Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանն այսօր խորհրդարանում դիմելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին՝ ասաց՝ չեն եկել տրամադրություն ստեղծելու՝ մենք սա ենք ուզում, ՔՊ-ն դա չի ուզում։ Բայց հարցեր կան, որոնց պատասխաններն ինքն ակնկալում է իշխանությունից։ Գլխավոր հարցն է՝ ՀՀ-ում կա՞, թե չկա՞ ԵՄ-ում ապրելու որոշում, քանի որ ինքը 2013-ի սեպտեմբերի 3-ի կրկնության վտանգ զգում է։ Խոսքը՝ ՀՀ-ին, Մաքսային միությանն անդամակցելու մասին է։
Այսօր խորհրդարանում հրավիրվել էին լսումներ՝ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։
«Այդ իշխանությունները մենք ենք ձեւավորում եւ ակնկալում ենք, որ այդ իշխանությունն օրակարգ ձեւավորելիս լսելու է մեր ձայնը»,- Արման Եղոյանին դիմեց Էդգար Խաչատրյանը՝ հակադարձելով նախորդիվ, նրա այն դիտարկմանը, որ՝ «․․․Եվ, ընդհանրապես, ձեր առաջարկն, ինքնին, հնարավոր է դարձել նրա շնորհիվ, այդ դիսկուրսը, ընդհանրապես, մտել է Հայաստանի քաղաքական օրակարգ Հայաստանի հանրապետության գործող իշխանությունների գործողությունների շնորհիվ: Որ դուք երեկ ձեր հավաքի ժամանակ ասում էիք ՔՊ-ն դանդաղեցնում է Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրումը, այն փուլում, որ մենք հիմա հասել ենք այս վեց տարիների ընթացքում, դա այս իշխանությունների շնորհիվ է տեղի ունեցել: 5 տարի առաջ, 6 տարի առաջ, նույնիսկ մեկ տարի առաջ նման ելույթ դուք չէիք կարող ունենալ, որովհետև դրա պայմանները չկային:։
Էդգար Խաչատրյանը նաեւ հայտարարեց՝ կարեւոր է, որ իշխանությունը հետեւի հասարակության թրենդներին, ոչ թե հասարակությունը հարմարվի իշխանության ցանկություններին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, որ երեկ Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ