաբայինը: Այս ստեղծագործության մեջ զգացվում են սիմֆոնիկ լանդշաֆտները, որոնք նշանավորվում են ձայնային գույների հարստությամբ և նրբությամբ: Ծովային տեսարանի մթնոլորտը, ջրի կատաղի տարրերը, լույսի խաղը, ալիքների շարժումը, նրանց պայքարը փոթորկի մեջ… Լսելով այս շքեղ, հեզաճկուն նվագախմբային մեկնաբանությունը՝ զգում ես օդային տարածության բացառիկ ինքնատիպությունը, փոթորկից ծնված դրաման, լույսով ներծծված ալիքների մռնչյունը, աշխուժությունն ու թափանցիկությունը: Միաժամանակ, «Ծովը» արտահայտում է մարդկային զգացմունքների հակասությունները։

Նվագախմբին և գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին հաջողվեց ըստ արժանվույն փոխանցել ստեղծագործության գույների տպավորիչ մասշտաբը, պայծառությունն ու հարստությունը։ Նրանց մեկնաբանությունը ջերմ էր, նրբանկատ՝ առանց անակնկալների։ Զգացվում էր մեծ հետաքրքրություն պարտիտուրի և դրա գաղտնիքների նկատմամբ։ Թվում էր, թե երաժշտությունը ծնվում է իմպրովիզացիոն պատկերների մեջ՝ ոգեշնչված պոռթկումով՝ իսկական հրաշքի պես։

Նատալյա ԳՈՄՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930