Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ երբվանի՞ց ՀՀ ԱԳՆ-ն հասկացավ, որ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների։ Եթե այդպես է, ինչո՞ւ մսխեցիք մեր պաշտպանական պոտենցիալը. Վիտալի Մանգասարյան. «Հրապարակ»

Հունիս 21,2024 10:49

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր համար բացահայտում է հեծանվասպորտի հաճույքները, նրա ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ նոր պատերազմ է գուժում, անգամ կոնկրետ ժամկետ նշելով՝ նոյեմբեր։

Պատերազմի ռեալ վտանգի մասին խոսում է նաեւ ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը։ Ասում է՝ իրենք ամենօրյա ռեժիմով հետեւում են Ադրբեջանի ներքաղաքական ու ռազմաքաղաքական իրադարձություններին ու բազմիցս են անդրադարձել նրան, որ Ադրբեջանի գործողություններն ու պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները վկայում են՝ այդ երկիրը չի պատրաստվում խաղաղության, պատրաստվում է հերթական խոշոր ռազմական գործողություններին։

«2020թ․ պատերազմից հետո, տարեկան մոտ 7-8, անգամ 10 զորավարժություն են իրականացնում՝ ներգրավելով թե՛ հատուկ նշանակության ուժեր, թե՛ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։ Ներգրավում են իրենց ՄՈԲ ռեսուրսը։ Համադրելով այս փաստերն ու հետեւելով Բաքվի պաշտոնական խոսույթին՝ դժվար չէ գալ այն եզրահանգմանը, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական խոշոր բախմանը։ Երբ մեր ԱԳՆ-ն հղում է անում ինչ-որ կենտրոնների վերլուծություններին, ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց ՀՀ ԱԳՆ-ն հասկացավ, որ Ադրբեջանը գնում է հենց այդ ճանապարհով եւ պատրաստվում է մարտական գործողությունների։ Եթե նման գործողությունների է պատրաստվում, ինչո՞ւ են պաշտոնական մակարդակով խոսում խաղաղության մասին, դեմարկացիա-դելիմիտացիայի, ռիսկերի նվազեցման մասին»,- հարցնում է մասնագետն ու շեշտում, որ, փաստացի, ՀՀ իշխանությունն ամբողջությամբ ավիրեց Տավուշի ուղղությամբ մեր ամենապաշտպանված բնագիծը, ու հիմա ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ նոյեմբեր ամսին հնարավոր է Ադրբեջանը մեզ վրա հարձակվի։

«Եթե այդպես է, ինչո՞ւ մսխեցիք մեր պաշտպանական պոտենցիալը, որ մարտական գործողություններ իրականացնելն ավելի՞ հեշտ լինի։ Այդ գործընթացից Հայաստանը ոչ մի շահեկան բան չստացավ, ու եթե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ռիսկերի նվազեցման մասին, ԱԳՆ-ն փաստացի խոսում է այն մասին, որ այդ ռիսկերը ոչ միայն չեն նվազել, մի բան էլ մեծացել են»,- արձանագրում է ռազմական փորձագետն ու հնչեցնում մյուս հարցը՝ այդ վտանգներին դիմակայելու համար Հայաստանն ի՞նչ հակազդող գործողություններ պետք է իրականացնի եւ իրականացնո՞ւմ է արդյոք։ Մասնագետը որեւէ տեսանելի քայլ չի տեսնում եւ շեշտում է, որ Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությանը համարժեք կլիներ ինտենսիվ զորավարժությունների անցկացումը՝ ներգրավելով ոչ միայն ՄՈԲ ռեսուրսն ու տարբեր ստորաբաժանումներ, այլեւ այն զինտեխնիկան, որի ձեռքբերման մասին վերջին շրջանում շարունակ խոսում է իշխանությունը։

«Այդ զինտեխնիկան ինտեգրելու եւ ներդաշնակեցնելու լուրջ խնդիր ունենք, արդյո՞ք այդ ամենը կատարվում է, եթե ԱԳՆ-ն խոսում է, որ ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել»,- եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930