Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվերսիֆիկացումը թերևս զուտ տեխնիկական բառ է, բայց իրականում մենք խոսում ենք Հայաստանի դիմակայությունն ավելի բարձրացնելու մասին. ԵՄ դեսպան Մարագոս

Հունիս 20,2024 18:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի 2024 թվականի մեկնարկային օր միջոցառումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին, և Էրազմուս+ ծրագիրն այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ համագործակցություն է:

Փոխնախարարը Էրազմուս+ ծրագրի իրականացումը կարևորել է թե՛ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների, թե՛ մարդկային կապիտալի զարգացման, թե՛ ՀՀ-ԵՄ երկխոսության տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Էրազմուս+ ծրագիրը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիք է բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես Հորիզոն Եվրոպան՝ գիտության ոլորտում, և Ստեղծագործ Եվրոպան՝ մշակույթի ոլորտում: Նշված բոլոր ուղղություններով  նպատակները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերի թիրախներին։

«Բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծումը կարևոր ուղղություն է՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մարդկային կապիտալի զարգացումը մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ու պետության զարգացման ապահովման առաջնային ուղղությունն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ բուհերի մասնակցության խթանումը Էրազմուս+ ծրագրին․ «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ 2022-2023 ուստարվա ընթացքում ֆինանսավորման երաշխավորված չորս ծրագրերն այս տարի արդեն դարձան 8, որոնցից վեցի դեպքում հայաստանյան բուհերը հանդիսանում են կոնսորցիումի համակարգողներ»։

Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ իրականացվող ծրագրերն անհրաժեշտ է դիտարկել կրթության ռազմավարությամբ սահմանված թիրախների իրագործման և ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների իրականացման համատեքստում՝ մեկ ամբողջության մեջ:

«Դիվերսիֆիկացումը թերևս զուտ տեխնիկական բառ է, բայց իրականում մենք խոսում ենք Հայաստանի դիմակայությունն ավելի բարձրացնելու մասին։ Մարդկային կապիտալում ներդրումներ կատարելը կարևոր է ոչ միայն գիտելիքահենք տնտեսություն, այլև գիտելիքահենք հասարակություն ունենալու համար: Այն ներառում է նաև ժողովրդավարական կրթությունը և մեդիագրագիտությունը, և թե ինչպես կարող է քաղաքացին դառնալ ակտիվ քաղաքացի։ Այս առումով գիտելիքն ու կրթությունը էապես կարևոր են»: Ներկայում ընթացիկ ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է ավելի քան 350 միլիոն եվրո։ Եվ վերջերս մենք հայտարարել ենք «Հայաստանի դիմակայունության և աճի ծրագրի» մեկնարկի մասին (մանրամասներ՝ https://tinyurl.com/bdxptreb), որի շրջանակում դրամաշնորհների համար նախատեսվել է 270 միլիոն եվրո բյուջե։ Դրա մի մասը կուղղվի նաև ներդրումների ներգրավմանը»,-նշել է ԵՄ դեսպան Մարագոսը։

Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման նպատակն է ներկայացնել դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան տեղեկացրել է՝ ակադեմիական հանրությանը կներկայացվի 12 ծրագիր. «Ութ ծրագիր ընթանում է բարձրագույն կրթության ոլորտում, չորսը՝ միջին մասնագիտական: Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններն են կանաչ կրթությունը, թվայնացման տեխնոլոգիաները, ներառական ռազմավարությունը և այլն: Մենք ունենք մի քանի ծրագրեր, որոնք անդրադառնում են կանաչ կրթությանը. այդ շրջանակում ուսումնական ծրագրերը բակալավրում և մագիստրատուրայում վերանայվում են ու դառնում ավելի մատչելի»,-նշել է Լանա Կառլովան:

Հաջորդիվ տեղի են ունեցել պանելային քննարկումներ վերոնշյալ նախագծերի ղեկավարների մասնակցությամբ, որոնց մասնակցել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպություններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք։

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930