Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ը ունի հստակ դիրքորոշում՝ պետական իշխանություն ունեցող մարդիկ պետք է ավելի զսպված լինեն, այո, քեզ կարող են վիրավորել»․ Ռուբեն Մելիքյան

Հունիս 20,2024 17:58

«Քննարկման արդյունքում դատարանը որոշեց դռնփակ դատական ռեժիմի չանցնել։ Դա գնահատելի է, մենք որեւէ քննադատական բան չենք տեսնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր շարունակվեցին քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։ 

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի համար Սամվել Վարդանյանը մեղադրվում է  խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով։

Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 7 մլն դրամ գրավը:

Նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց, որ դատավորին բացարկ հայտնելու իրենց միջնորդության էությունը հետեւյալն էր․ «Դատարանը ուղիղ սեւով սպիտակի վրա գրել էր, որ արարքը կատարվել է քաղաքական հայացքներով պայմանավորված։ Մենք պնդում էինք, որ այս մեղադրանքի այս էլեմենտը մեզ համար վիճելի է։ Մենք չենք տեսնում այստեղ քաղաքական հայացքներով պայմանավորված արարք, մենք տեսնում ենք քաղաքացի-իշխանություն հարաբերություն։ Քաղաքացին իր վերաբերմունքն է հայտնում իշխանությանը, սա սկզբունքային նշանակություն ունի»։

Հարցին, թե այդ հանգամանքը ծանրացնո՞ւմ է մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ թե ծանրացնում է մեղադրանքը, այլ առանց այդ հանգամանքի հանցանք չկա, դա հանցակազմի պարտադիր հատկանիշ է»։

Ռուբեն Մելիքյանը հավելեց․ «Մենք առաջադրված երկու մեղադրանքն էլ չենք ընդունում, այստեղ առկա չէ ոչ խուլիգանություն, ոչ էլ թշնամանքի հրահրման հոդվածը, որը ներկայացվել է»։

Սամվել Վարդանյանը ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին ասել էր «հակահայ վիժվածք», «ժեխ», «բիձա»։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ վիրավորական արտահայտություններն ու հանցագործությունը տարբեր բաներ են։ «Բնականաբար, դրանք վիրավորական արտահայտություններ են, ոչ ոք չի ժխտում, բայց վիրավորական արտահայտություն անելն ինքնին հանցակազմ չէ։ Այս հանցակազմի համար լրացուցիչ էլեմետներ են պետք, որոնց մասին մենք կխոսենք։ Եվ նորից ասեմ՝ ՄԻԵԴ-ն ունի շատ հստակ դիրքորոշում, որ պետական իշխանություն ունեցող մարդիկ պետք է ավելի զսպված լինեն, այո, քեզ կարող են վիրավորել»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930