Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է, որ Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը։ Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Արցախի թեմը շարունակում է գործել նոր պայմաններում։ Թեմի նորաստեղծ գրասենյակը թույլ կտա ամենուր բարձրաձայնել արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերը։
Ինչպես հայտնում է Dialogorg.ru պորտալը, գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։ Դրանք կարող են քննարկման առարկա հանդիսանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հարաբերություններում։ Այդ շարքում, մասնավորաբար, կարող են լինել Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, Արցախից բռնի տեղահանվածների ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը և հայրենիք նրանց վերադարձի հնարավոր ուղիները։
Գրասենյակի ղեկավարն է Արցախի պատմա-երկրաբանական պետական թանգարանի նախկին տնօրեն Մելանյա Բալայանը։ Արցախի մշակույթի, երիտասարդության և տուրիզմի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կոչված է համակարգելու պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ծրագրերը, իսկ միջազգային համագործակցության ծրագրերի համակարգումը վստահված է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։
Հուլիսի 1-ից գրասենյակի աշխատակազմը կտեղավորվի մնայուն հասցեում, իսկ գրասենյակի դռներն ել բաց են լինելու հայրենակիցների առջև։