Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ անշնորհակալ գործ է քաղաքական գործիչներին անտրամաբանական հայտարարությունների կամ սուտ խոսելու համար քննադատություններ ու մեղադրանքներ հնչեցնելը, բայց լռելն էլ սխալ է

Հունիս 21,2024 12:38

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցները, որոնց փոքրաթիվ լինելու հանգամանքը մտահոգել էր երկրի ղեկավարին։

Հենց այդ մտահոգության ազդեցության տակ էլ մեր տաղանդաշատ վարչապետը հիշեց վերջերս իրեն մտատանջող մի շատ կարևոր միտք ու «Մեծ նշանակություն տալով թվաբանությանը» հանճարեղ մի հարց հնչեցրեց, ի դեպ, պատասխանն էլ հետը հնչեցրեց, նա ասաց․ «Էս վերջերս իմ մոտ մի հարց ծագեց, որ անընդհատ գրում ենք տասը միլիոն հայ, տասը միլիոն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը, համոզված եմ, որ չկա»։

Դե եթե չկա, բայց դա շատ արդիական հարց է, ապա ենթադրելի է, որ շուտով ՀՀ կառավարությունը կլծվի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների հաշվառման հույժ կարևոր գործին, հավանաբար՝ «հատ հատ, կոպեկ առ կոպեկ», ինչը շատ հետաքրքիր կլինի նաև մեր հարևան երկրներին, բա չիմանա՞ն մարդիկ, ինչ ռեսուրսների են տիրապետում իրենց բարեկամ հայերը։

Նկատի ունենալով, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության (ՔՊԿ) առաջնորդի գործողությունները իրականացվում են դեռևս անհասկանալի տրամաբանական հաջորդականությամբ, ապա կարծում եմ, որ այս ազգասիրական հարցադրմանը նախորդած մեկ այլ պատմական հարցադրում առ այն, թե կա՞ արդյոք ցուցակ, որտեղ նշված լինեն Հայոց Ցեղասպանության զոհերի անունները, արդեն իսկ բավարարված է, այսինքն, ենթադրելի է, որ ՔՊԿ արդեն իսկ ունի 1915 թվականի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների անուն ազգանուն հայրանունները, ծննդյան թվականները, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեներն ու նրանց բանկային հաշիվների տվյալները։ Ենթադրում եմ, բայց կարող եմ սխալվել, որովհետև այդ տվյալները դեռ չեն հրապարակվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում։

Ընդհանրապես շատ անշնորհակալ գործ է քաղաքական գործիչներին անտրամաբանական հայտարարությունների կամ սուտ խոսելու համար քննադատություններ ու մեղադրանքներ հնչեցնելը, բայց լռելն էլ սխալ է։ Արդեն մի քանի դասական ու ոչ այնքան դասական քաղաքական գործիչներ, ոմանք պատերի տակ, ոմանք սրճարաններում, ոմանք էլ զանգվածային լրատվամիջոցներով հայտարարել են, որ իրենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը անձնապես կամ թիմային աջակցություն չեն ցուցաբերել, որովհետև ինչ-ինչ հարցերում ընդհանուր համաձայնության չեն եկել շարժման առաջնորդների հետ, կամ որոշ մտավախություններ են ունեցել, կամ լռել են՝ չուզենալով վնասել շարժմանը և այլն։

Կարծում եմ, որ այդ քաղաքական գործիչները այնքան էլ ազնիվ չեն իրենց բացատրություններում, ես հակված եմ մտածելու, որ ոչ մի մտավախություն ու ոչ մի մտահոգություն էլ նրանք չունեին. միակ հասկանալի զգացումը, որ նրանք կարող էին ունենալ «Սրբազան շարժման» հանդեպ, դա նրանց քաղաքական խանդն էր, այն էլ եթե հավատանք նրանց ընդդիմադիր կեցվածքի ազնվությանը։

Շարժման քայլերում ես էլ եմ թերություններ նկատել Մայիսի 9-ի մեծ հանրահավաքի օրվանից սկսած և գրել եմ դրա մասին։ Հետո էլ չեմ լռել, երբ ինչ որ բացթողում եմ նկատել, հիմա առավել ևս կարող եմ քննադատել, բայց հիմա արդեն իմաստ չունի։ Շարժման ակտիվ փուլի ժամանակ էր պետք ասել՝ առաջնորդներին սթափեցնելու ու զգաստացնելու համար, գործընթացներին ավելի լուրջ վերաբերվելու համար։

Ուստի հարգելի ընդդիմադիր առաջնորդներ, «անվտանգ» լռելու փոխարեն ձեր հորդորներով ու կոչերով, նաև փափուկ քննադատություններով ու դիտողություններով պետք էր աջակցել, ոչ թէ սպասեիք, որ հետո ասեիք, թե դուք ճիշտ եք։ Պատասխանեք մի շատ պարզ հարցի, ինչու՞ ընդդիմադիր քաղաքական դաշտը հանձնեցիք հոգևորականին։ Հայաստանում գործող խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի յուրաքանչյուր առաջնորդից այս հարցին ազնիվ պատասխան եմ ակնկալում։ Ժողովուրդը այլ հարցերի կողքին այս հարցի պատասխանին էլ է սպասում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Արցախցիները խակ ընկույզի փափուկ միջուկին ասում են “խլինք”։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Նախորդ մեկնաբանությունս արեցի վերջին վիդեոյի ազդեցության տակ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930