Լրահոս
Օրվա լրահոսը

«2020թ. սեպտեմբերի 27-ը փոխեց ամեն ինչ… Ասաց՝ չգիտեմ ես այնտեղից հետ կգամ, թե չէ։ Իմոնց լավ կպահեք, չթողնեք երեխաներիս աչքները ինչ-որ բանի վրա լինի». Անին միայնակ է մեծացնում 3 որդիներին. «Ա1+»

Հունիս 20,2024 20:40

«Ամբողջ սրտով ատում եմ պատերազմը»,- ասում է Անին։ Նրան ու ամուսնուն Արցախյան 44-օրյա պատերազմն է բաժանել։

Այսօր Անին 3 անչափահաս որդիների հետ հաստատվել է Եղեգնաձորում՝ պատերազմից հետո այստեղ բնակարան են ձեռք բերել։ Թեեւ բժշկական կրթություն ունի, երբեւէ չի աշխատել։ Հիմա էլ դեռ չի մտածում աշխատելու մասին՝ երեխաները փոքր են, օգնող չունի։

«Երեխաների մեծանալու հետ նաև հոգսերն են շատանալու։ Դրա համար էլ որոշել եմ վարսահարդարի դասընթացներ անցնեմ։ Այդ արհեստի մեջ եմ ինձ տեսնում, մոտս ստացվում է։ Մյուս կողմից էլ երեխաների խնամքի հետ հարմար աշխատանք է»,- ասում է Անին։

Որպես զոհված ազատամարտիկի զավակներ՝ երեխաներն ամենամյսա նպաստ են ստանում, ընտանիքը այդ գումարով է այժմ ապրուստը հոգում։

Տան ամենալուսավոր տեղը ամուսնու հիշատակի անկյունն է։ Այստեղ իրենց անհոգ տարիների կյանքն է, ասում է Անին։ Նա այստեղ մոմ է վառում, ամուսնու հետ ամենօրյա բան ու գործից խոսում։ Ամենավճռական պահերին այստեղ որոշում կայացնելը հեշտությամբ է տրվում` ասում է զոհվածի այրին ու հիշում Գեւորգ Ջպանյանի հետ ապրած տարիները․․․

Եղեգնաձորցի Անին 2012-ին ամուսնացավ և հարս գնաց Արցախի Ուղտասար գյուղ։ Դժվարությամբ համակերպվեց նոր կյանքին։

«Ամուսինս նույնպես ծնունդով Եղեգնաձորից էր, սակայն նրանք վաղուց էին Արցախ որպես վերաբնակիչներ տեղափոխվել։ Ամուսնուս սիրո և հոգատարության շնորհիվ ու նրա միջոցով ճանաչեցի Արցախն ու արցախցուն»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Անի Եղյանը։

Կինը հիշում է՝ Գեւորգը սիրում էր ներդաշնակություն, հանգստություն։ Մասնագիտություն չուներ, հողագործությունն էր նրա զբաղմունքը։ «Ամուսինս թեև մասնագիտական կրթություն չէր ստացել, սակայն ամեն գործ ձեռքից գալիս էր։ Կենցաղում շատ ապրանքներ կային, որ նրա սարքածն էինք օգտագործում՝ պահարան, սեղան, աթոռ։ Հողի հետ էր հիմնականում աշխատում, գուցե այդ սերն էլ ստիպեց, որ անգամ կյանքը չխնայեց հողի համար»,- ասում է զրուցակիցս։

2020 թվականի սեպտեմբերի 27-ը փոխեց ամեն ինչ։

«Կիրակի էր։ Ամուսինս վաղ առավոտյան էր դաշտ գնում։ Կես ժամ չէր անցել, երբ զանգեց ու ասաց, որպեսզի պանիկայի մեջ չընկնեմ, երեխաներին շտապ հավաքեմ ու տնից դուրս գամ, քանի որ պատերազմ է սկսվել»։

Հետո Անին համագյուղացիներից լսեց, որ Գևորգը դիրքեր է գնում։ Լուր ուղարկեց ամուսնուն, որպեսզի դիրքեր գնալուց առաջ գոնե գա, իրեն տեսնի։ Սեպտեմբերի 27-ին, ժամը 16։00-ին վերջին անգամ տեսավ ամուսնուն։

«Ասաց, որպեսզի հանգիստ լինի ռազմի դաշտում, երեխաների հետ Եղեգնաձոր գնամ։ Ասացի՝ ախր Գև ջան, ոնց կլինի, ինչպե՞ս կապրենք առանց քեզ։ Լացեցի, որ ինձ համար դժվար կլինի միայնակ երեք որդիներին մեծացնելը… Ասաց՝ Ան ջան, ցավդ տանեմ, իմ կյանքը ոչ մեկի կյանքից թանկ չի։ Հետո երեխեքին գրկեց ու ասաց՝ Փառք Աստծո, ես երեք երեխա եմ գրկել, սիրել։ Այլևս չփորձեցի առարկել»,- հիշում է Անին։

Գևորգի ծնողների ուղեկցությամբ Անին երեխաների հետ տեղափոխվեց Եղեգնաձոր։ Հոկտեմբերի 11-ին երբ Գևորգն իմացավ, որ Հադրութի ուղղությամբ է լինելու հերթական մարտական առաջադրանքի կատարումը, զանգեց Անիի եղբորն ու պատվիրեց՝ Անիին ու երեխաներին լավ պահեն։

«Ասաց՝ չգիտեմ ես այնտեղից հետ կգամ, թե չէ։ Իմոնց լավ կպահեք, չթողնեք երեխաներիս աչքները ինչ-որ բանի վրա լինի»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930