Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մոդուլն այսուհետ կընդգրկվի ՀՀ մարզերի դպրոցների ուսումնական ծրագրում

Հունիս 21,2024 15:37

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ուսումնական մոդուլ են մշակել դպրոցների համար, որը կօգնի բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿԶարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում:

«ՀՀ սահմանամերձ համայնքներում առկա ականներով և պայթուցիկ զինամթերքներով աղտոտված տարածքներն անմիջական վտանգ են ներկայացնում տեղի բնակչության կյանքի և առողջության համար՝ խոչընդոտելով բնականոն կենսագործունեության և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Հատկապես վտանգված են այդ համայնքներում բնակվող երեխաները` պայթուցիկ զինամթերքների մասին իրենց բնորոշ հետաքրքրասիրության պատճառով»,- նշել է «ՀԱՓԿ»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը: «Անվտանգության կանոնների մասին ցածր իրազեկվածությունը, ոչ ճիշտ վարքագծի դրսևորումը, չմտածված ռիսկային քայլերը, հավանական և իրական սպառնալիքներ են հանդիսանում և, հետևաբար, հանգեցնում են դժբախտ պատահարների: Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ներառումը դպրոցական համակարգում և ուսումնական ծրագրում ռազմավարություն է, որի նպատակն է կրթել մեծ թվով երեխաների և երիտասարդների՝ ապահովելով երկարաժամկետ ազդեցություն և նպաստելով անվտանգ վարքագծի ձևավորմանը նրանց շրջանում»։  

2023 թվականի դեկտեմբերին «ՀԱՓԿ»-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հատուկ փորձագետների աշխատանքային խումբ ձևավորեցին՝ դպրոցների ուսուցիչների համար անվտանգ վարքագծի կանոնների ուսուցման մեթոդաբանություն և մանկավարժների համար հատուկ ուղեցույց մշակելու համար։ 2024 թվականի գարնանը «ՀԱՓԿ» հրահանգիչները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 48 մանկավարժների համար կազմակերպեցին «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստում» թեմայով դասընթաց, որի արդյունքում ուսուցիչները «ՀԱՓԿ» կողմից հավաստագրվեցին և այսուհետ կարող են իրենց դպրոցներում անցկացնել ՊԶՎԻ դասընթացներ։

«Բնակավայրերում պայթուցիկ զինամթերքի առկայությունն իրական վտանգ է ներկայացնում երեխաների անվտանգության, կրթության և առողջության իրավունքների տեսանկյունից: Պայթյուններից փրկված անձինք, այդ թվում նրանք, ովքեր ֆիզիկական վնասվածքներ չեն ստացել, հաճախ տարատեսակ հոգեբանական տրավմաներ են ունենում ուղեկցվող խանգարումներով, ինչպիսիք են մշտական ​​վախը, ծանր սթրեսը, քնելու խանգարումները կամ կենտրոնանալու դժվարությունը: Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման ուսուցումը կարևոր միջոց է՝ հնարավոր զոհերը կանխելու, ինչպես նաև երեխաների և դեռահասների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար, ովքեր առավել խոցելի են համապատասխան գիտելիքների պակասի և բնական հետաքրքրասիրության պատճառով»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ապավինելով պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասին միջազգային իր փորձին, հանձնառու է շարունակելու աջակցությունը տեղական կարողությունների ամրապնդմանը և խրախուսելու համապատասխան մոդուլների ընդգրկումը ուսուցիչների և երեխաների հետ աշխատող այլ մասնագետների նախնական և ընթացիկ վերապատրաստման ուսումնական ծրագրերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստակամ է աջակցելու ՊԶՎԻ-ի գործողությունների ընդլայնմանը՝ նպատակ ունենալով ապահովել իրազեկվածություն երկրի ողջ տարածքում՝ բնակչության, հատկապես՝ երեխաների, դեռահասների և նրանց խնամակալների շրջանում:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930