Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ԵՄ ինտեգրացիան կարող է լինել խաղաղության երաշխիքը, ոչ թե Արցախ վերադառնալու երաշխիքը, դա սուտ է»․ Արեգ Քոչինյան

Հունիս 21,2024 13:55

«Հայաստանի ԵՄ անդամակցության պրոցեսը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորմանը հակադրելը համարում եմ ռազմավարական սխալ։ Ըստ իս՝ մենք այստեղ պետք է տեսնենք սիներգիա, ես մի կողմից բացառում եմ ՀՀ ԵՄ անդամակցությունը՝ առանց հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման։ Մյուս կողմից, ես կհավելեմ, որ այն երաշխիքը, որի մասին մենք շատ հաճախ մեր ներքին քննարկումների ժամանակ խոսում ենք, թե՝ այ հիմա մենք գնանք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, հիմա գնանք Թուրքիայի հետ սահմանը բացենք, բայց ո՞րն է երաշխիքը, որ իրենք վաղը այդ ամենը չեն անտեսելու եւ հանդես չեն գալու նոր պահանջներով, այդ երաշխիքը կարող է դառնալ հենց Հայաստանի ԵՄ անդամակցությունը։ Բայց ուզում եմ շեշտել՝ այդ երաշխիքը կլինի խաղաղության երաշխիքը, ոչ թե այս ստատուս քվոյի երաշխիքը կամ, ինչպես հնչում են այդպիսի մտքեր, Արցախ վերադառնալու երաշխիքը։ Չկա նման բան, դա սուտ է»,- «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

Նա նշեց, որ այս գործընթացում պետք է պայքարելու, աշխատելու, ընտրվելու ունակ իրատեսական արեւմտամետ ընդդիմություն ձեւավորվի։ «Այս պահի դրությամբ մենք եկել հասել ենք մի հանգրվանի, երբ քաղաքական համակարգը պարզապես չի գնալու առաջ, չի զարգանալու՝ առանց այս ընդդիմության առաջացման։ Եթե դա տեղի չունենա, 2026-ին մենք ունենալու ենք նույն խորհրդարանը, որն ունենք այսօր, այսինքն՝ խորհրդարան ոչ մի բանի մասին»,- ասաց Քոչինյանը։

Լսումները նախագահող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը նկատողություն արեց Արեգ Քոչինյանին․ «Պարոն Քոչինյան, ամեն դեպքում ՀՀ խորհրդարանը ներկայացնում է ՀՀ ժողովրդին եւ ընտրվել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով։ Ասել, որ խորհրդարանը ոչ մի բանի մասին է, իմ կարծիքով, վիրավորական է նաեւ այն ժողովրդի նկատմամբ, որն ընտրել է այդ խորհրդարանը։ Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, եվրոպական արժեքներից, եւ հանկարծ այդպիսի գնահատական, ինձ թվում է՝ սիրուն չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930