«Որպեսզի պատկերավոր լինի, ուզում եմ հիշեցնել: Հիշո՞ւմ եք այս կալոշը: Սա խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում: Այս տոքսիկ, այս թունավոր միջավայրում մեզ ազատում է պետք, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, սա պիտի ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,- այսօր խորհրդարանում հրավիրված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ամբիոնից կրկնակոշիկ՝ «կալոշ» ցույց տալով ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Հույս ունեմ, որ մենք հենց այդպես էլ և դրա շուրջ հիմնական քննարկում ենք ծավալում: Ժամանակն է վճռական գործողությունների, սա իրապես մեզ համար կենսական գոյաբանական հարց է: Շնորհակալ եմ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովին այս միջոցառումը կազմակերպելու համար: Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ այս դրոշի ներքո անցկացնել այս քննարկումները, կարծում եմ շատ ավելի գեղեցիկ և պատկերավոր կլինի: Սա էլ «կալոշը»,- շարունակեց Արման Բաբաջանյանը՝ ԵՄ դրոշը կախելով ԱԺ ամբիոնին, վրան էլ կրկնակոշիկ դնելով:
«Պարոն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, ժամանակի հետ կապված չէ, այլ ավելի բովանդակային, լոզունգային: Դուք Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի հանրապետության դրոշը պետք է լինի, մնացածը արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքը պետք է լինի: Ես չեմ ասում Հայաստանի Հանրապետության դրոշը չկա, խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է: Այս քննարկումը տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ Հայաստանի հանրապետության իշխանությունն ընդառաջել է ձեր առաջարկին: Եվ, ընդհանրապես, ձեր առաջարկն, ինքնին, հնարավոր է դարձել նրա շնորհիվ, այդ դիսկուրսը, ընդհանրապես, մտել է Հայաստանի քաղաքական օրակարգ Հայաստանի հանրապետության գործող իշխանությունների գործողությունների շնորհիվ: Որ դուք երեկ ձեր հավաքի ժամանակ ասում էիք՝ ՔՊ-ն դանդաղեցնում է Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրումը, այն փուլում, որ մենք հիմա հասել ենք այս վեց տարիների ընթացքում, դա այս իշխանությունների շնորհիվ է տեղի ունեցել: 5 տարի առաջ, 6 տարի առաջ, նույնիսկ մեկ տարի առաջ նման ելույթ դուք չէիք կարող ունենալ, որովհետև դրա պայմանները չկային: Այդ պայմանները ստեղծվել են, դուք հիմա եկել ասում եք` փողոցում ռուսական դրոշ կա: Փողոցում շատ բան կա: Սա փողոց չէ, սա Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճն է»,- հակադարձեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Կարդացեք նաև
Դահլիճից նույնպես հայտարարություններ հնչեցին, ինչին ի պատասխան, Արման Եղոյանը շարունակեց․ «Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որը, իմ կարծիքով, կարող էր և չլինել, համենայն դեպս, բովանդակություն չմտցրեց մեր խոսակցության մեջ, իսկ ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն, եթե ցանկանում եք ավելի ինտերակտիվ խոսակցություն, եթե ցանկանում եք բանավեճ, ես որևէ խնդիր չունեմ: Բայց ես համոզված չեմ, որ իմ բարձրացրած հարցերին դուք կկարողանաք պատասխանել: Ցանկանո՞ւմ եք ավելի ինտերակտիվ, ցանկանո՞ւմ եք ավելի բովանդակային, ցանկանո՞ւմ եք ավելի սպարինգային, խնդիր չկա: Ձեզ դա պե՞տք է: Դրոշի հետ էլ պրոբլեմ չկա, երկու հատ էլ ես կարող եմ բերել: Բայց մենք անում եք բովանդակային քննարկում լուծում գտնելու համա՞ր, թե մենք սիմվոլիզմ ենք ապահովում քննարկման»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Ժողովրդավարական ուժերի հարթակը երեկ համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։
Այսօր խորհրդարանական լսումներ են՝ նույն թեմայով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ