Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը. բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են կամայական կալանավորման պետք է անհապաղ ազատ արձակվեն». Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

Հունիս 20,2024 17:52

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին

Պարոն նախագահ,
Հայաստանը շնորհակալություն է հայտնում Բարձր հանձնակատարին տարեկան զեկույցը ներկայացնելու համար:

Պատերազմների դաժանությունը և դրանց հարուցած խորը տառապանքները խարխլում են մարդու իրավունքների հիմքերը: Տագնապալի էր, թեև ակնկալելի, որ Բարձր հանձնակատարն իր խոսքի բացման մասում կենտրոնացավ օրեցօր աճող հակամարտությունների իրավիճակներում մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նորից ու նորից ստիպված ենք տալ դասական հարցը՝ «ո՞ւմ համար են ղողանջում զանգերը»:

Մեկ տարի առաջ, այս բարձր ամբիոնից Մարդու իրավունքների ՄԱԿ Բարձր հանձնակատարը զգուշացրեց մարդասիրական այն ծանր հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարից ավել հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհն էր: Նրա մտահոգությունը կիսում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Ցեղասպանությունների կանխարգելման հարցրով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը, Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գրեթե ողջ համակարգը: Սակայն, վաղ ազդարարման այս հստակ նշաններին չհետևեց միջազգային և ոչ մի գործողություն: Եվ որպես դրա հետևանք, բացարձակ անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը հարձակվեց և էթնիկ զտում իրականցրեց Լեռնային Ղարաբաղում:

Մենք, անշուշտ, համաձայն ենք Բարձր հանձնակատարի հետ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք պարտադիր են կատարման համար, պետք է իրականացվեն անվերապահորեն: Բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են կամայական կալանավորման պետք է անհապաղ ազատ արձակվեն: Մենք նաև կիսում ենք Բարձր հանձնակատարի մտահոգությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ներկայացուցիչների դեմ հնչեցված սպառնալիքների ու հաշվեհարդարի փորձերի առնչությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930