Հատուկ ջոկատայիններն այսօր կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ առգրավել Արցախի հանրապետության նախագահին սպասարկող ծառայողական մեքենան:
«Մեզ ո՛չ մեքենան առգրավելու որոշում են ցուցադրել, ո՛չ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցույց տվել: Ո՛չ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ո՛չ դատարանի որոշում են ցույց տվել, ո՛չ մեզնից թույլտվություն են հարցրել Արցախի հանրապետության ներկայացուցչություն մուտք գործելու համար»,- լրագրողներին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:
Ըստ փաստաբանի, պարզապես քննիչը ներկայացել է ներկայացուցչության ներսում եղած անձին, եւ վերջինիս կողմից ներս է հրավիրվել ու առանց տեղեկացնելու, թե ինչ են պատրաստվում անել, սկսել են իրենց աշխատանքը. «Այսպես ասած՝ խաբելով մուտք են գործել ներկայացուցչություն եւ տեղեկանալով, որ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, այն բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են հատուկ ջոկատայիններին ու պարեկային ծառայողներին ու սկսել են ձեռնարկել այդ գործողությունը»:
Կարդացեք նաև
Փաստաբանը նկատեց, որ քննիչը հեռացավ, իսկ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ արձանագրությանը, կամ այն ստորագրել:
Լրագրողների դիտարկմանը, թե մեքենայի հետեւից եկած իրավապահները հայտնել են, որ իրենք ունեն իրենց սկսած գործողությունների համար համապատասխան որոշում, Ռոման Երիցյանն այսպես արձագանքեց. «Քանի դեռ այդ որոշմանը չենք ծանոթացել, այն որեւէ իրավական ուժ չունի ու այդ որոշումը չի կարող հետեւանք հանգեցնել, կոնկրետ իր իրենց գործողությունները իրավաչափ համարել: Իսկ միգուցե մենք ծանոթանում էինք այդ որոշման հետ ու հասկանալով որոշման իրավաչափությունը՝ դարպասները բացո՞ւմ էինք, իրենք տանում էին, ինչի՞ համար էր պետք այս գործողությունները ձեռնարկել»:
Ռոման Երիցյանը նաեւ հայտնեց, թե իրենց հայտնի չէ՝ ինչ քրեական վարույթի շրջանակում է մեքենան առգրավվել կամ ինչ կապ ունի այդ մեքենան տվյալ վարույթի հետ. «Երբ ես իմացել եմ՝ իրենք այստեղ են, դեռ դարպասները չէին կոտրել, առաջարկել եմ՝ սպասեն 7 րոպե մինչեւ գամ ու տեղում ծանոթանամ որոշման բովանդակությանը: Նույնիսկ հայտարարել եմ, որ որոշման բովանդակությանը ծանոթանալով՝ հնարավոր է անձամբ միջամտեմ, որ տեխնիկական ճանապարհով դարպասները բացվեն: Չեն ցանկացել սպասել, ցանկացել են իրենց ուժը ցույց տալ ու ցույց տալ, որ Արցախի հանրապետության ներկայացուցչությունը կամ այնտեղ գտնվող անձինք որեւէ նշանակություն իրենց համար չունեն»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին քննիչները կապարակնքել էին Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան:
Դեռ այդ ժամանակ էր փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր, որ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտից ՀՀ ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տարա՜վ, տարա՜վ, հա՛յը տարավ․․․ Չկա Արցախը, չկա նրանից մնացած այս մեկ մազն էլ ։
Տոյոտայի հու՞յսին էին մնացել։