Բարեփոխականների ճամբարից Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացած Մասուդ Փեզեշքիանի հայրը ազերի է, իսկ մայրը՝ քուրդ: Ծնվել է Իրանի Արեւելյան Ատրպատականի քրդաբնակ Մահաբադ քաղաքում եւ պարսկերենից բացի, տիրապետում է ադրբեջաներենին ու քրդերենին:
Մի առիթով, շուրջ 8 տարի առաջ, մեջլիսի դռնբաց նիստերից մեկի ժամանակ, Մասուդ Փեզեշքիանն ասել է. «Ազգությամբ թուրք ծնվելու համար շնորհակալ եմ Աստծուց: Ոչ ոք իրավունք չունի քամահրանքով վերաբերվել թուրքերի մշակույթի ու լեզվի նկատմամբ»: Նույն ելույթի ժամանակ նա հիշեցրել է, որ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի թուրքերն ու այլ էթնիկ խմբերը պետք է դպրոցներում իրենց լեզվով սովորելու հնարավորություն ունենան:
Իրանում անցկացվող բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «բարեփոխականների» միակ թեկնածուի վարկանիշն ամենաբարձրն է: Այդ պատճառով էլ «արմատականների» մոտ Մասուդ Փեզեշքիանի դեմ միասնական ճակատով հանդես գալու պահանջ է առաջացել:
Այդպիսի գաղափարով է հանդես եկել նախագահի թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, առաջարկելով ընդդեմ Փեզեշքիանի, մի թեկնածուով պայքարելու մարտավարությունը: Բնականաբար, Ղալիբաֆը նկատի է ունեցել իր օգտին բացարկ հայտարարելու տարբերակը, ով ըստ հարցումների, համարվում է «պահպանողականների» ֆավորիտը:
Կարդացեք նաև
Այսպիսով, բոլոր հանգամանքները վկայում են, որ հունիսի 28-ի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի գլխավոր մրցակիցները Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մասուդ Փեզեշիանն են:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում