Լրահոս
Օրվա լրահոսը

36 հաուբից 15 ամսում. «Ֆիգարո»-ն հայ-ֆրանսիական գործարքից մանրամասներ է հայտնում. «Ազատություն»

Հունիս 20,2024 21:40

«Ազատություն» ռ/կ.  Ֆրանսիան 36 հաուբից է մատակարարելու Հայաստանին, հրետանային համակարգերի գնման հայ-ֆրանսիական պայմանագրից երկու օր անց հայտնում է «Ֆիգարոն» (Le Figaro)՝ վկայակաչելով գործարքից քաջատեղյակ իր աղբյուրները։ Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի փոխխմբագիրն էլ X-ում գրել է, թե հաուբիցները Երևան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։

Ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Երևանը պաշտոնապես չեն մանրամասնել գործարքը, ո՛չ դրա արժեքը, ո՛չ էլ հաուբիցների քանակը հայտնի չէ: Պարզ չէ նաև՝ ինչպես են դրանք Երևան տեղափոխվելու։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայ-ֆրանսիական այս գործարքը կարևոր իրադարձություն էր որակել։

Դա բավականին լուրջ թիվ է. վերլուծաբան

«Դա բավականին լուրջ թիվ է», – «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։

Նա կարծում է՝ 36 «Սեզար»-ը նշանակալի ձեռքբերում կլինի Հայաստանի զինուժի համար, եթե հավաստի են «Ֆիգարո»-ի տեղեկությունները։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Փարիզն իր արսենալում 58 նման հաուբից ունի։

«36 «Սեզար»-ը Հայաստանի հրետանուն կտա հնարավորություններ՝ լրիվ նոր կարգի խոցել թիրախները 40 կմ և որոշ դեպքերում ավելի հեռավորությանը։ Եթե ճիշտ տիպի կառավարվող կետ ունեք, դա կարող է լինել նաև 50 կմ», – նկատեց Լեոնիդ Ներսիսյանը։

Ռազմական վերլուծաբանը Փարիզում «Եվրոսատորի 2024» սպառազինության միջազգային ցուցահանդեսին է մասնակցում, որտեղ ներկայացված է նաև «Սեզար» հաուբիցը։ Լեոնիդ Ներսիսյանը թերահավատ է, թե հրետանային համակարգերի ամբողջ խմբաքանակը հենց 15 ամսում է մատակարարվելու Երևանին. – «Եթե 15 ամսում այդ 36-ն էլ մատակարարվեն, դա ֆանտաստիկ բարձր արագություն կլինի։ Դա նշանակում է, որ մենք Ֆրանսիայի պրիորիտետների լիստի մեջ Ուկրաինայից բարձր ենք գտնվում՝ առաջին տեղում, որովհետև հիմա «Սեզար»-ների պատվերը շատ մեծ է հենց համ ֆրանսիական ներքին շուկայի համար, համ Ուկրաինայի համար, համ ուրիշ երկրների»։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցությունն անցած տարեվերջին են սկսել։ Աշնանը ստորագրված պայմանագրերով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին, դրանցից հինգն, ի դեպ, վերջերս ցուցադրվել էին զորավարժությունների ընթացքում։

Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանն այս գնումներով փորձում է արդիականացնել սեփական զինուժն ու լրացնել 2020 թվականի կորուստները, որոնք զգալի են եղել հրետանու ու հակաօդային պաշտպանության միջոցների շրջանում։ Ասում է՝ Երևանը պատերազմից հետո զգալի քանակով ինքնագնաց նման համակարգեր է պատվիրել նաև Հնդկաստանից։

Հնդկական մասնագիտացված ռազմական լրատվամիջոցներից մեկը օրերս գրել էր, որ Հայաստանը այժմ էլ դիտարկում է Դելիից ժամանակակից ռազմական անօդաչու սարքեր և միջին հեռահարության հրթիռներ գնելու հնարավորությունը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը որպես կանոն նման հրապարակումները չի մեկնաբանում։ Հնդկական կողմը մինչ այս պահը հաղորդել է հակադրոնային համակարգերի, բազմափողանի հրթիռային կայանների, քարշակային հրետանային համակարգերի ու հաուբիցների ձեռքբերման մասին, պնդել, թե դրանց համար Երևանը հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930