Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ վերջիններիս համար երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքների շարունակականությունը: Այս գործընթացում փոխվարչապետը հատուկ ընդգծել է ՄԱԿ կառույցների հետ ձևավորված համակարգման ձևաչափի նշանակությունը՝ կարևորելով այն առավելապես զբաղվածության և կենսապահովման ուղղություններով կենտրոնացնելու անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի կրած վնասների գնահատման և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման օրակարգին, այդ թվում՝ Հայաստանի կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ կառավարություն