«Լիազոր մարմինն ունեցել է բացասական դիրքորոշում ու մտահոգություն, ինչը ցուցանիշ է, որ այստեղ կա անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիր։ Անկախ, թե այս նախագծային փաթեթն ինչքան է փոփոխվել, նոր փաթեթի տեքստը նույնպես նայել ենք, մտահոգությունների մեծ մասը պահպանվում են, և կան լրացուցիչ մտահոգություններ»,-«Մեդիա կենտրոնում» «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ նշեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ՆԳՆ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթին։
Նա, հղում կատարելով օրինականության սկզբունքին, նշեց․ «Օրինականության սկզբունքի համաձայն՝ պետք է ունենաս կոնկրետ օրինական նպատակ տվյալների հետ վարվելու։ Այս նախաձեռնության փաթեթն ունի խնդիր օրինականության սկզբունքի հետ կապված։ Նպատակները չափազանց ընդհանուր են։ Վկայակոչված են ոստիկանության ընդհանուր նպատակները հանցագործությունների բացահայտման վերաբերյալ։ Մարդիկ հայտնվելու են տեսախցիկների տեսադաշտում։ Նպատակները նախագծի տեքստում և հիմնավորման մեջ միմյանց հակասում են։ Օրինակ՝ հիմնավորման մեջ մի դեպքում նշվում է՝ տեսագրություններով չեն կարող որևէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակ հետապնդել, այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞նց ես կոնկրետ հանցագործություն բացահայտում։ Կամ գրվում է, որ հստակ սահմանվում է բացահայտման համար հսկողություն սահմանելու նպատակը, ընդամենը մի քանի պարբերություն ներքև գրվում է, որ կարող են այս նպատակներն իրականացվել, կարող են վճարովի հիմունքներով տրամադրել պետական ու ոչ պետական մարմիններին, եթե օրենքը թույլ տալիս է։
Այսինքն՝ այն նպատակները, որոնք ներկայացված են, հստակ չեն, փոխբացառող են։ Երբեմն սա ինքնին օրինականության սկզբունքին հակասում է։ Նախագիծն ինքնին այս տեքստով անընդունելի է։ Սա անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտում է։ Թե անձնական տիրույթ է, թե ոչ անձնական տիրույթ է, դա այլ հարց է։ Մեր Սահմանադրությունն ու օրենքը չեն արգելում որևէ անձնական տվյալ օգտագործել կամ չօգտագործելը․ ասում է՝ բարեխղճորեն պետք է վարվես անձնական տվյալների հետ։ Այսինքն՝ պահես դրա հետ վարվելու կանոնները։ Ունենաս նպատակ»։
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողներ պարտավորվում են տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: Նախագծի հեղինակների հիմնավորումն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճը:
Կարդացեք նաև
Գևորգ Հայրապետյանը նշեց՝ օրինակ՝ եթե խանութին պարտադրում են տեղադրել տեսախցիկ, ինքը պետք է երեսուն մետր նկարի, այդ հեռավորության վրա ինչ ասես, կարող է լինել, ու մարդ կարող է գիշերը, երբ այլ քաղաքացիներ չկար, ինքն ուզում է թաքուն մտնել ուրիշ տեղ, բայց դա արձանագրվելու է, պահվելու է 15 օր ժամկետով հասանելիություն են ունենալու երևի և′ տնտեսվարողը, և′ իրավապահ մարմինները, և′ այլն։ Հետևաբար այստեղ կա միջամտության ուժեղ ռիսկ, մարդու կյանքի այնպիսի տվյալների, որոնք զգայուն են մարդու կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից։
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ