«Հաղորդում ներկայացնողը հանդես է գալիս տեղեկություն տրամադրողի դերում»
Հունիսի 18-ին ավարտվեց Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն մինչ երեկ դուրս չէր եկել, որոշումը հրապարակված չէ:
Ըստ արդարադատության նախարարության՝ վարույթ հարուցող մարմնի, դատավորը խնդրել էր կարճել իր գործը, քանի որ նախկինում արդեն իսկ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել: Մայիսի 22-ին նախարարը միջնորդություն էր ուղարկել ԲԴԽ՝ խնդրել էր բավարարել:
Կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու հիմքում դրվել էր 2023 թվականին «Փաստերի ստուգման հարթակի» համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը՝ ուղղված ԱՆ-ին: «Փաստերի ստուգման հարթակում» տպագրվել էր հոդված, որում ասվում էր, որ դատավորը հարյուրից ավելի գործերով դատական ակտը ուշացրել է:
Կարդացեք նաև
Ի դեպ, ԲԴԽ նիստին հնչեց հաղորդում տվողի՝ շահագրգիռ լինելու մասին հարց, թե որ գործով է «անցել» հաղորդում տվողը: ԱՆ ներկայացուցիչն ասաց. «Հաղորդում ներկայացնողը հանդես է գալիս տեղեկություն տրամադրողի դերում»:
Հիշեցնեմ, որ 2022թ. նոյեմբերի 24-ին դատավոր Ստեփանյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության՝ նկատողություն հայտարարվեց:
Այդ ժամանակ էլ արդարադատության նախարարը միջնորդությամբ հայտնել էր, որ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, դրա օրինակը հայցվորին տրամադրել է 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2024