Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով

Հունիս 21,2024 15:51

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայգերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է:

Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ՄԿՈւ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:

Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը: Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին է փոխանցել ՀՀ կառավարության հաշվետվությունը Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի գնահատման վերաբերյալ: Անդրադարձ է եղել հնարավոր աջակցությանը ինչպես հումանիտար իրավիճակներին արձագանքման, այնպես էլ կարողությունների զարգացման, օրինակ՝ կամուրջների նախագծման, կլիմայի փոփոխությունների հետևանքով անհրաժեշտ տվյալների վերլուծության և համապատասխան քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների համատեքստում Հայաստանը կարիք ունի լրացուցիչ հետազոտական կարողությունների զարգացման:

Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով: Նախարարը ներկայացրել է Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ բռնի տեղահանվածների կրթության, բնակարանային և այլ  իրավունքների իրացմանն ուղղված միջոցառումները՝ նշելով այս ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը:

Հաջորդաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գերմանական խոշորագույն գիտահետազոտական չորս ընկերություններից մեկի՝ HELMHOLTZ ընկերության նախագահ Օթմար Վիսթլերի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների, կլիմայի փոփոխությունների և արհեստական բանականությանը միտված ուսումնասիրությունների ուղղությամբ: Կլիմայի փոփոխությունների ուսումնասիրության համատեքստում ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է վերջերս ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բանական աղետներին՝ նշելով, որ ՀՀ կրթական համակարգն այդ առումով կարողությունների զարգացման խնդիր ունի՝ հետազոտելու, տվյալները վերլուծելու և հնարավոր աղետների բացասական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ ավելի արդյունավետ քաղաքականություն վարելու առումով:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է այլընտրանքային էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի ստացման ուղղությամբ քննարկումներն ու գիտական հետազոտությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև HELMHOLTZ ընկերության հնարավոր ներկայությանն ակադեմիական քաղաքում:

Գերմանական կողմն առաջարկել է ամառային դպրոցների փոխանակման ծրագրերի անցկացում՝ երիտասարդ հետազոտողների և գիտնականների ներգրավմամբ:

Նշենք, որ ներկայում իրականացվում է համատեղ ծրագիր՝ հայ-գերմանական գիտական դրամաշնորհների և հետազոտությունների շրջանակում, և առկա է բավականին հաջող համագործակցություն տարբեր ուղղություններով:

Հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրաունհոֆեր Fraunhofer ինստիտուտի, Piranha Arts արթս ստեղծագործական ընկերության ներկայացուցիչների հետ:

Fraunhofer ինստիտուտի ներկայացուցիչ Բերթրամ Նիկոլայի հետ քննարկվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես՝ գերմանական կողմը հետաքրքրված է Մատենադարանում Fraunhofer ինստիտուտի կենտրոն կամ լաբորատորիա ստեղծելու և ձեռագրերի թվային վերականգնման հնարավորությամբ, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ:

Piranha Arts անկախ ստեղծագործական ընկերության և WOMEX – Worldwide Music Expo երաժշտական ցուցահանդես-փառատոնի ղեկավար կազմերի հետ քննարկվել է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը:

Piranha Arts ընկերության պատասխանատուները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ նախորդ տարի Իսպանիայում իրենց կազմակերպած «WOMEX 23» փառատոնի շրջանակում շուրջ 50-60 համերգներ և երաժշտական միջոցառումներ են անցկացվել: Ի թիվս 105 երկրների շուրջ 2750 պրոֆեսիոնալ երաժիշտների՝  «WOMEX-23»-ին մասնակցել են նաև Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիան, Հայաստանի պետական ջազ – նվագախումբը, «Հող Արթուն» խումբը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նմանօրինակ մասշտաբային հարթակում հայկական երաժշտական արվեստը ներկայացնելու հնարավորությունն ու պատրաստակամություն հայտնել Հայաստանում ընդունել «WOMEX»-ի ներկայացուցիչներին՝ համագործակցության շրջանակը քննարկելու համար: 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930