Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատե եմ արել, թողել դիակի կողքը»

Հունիս 21,2024 13:30

Ծանր քրեական գործով նոր մանրամասներ

Հուլիսի 9-ին, ժամը 16։00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, Շենգավիթ նստավայրում կշարունակվի Նարեկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու եւ՝ առանձին դաժանությամբ սպանության համար (երեխայի աչքի առաջ է տեղի ունեցել): Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ին գործողության մեջ դրված նոր ՀՀ քրեական օրենսգրքում Նարեկ Սարգսյանի արարքի իրավական գնահատականը համապատասխանեցվել է 155 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Ըստ պաշտպան Աննա Ծառուկյանի՝ «Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքով, որը ապաքրեականացվել է: Հետեւաբար, չկա օրենք, չկա հանցագործություն»:

Ըստ մեղադրանքի կողմի, սպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին, տուժողը նախկին կինն է՝ Տաթեւիկ Աբրահամյանը:

17.04.23 թվականին մեղադրանքը հաստատվել է, ուղարկվել դատարան, դատաքննությունը լրացնելու փուլում են:

Դատարանում հետազոտվել են մեղադրանքի հիմքում դրված նյութերը, նոր ապացույցներ հետազոտելու հարցեր են առաջացել:

Հունիսի 18-ին պաշտպան Աննա Ծառուկյանը դատավոր Սամվել Յուզբաշյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ:

Նա դատական նիստից հետո «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքնաբացարկի հիմքում դատավորի կողմնակալությունն ու խտրականությունն է, սուբյեկտիվ մոտեցման հիմքը, քանի որ իրենց բոլոր միջնորդությունները մերժում է, նույնաբովանդակ պատճառաբանությամբ. «Քանի որ հարցաքննվելու են վկաները…»:

Պաշտպանն ասում է, որ այս գործով վկաները բացառապես տուժող կողմի բարեկամներն են, դեպքի հետ առնչություն ունեցողներ ընդամենը երկու -երեք հոգին էին, որոնք բարեկամ չեն:

Կալանքի հետ կապված ամեն անգամ առարկություններում նշվում է. Ն. Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու հիմքեր առկա չեն՝ պատճառաբանելով. «Շարունակվում է առկա լինել 2023 թվականի մարտի 3-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թիվ ԵԴ/0518/06/22 որոշմամբ նախկինում նշված հիմքը, մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների կատարումից խուսափելու հավանականությունը: Միաժամանակ առկա է նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթ, որը առնչվում է մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցավոր գործողություններին, ուստի մեծ է հավանականությունը, որ վերջինս կարող է միջամտել նաեւ այդ վարույթին»:

Պաշտպան Ա. Ծառուկյանն ասում է. «Մեղադրյալը որեւէ ազդեցություն չի գործել եւ չի պատրաստվում գործել արդեն իսկ հարցաքննված վկաների վրա»:

Պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոցը՝ կալանքը փոխել, տնային կալանք ընտրել, որը նույնպես խիստ է իր ընթացակարգով, այն է՝ հեռախոսից չես օգտվում, սահմանափակ են հարազատների հետ հանդիպումները, կապից օգտվելը, սակայն այդ միջնորդությունը նույնպես մերժվել է, եւ Սարգսյանը գտնվում է կալանքի տակ: Նախորդ նիստերին դատարանին միջնորդեց կիրառել այլընտրանքային խափանման միջոց /միջոցներ/, մասնավորապես՝ երաշխավորություն, հինգ միլիոն կամ ավելի ՀՀ դրամ չափով, ինչպես նաեւ անշարժ գույքի պահատվության եղանակով գրավ, բացակայելու արգելք կամ տնային կալանք, կամ դրանց բոլորի համակցված կիրառում, ավելացնելով, որ դրանցով կարող է չեզոքացվել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ռիսկերը:

Սակայն դեռ ոչ մի միջնորդություն դատարանը չի բավարարել. «Ընթացքում հաստատած հաջորդականությամբ քրեական գործում առկա որոշ գրավոր ապացույցներ, սակայն, դեռեւս չեն հարցաքննվել քրեական վարույթին ներգրավված մասնավոր մասնակիցները եւ օժանդակող անձինք, դեռեւս բարձր է համարում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների կատարումից խուսափելու հավանականությունը՝ նկատի ունենալով դատարանի կողմից նախորդ՝ կալանքի որպես խափանման միջոցի կիրառման, դրա ժամկետի երկարաձգման որոշումների համար հիմք ծառայած իրավաչափության պայմանների շարունակական առկայության փաստը հաստատող հիմնավորումները եւ պատճառաբանությունները, այնպես էլ ներկա պահին նշվածը հերքող փաստական տվյալներ չներկայացնելու հանգամանքը:

Դատարանը գտնում է, որ մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքի բնույթը՝ դրա կատարման եղանակը, առանձնահատկությունները, թույլ են տալիս պատկերացում կազմել մեղադրյալ Ն. Սարգսյանի հետագա ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման վերաբերյալ ու բացահայտել մեղադրյալի անձնային այն հատկանիշները, որոնք բացասական են բնութագրում վերջինիս ու էապես բարձրացնում են նրա կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների կատարումից խուսափելու հավանականությունը»:

Նարեկը գտնվում է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Տեսակցությունները, պաշտպանի տեղեկացմամբ, սահմանափակ են: Վերջերս մի միջնորդություն նույնպես մերժվեց, երբ պաշտպանական կողմը հայտնեց, թե արտերկրից Նարեկի երեք ընկերներն են այստեղ, ովքեր նրան տեսնելուց հետո Հայաստանից հեռանալու են, սակայն այս միջնորդությունը մերժվեց, դատավորը արձանագրեց՝ «հնարավոր է այդ անձինք հարցաքննվեն»:

Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդության ժամանակ ուշադրություն է հրավիրել մի հանգամանքի վրա. վկաները բերվում էին դատարան, հատուկ պահպանության միջոցով, ոստիկանական ուժեր էին կուտակվում, այն պարագայում, երբ Սարգսյանների կողմը որեւէ անշնորհք գործողություն իրեն թույլ չի տվել:

Պաշտպանական կողմի համար տարօրինակ է այն, որ յուրաքանչյուր անգամ, երբ պետք է վկաները հարցաքննվեին, իրենց հեռացնում էին դատական նիստերի դահլիճի սեղաններից երկու սեղան հետ, ինչն անհարգալից վերաբերմունք է փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ, դատավարության կողմերի անհավասար մրցակցության ցուցիչ է:

Այս դատարանում ցանկացած միջնորդություն մերժվում է:

Մինչ հունիսի 18-ի նիստը 15 վկա է լսվել: «Երբ մենք միջնորդեցինք վկաներ դատակոչել, դատարանը հարցնում է, գիտե՞ք ինչ են ասելու, ի՞նչ բովանդակությամբ են ցուցմունք տալու, հիմնավորեք, ինչ ցուցմունք են տալու, ինչը բնականաբար մենք չենք կարող փաստել, հաստատել, քանի որ վկայի գործողություններն ազատ են, մենք չենք ազդում նրանց վրա»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը խոսեց հնարավոր վարկածներից մեկի մասին՝ գողության, որը նախաքննության մարմնի կողմից ընդհանրապես չի դիտարկվել, իսկ տուժող կողմը հայտնել էր՝ տանից կորել է 700 հազարի թանկարժեք իրեր եւ այդ վարկածը, որը ասում էր պաշտպանական կողմը, փաստացի հիմնավորվում է:

Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամը մեղադրական եզրակացության մեջ փաստված ժամից տարբեր է, հետեւաբար, ըստ պաշտպանի, վիճարկման է ենթակա Նարեկի գործողությունները տվյալ դեպքին:

«Մենք ի սկզբանե տանում ենք այն վարկածը, որ կա բժշկական սխալ: Պատշաճ պայմաններում տուժողը կարող էր փրկվեր, կա դեպքի վայրի զննություն, 4.30 դրությամբ դիակը եղել է տաք, մինչդեռ վկան պնդել է՝ ժամը 1-ն անց 30-ին արդեն դիակը սառն էր: Շտապօգնության հարցաքննված աշխատողն ասել է՝ երբ մտա ներս, զգացի վտանգավոր վիճակ, դիակը կապտած էր, մինչդեռ դիակը բաց վարդագույն է եղել, նա ասել է, որ կատե է արել. արձանագրությունը թողել դիակի կողքը… սակայն որեւէ կերպ չկա նման փաստաթուղթ, քանի որ ոչ իրեղեն ապացույցների եւ ոչ էլ դեպքի վայրի զննությամբ չի հայտնաբերվել նման փաստաթուղթ, մինչդեռ բժշկական անփութության հարցը բաց է մնում, դրա հաստատման կամ հերքման հարցը հիմնավորվում է միայն հանձնաժողովային փորձաքննությամբ, որը փաստացի չի կատարվել: Այսինքն, նյութերում առկա հակասականությունները փաստում են կատարված նախաքննության փնթիությունը եւ դրա բացարձակ թերությունը: Ես դատարանում էլ եմ ասել, այն արձանագրված է, որ հենց շտապօգնության բժշկի ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է բժշկական անփութության արդյունք է (չխախտելով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը), որը պետք է դեռ պարզվի համապատասխան փորձաքննությամբ»,-«Առավոտին» ասում է Ա. Ծառուկյանը:

Վերջինը միջնորդել է, որպեսզի առգրավվեն սարքը, ներկայացվի դատարան, դատարանն արդեն իսկ բավարարել է:

Նշեմ, որ այս տարի տեղի են ունեցել տասից ավելի նիստեր:

Լուսանկարը՝ պաշտպանի ՖԲ էջից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930