Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել. «Գիտեք, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Մենք բավականին արդյունավետ և ինտենսիվ աշխատել ենք, որպեսզի տարին լինի հագեցած, և 125-ամյակը հավուր պատշաճի նշվի: Նամականիշի մարումը գլխավոր միջոցառումներից մեկն է: Ես ուրախ եմ, որ այս տարվա մի շարք հոբելյանների շրջանակում նաև Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի նամականիշն ենք մարում:
Երեկ առիթ ունեցա Փարաջանովի թանգարանում ասելու, որ նամականիշը հնարավորություն է՝ խոսել օտարների հետ, այն ուղերձները հասցնել, որը դու ցանկանում ես: Եվ մենք հիմա շատ կարևոր ուղերձ ենք այս նամականիշով հասցնում աշխարհի ամենահեռավոր ծայրեր, որովհետև նամականիշը փակցվում է ծրարի վրա և հասնում է բոլոր մայրցամաքներ: Այդ բոլոր մայրցամաքներում մենք այս ուղերձով ասում ենք, որ ունեցել ենք այսպիսի մեծանուն հայրենակից և նրա արվեստն ու գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ հենց նամականիշի միջոցով»:
Կարդացեք նաև
Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի խորապատկերին: Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Սասունցի Դավիթ» և «Գլխաքանդակ» քանդակները, ինչպես նաև՝ «հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» նկարները, ինչպես նաև՝ «125 ամյակ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ