Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ու Մոսկվան` ընդդեմ Երեւան-Փարիզ համագործակցության խորացման

Հունիս 21,2024 12:00

Միջազգային հանրությունը ստիպելո՞ւ է Ադրբեջանին հրաժարվել Հայաստանին ծնկի բերելու իր քաղաքականությունից

Ֆրանսիան ամրապնդում է պաշտպանական  հարաբերությունները Հայաստանի հետ

Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա, որտեղ նախ մասնակցեցին EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այնուհետեւ Պապիկյանը հանդիպեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարեւորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նախարարի այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի եւ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջեւ կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Հայաստանն ու Ֆրանսիան անցյալ տարվա աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ եւ հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը՝ գիշերային տեսողության հեռադիտակները, այդ նույն օրն ասաց՝ սպասվում են «Բաստիոն» զրահամեքենաներ։

Փարիզը հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս.ս Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել էր, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ եւ՛ բնակչության, եւ՛ սահմանների պաշտպանությունը։

Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիայում, Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո, X-ի իր էջում գրեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Նա նշել է, որ ջերմ եւ արդյունավետ երկխոսություն է ունեցել Պապիկյանի հետ, ինչպես նաեւ կնքվել է Caesar-ի ձեռքբերման պայմանագիրը։ Լըկորնյուն սա կարեւոր իրադարձություն էր որակել։ Caesar-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների ուսումնասիրության հարցը:

Նկատենք, որ առայժմ հստակ հայտնի չէ, թե Հայաստանը երբ կստանա Caesar-ներ, քանի որ դրանց արտադրությունը բավական երկար ժամանակ է պահանջում, չհաշված գնորդ երկրների (Ուկրաինա, Չեխիա, Դանիա եւ այլ), այսպես ասած` հերթի մեջ սպասելու հանգամանքը:

Հրետանային համակարգերի գնման հայ-ֆրանսիական պայմանագրից երկու օր անց «Ֆիգարոն» (Le Figaro)՝ վկայակոչելով գործարքից քաջատեղյակ իր աղբյուրները հայտնեց, որ Ֆրանսիան 36 հաուբից է մատակարարելու Հայաստանին: Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի փոխխմբագիրն էլ X-ում գրել է, թե հաուբիցները Երեւան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։

Սակայն այս գործարքն, իսկապես, քաղաքական կարեւոր քայլ է, որով պաշտոնական Փարիզը ընդգծեց, որ չնայած Փաշինյանի որոշակի անորոշ կեցվածքը, շարունակում է Երեւանի հետ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի անվտանգային հարցերով իր հայանպաստ քաղաքականությունը: Այսինքն, նաեւ պաշտոնական Երեւանի հետագա արտաքին քաղաքական քայլերից, աշխարհաքաղաքական կողմնորոշման որոշակիության հստակեցումից է կախված լինելու, թե որքան շուտ հայկական կողմը կստանա Caesar-ներ:

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, որի հետ քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին եւ հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: Պապիկյանը նրան ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը եւ այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:

Բաքվում եւ Մոսկվայում դարձյալ հիստերիա է

Պաշտոնական Բաքուն, ինչպես եւ սպասվում էր, դատապարտեց սպառազինության հայ-ֆրանսիական նոր գործարքը, հայտարարելով, թե Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարություն տարածեց, դրանում դատապարտելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցությունը, Երեւանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը. «Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր եւ հարձակողական հրետանի եւ այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է»։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը հարված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին», -իր հերթին հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռեւանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի,- նշել է Հաջիեւը՝ հավելելով,- Հայաստանն այն երկիրն է, որ Հարավային Կովկասում ագրեսիա եւ զավթում է իրականացրել։ Նման պետության զինումն անթույլատրելի է»։

Բաքվի դիրքորոշմանը ամբողջությամբ համահունչ հայ-ֆրանսիական գործարքից հրապարակային դժգոհեց նաեւ պաշտոնական Մոսկվան: Մոսկվա-Բաքու պաշտոնական մի քանի արձագանքները հիմք ընդունելով, տպավորություն է ստեղծվում, կարծես, Հայաստանի վերաբերյալ պաշտոնական-նույնական հայտարարությունները մշակվում են ՌԴ ԱԳՆ-ի` Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցով վարչությունում:

Ֆրանսիան հրահրում է էսկալացիայի հերթական փուլը Հարավային Կովկասում, դա հաստատում է Հայաստանին «CAESAR» հրետանային համակարգի մատակարարման պայմանագիրը, այս շաբաթվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Սա եւս մեկ քայլ էր։ Մենք խոսել ենք այս մասին, կրկին հաստատում ենք»,- նշել է Զախարովան՝ մեկնաբանելով Երեւանի եւ Փարիզի միջեւ համապատասխան պայմանագիրը։

Մոսկվա-Բաքու պաշտոնական հայտարարությունների այս նույնաբովանդակությունը այլեւս չպետք է որեւէ մեկին զարմացնի: Ռուսաստանում տարիներ շարունակ Ադրբեջանի շահերի սպասարկմամբ զբաղվող որոշ գործիչներ, օրինակ, արդեն հրապարակավ են ցույց տալիս, թե ովքեր են ՌԴ-ում իրենց «շրջապատը»: Սերգեյ Լավրովի` ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնում վերանշանակվելու օրը, մայիսի 12-ին, տխրահռչակ Իգոր Կորոտչենկոն իր տելեգրամյան ալիքում հրապարակեց իր լուսանկարը Լավրովի հետ` գրելով. «Իսկ մենք կշարունակենք օգնել Լավրովին` հետխորհրդային տարածքի վերաբերյալ վերլուծություններով»:

Ի դեպ, վերջերս ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ ամբիոնից զայրացած թղթեր էր թափահարում, մերկացնելով Իգոր Կորոտչենկոյին, որին այդ օրը վկայակոչել էին ՔՊ-ականները: «Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին, հասկանո՞ւմ եք, Հայաստանի եւ հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետեւ ինքը Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել: Ձեր համար կարեւոր չի, թե նա ինչ է վայրահաչել Հայաստանի վրա, դուք իր վրա հղում եք անում, որովհետեւ ձեր շահերը համընկնում են…», ասաց Ա. Խաչատրյանը:

Իսկ մեր ընդդիմադիրներին չի՞ անհանգստացնում փաստը, թե ովքեր են այսօրվա Ռուսաստանին «օգնում» այդ երկրի արտաքին քաղաքականության կառուցման հարցում` գոնե վերլուծական, քարոզչական ոլորտներում, կամ` ովքե՞ր են Կորոտչենկոների «տանիքը» ՌԴ-ում:

Հայաստանի իշխանությունների թույլ, հարմարվող արտաքին քաղաքականության արդյունքում, Հայաստանը շարունակում է բանակցությունները` «խաղաղության հաստատման» մի բռնապետական, Արցախի դեմք ագրեսիվ քաղաքականությունն արդարացնող երկրի ղեկավարության հետ, որ հարաբերական խաղաղության պայմաններում, փաստորեն, ձգտում է այժմ էլ Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկել` արգելելով զինվել: Մի երկիր, որը գիշեր-ցերեկ, շարունակում է զինվել ու հրապարակավ սպառնում է, որ պետք լինի` «կկանխի Հայաստանում գլուխ բարձրացնող ռեւանշիզմը», այսինքն` հարձակում կգործի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա:

Պաշտոնական Երեւանը սահմանափակվում է ԱԳՆ-ի մակարդակով Հայաստանին պարտությունների հերթական փուլը պարտադրող Բաքվի այս քաղաքականությանը պատասխանելով: ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 19-ին հայտարարեց, թե Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս եւ որ «մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»:

Հետո հարկ են համարել հիշեցնել, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. «Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: ՀՀ-ն հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: ՀՀ-ն այս մոտեցումը գործնականում ապացուցել է ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»:

Հետաքրքիր է, իսկ ՀՀ «տարածքային օկուպացիային» վերջ չդնելու Բաքվի քաղաքականության պայմաններում պաշտոնական Երեւանն ինչո՞ւ է շարունակում ընդունել Ալիեւի նորանոր պահանջները: Ավելին, ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, եթե ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով արձանագրվում է հետեւյալը. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»: Այնուհետեւ, միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում. «այս, ինչպես նաեւ այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:

Եվ ի՞նչ, միջազգային հանրությունը ստիպելո՞ւ է Ադրբեջանին հրաժարվել Հայաստանին ծնկի բերելու իր քաղաքականությունից: Դա Ալիեւի գիծն է` 44-օրյա պատերազմից հետո, որի մասին հայտարարվել է բաց, պարզ, մատչելի լեզվով: Ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը փորձել կանխել այդ քաղաքականությունը… «Խաղաղության» օրակարգո՞վ: Իսկ արդյունքը` ունենք այն, ինչ ունենք:

Ֆրանսիացի գործիչները Մակրոնին խնդրում են զինված ուժեր ուղարկել Հայաստան

Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք եւ քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, օրերս հայտնեց «Le Point»-ը։ Մակրոնին ուղղված կոչը ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան եւ այլք։

Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։ Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատեւման խնդրին։ «Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության եւ հումանիտար, քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։ Շնորհակալություն ենք հայտնում պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։

Նշվում է, սակայն, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի վարչակազմի հանցավոր նախագծերին դիմակայելու համար։ «Վայելելով ռազմական առավելությունը, որը ձեռք է բերվել հատկապես իր գազի եւ նավթի եկամուտների եւ թուրքական պետության աջակցության շնորհիվ, Ադրբեջանն ավելի քան երբեւէ գայթակղված է ռազմական էսկալացիայի տարբերակով։ Դա սարսափելի ձախողում կլինի մարդկության, հետեւաբար՝ նաեւ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ բոլոր տերությունների համար, որոնք աշխատում են հարգելու միջազգային իրավունքը եւ ուժի նկատմամբ արդարության հաղթանակը»,- նշվեց նամակում:

Մակրոնին գործիչները խնդրում են կանխել վտանգը, քանի դեռ ուշ չէ, ժամանակ կա. «Ահա թե ինչու մենք այս տողերում խնդրում ենք ֆրանսիական ռազմական ուժ ուղարկել այս քույր ազգին: Խաղաղության կոնտինգենտը, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի զսպել նրանց, ովքեր կմտածեն Հայաստանի վրա հարձակվելու մասին: Մեր բանակն արդեն մի շարք երկրներում խաղաղապահ առաքելություն է կատարել՝ նպաստելով մարդասիրական գործողություններին»։

Պաշտոնական Երեւանին խոչընդոտո՞ւմ է անվտանգային այլ համակարգում ձեւականորեն գտնվելը, Հայաստան-Ռուսաստան պայմանագրերի չգործելու պայմաններում ընդունել Փարիզից նման քայլը: Չի խոչընդոտում: Հետեւաբար, ինչո՞ւ մինչ այժմ Փաշինյանի իշխանությունը չի լուծել այս խնդիրը, ինչո՞ւ են չնկատելու տալիս Փարիզից եկող այս ազդակները:

Ի դեպ, հայ-ֆրանսիական ռազմական ոլորտի համագործակցության արդյունքում, արդեն որերորդ անգամ համոզվում ենք, որ այդ փաստից դժգոհ են` Բաքուն` Անկարայի հետ միասին, բնականաբար` Մոսկվան, եւ Հայաստանում ռուսական շահերը սպասարկող տարբեր գործիչներ, փորձագետներ, որոնք իրենց համարում են ընդդիմադիր, սակայն գիշեր-ցերեկ «ահազանգելով» Փաշինյանի` «դեպի Արեւմուտք թեքվելու կուրսի» մասին, ըստ էության, դեմ են հանդես գալիս Արեւմուտքի, կոնկրետ այս դեպքում, ընդդեմ ԵՄ անդամ միջուկային պետության` Ֆրանսիայի հետ ձեռքբերված գործարքների: Փաստորեն, Հայաստանում գոյություն ունեն, ապրում ու գործում են քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք դեմ են, որ Հայաստանը զինվի, պաշտպանական զենք ստանա, ինչպես դա չեն ցանկանում Ալիեւն ու Էրդողանը:

Այսինքն, ի՞նչ են առաջարկում այս մարդիկ… Ռուսաստանը չի ցանկանում զինել Հայաստանին, քանի որ այդպես է խոստացել Ալիեւին ու Էրդողանին, ու այս պայմաններում, օրինակ, Ֆրանսիայի հետ պայմանավորվածություններ ձեռք չբերվե՞ն, որպեսզի Հայաստանը շարունակի հարաբերական խաղաղության պայմաններում կապիտուլյացիան` շարունակական պարտություններ արձանագրելով, որպեսզի այդ փաստից գոհ մնա՞ն Ալիեւը, Էրդողանն ու Պուտինը…

Ընդհակառակը, Հայաստան պետությունը պետք է ցույց տա բոլորին` ե՛ւ բարեկամ, ե՛ւ թշնամի պետություններին, որ չի ծնկելու: Այս հարցում Հայաստանի ոչ իշխանական դաշտը, տարբեր տրամաչափի գործիչներով ու փորձագետներով, չպետք է առաջնորդվեն արտաքին ուժերին դուր գալու անհասկանալի կեցվածքով: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ընդդիմադիրները իշխանությանը մեղադրում են «դեպի Արեւմուտք» գնալու մեջ, իրականում, սակայն, նրանք բացառապես այս գծին են դեմ, նրանք` Հայաստանը դեպի Ռուսաստան «վերադարձնելու» պլանն են ընդամենը ցանկանում իրագործել` Փաշինյանի հեռացմամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930