Լրահոս
Օրվա լրահոսը

Այլասերված չի, նկարիչ է․ Ազատության ու պատասխանատվության կռվի ավարտը

Հունիս 20,2024 17:48

Երկու սերունդ է իրար կողք-կողքի աճում Հայաստանում և մի օր այդ սերունդներն իրար փոր են թափելու։

Էսպես ասում էր գրող Ավետիք Իսահակյանը*:

Սերնդի մի շերտին նա կոչում է ազգամերժ, կոսմոպոլիտ, այլասերված, մյուսին՝ թունդ հայրենասեր, հայրական օջախներից կառչած։

Բայց ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ձևավորվում, ինչի՞ց է, որ ցանկացած ժամանակաշրջանում կա այս պատկերը։ Չի ասում։

Ես կասեմ։

Մեկը անձնական ազատությունն է։ Մյուսն ընդհանուրի հանդեպ պատասխանատվությունը։

Անձնական ազատությանն Իսահակյանը կոչում է այլասերված, պատասխանատվությանը՝ հայրենասեր։

Ես անձնական ազատությանը կկոչեմ նկարիչ, պատասխանատվությանը՝ մարտիկ։

 

Նկարիչը հարց տվողն է, կասկածողն է։ Ավանդույթ, կրոն, եկեղեցի, ընտանիք, պատմություն, բարոյականություն այս բոլոր հասկացությունների վերաբերյալ, որոնք կազմակերպում են մարդկանց կյանքերը, նա հարց ունի՝ ինչո՞ւ։ «Ինչո՞ւ պիտի հավատամ Աստծուն», «Ինչո՞ւ պիտի կույս մնամ», «Ինչո՞ւ պիտի երեխա ունենամ», «Ինչո՞ւ պիտի պատերազմներ լինեն»։

Նկարիչը դասարանի այն միակ աշակերտն է, որն ուսուցչի պնդումը հարցականի տակ է դնում։

Եվ հարցականի տակ է դնում ոչ թե որ սրիկա է, այլ որովհետև նրան նորմալ չեն հիմնավորել այն ավանդույթների նշանակությունը, որոնք սերնդեսերունդ փոխանցվելով՝ կորցրել են սկզբնավորման բուն պատճառը և դարձել են կարծրատիպեր՝ բարոյականության ոստիկանություն։

Կասկածելուց սկսվում է ազատությունը։ Կասկածը մուրճն է կարծրատիպեր կոտրելու և կասկածն է սահմաններ բացում ստեղծագործելու։ Որքան ճնշում ես կասկածողին՝ գոռալով վրան, որ հետ գա քո դաշտ, այնքան ավելի է կասկածում, այնքան ավելի է ձգտում անձնական ազատության։ Քո ճշմարտությունը դառնում է նրա կալանքը։

Դա կարող է ավարտվել միայն այնտեղ, որտեղ սեփական փորձը կտա բացատրությունը, թե ինչու կան ավանդույթներն ու կարգերը։ Օրինակ, երբ թշնամու մահաբեր մարտիկի հարվածի տակ անձամբ նա լինի, կհասկանա, թե ինչու է անհրաժեշտ հզոր բանակը, ինչու է պետք ծնելիության աճը։

Կարգերի և ավանդույթների հանդեպ կասկածի պատճառով նա հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել այդ համակարգերում։

Նկարիչը նա է, ով որևէ պատասխանատվություն չունի ուրիշի հանդեպ և ոչ ոք պատասխանատվություն չունի իր հանդեպ։ Ազատ է։

Ազատության այսպիսի զգացումը նա պրոյեկտում է այլոց վրա․ նա ցանկանում է, որ բոլորը վայելեն իրենց անձնական ազատությունն ու կռիվ է տալիս այնտեղ, որտեղ համակարգ կա, այնտեղ, որտեղ կազմակերպվում է մարդկանց կյանքը՝ դնելով նրանց շրջանակների մեջ։

Այսպես ձևավորվում է ազատությունների կարծրատիպը, այն է, որ ամեն ինչ դավադրության տեսություն է, որ ամեն կարգավորող բան իրենց ազատության դեմ է։

Նկարչին հարկավոր է ոչ թե ապացուցել, որ Աստված կա, այլ ցույց տալ, որ Աստծո գոյությունը պայման է մարդկանց կյանքը համակարգելու համար, քանի որ ոչ բոլորն են նկարիչ, ոչ բոլորը կարող են անվտանգ ապրել, երբ համատարած տիրում է ազատությունների վայելքը՝ պատասխանատվության հանդեպ արհամարհանքը։

Ընդ որում, Աստված ստեղծվում է, երբ սահմանափակվում է անձի ազատությունը, նա ի հայտ է գալիս որպես ազատագրող, երբ թշնամու մահաբեր մարտիկի հարվածի տակ են հայտնվում մարդիկ։ Այդ հետո է, որ նրան հավատալը դառնում է պարտադիր՝ մոռանալով, թե ինչից էին սկսել։

 

Մարտիկը այլ է։ Նա ի սկզբանե ընդունել է ավանդական կարգը։ Միտքը, որը նրան փոխանցում են, ճշմարիտ է, նա ընդունում է այն որպես բարեխիղճ զինվոր՝ չհամարձակվելով կասկածի տակ դնել։ Եթե հայրը ասել է, որ Աստված կա, ուրեմն կա, հարց չի կարող լինել, որովհետև ասողը հեղինակությունն է։

Նա պատասխանատվություն է վերցնում այդ մտքերը պաշտպանելու համար։

Հայրենիքի մի՞տքն է փոխանցվել, ուրեմն պատասխանատվություն կվերցնի հայրենիքի հանդեպ։

Քրիստոնեություն մի՞տքն է փոխանցվել, ուրեմն՝ քրիստոնեության հանդեպ։

Մարտիկը ազատ է, եթե համակարգն է ազատ։ Մարտիկի ազատությունը ընդհանուրի պաշտպանությունն է։ Օրինակ՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», բայց ոչ թե՝ «Արցախի ազատ մարդիկ ողջունում են ձեզ»։ Արցախը ազատ պահելու պատասխանատվությունն է մարտիկի ազատությունը։ Նա կարող է դա անել նույն պատասխանատվությամբ մարդկանց հետ միավորվելով։

Մարտիկները, միավորվելով, մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն են կրում։ Ուրիշի հանդեպ պատասխանատվություն կրելը ինքնաբերաբար պատասխանատվություն է դնում այդ մեկ ուրիշի վրա ևս։

Պատասխանատվության համակարգում վիժում է անձնական ազատությունը, քանի որ պատասխանատվությունը թելադրում է կարգապահություն, հրահանգ, կանոն, ենթակայություն։ Սրանք են երաշխավորում անվտանգությունը համակարգի, հետևաբար և՝ անձի։

Մարտիկն իր պատասխանատվությունը պրոյեկտում է մյուսների վրա, և ուզում է, որ բոլորը լինեն պատասխանատու։ Նա տեղյակ է, թե անպատասխանատվությունից ինչ ողբերգություններ են հետևում, նա ավելի լավ է ծանոթ հակառակորդ մարտիկներին և նրանց ցանկություններին, քանի որ նրանք իր պես են, իրենց հոր մտքերն են պաշտպանում։

Անձնական ազատությունը վնասում է ընդհանուրի անվտանգությանը, քանի որ ազատություն նշանակում է՝ ով ինչ կուզի կանի, և ով ինչ կուզի կանի նշանակում է՝ կարևոր չէ այլոց անվտանգությունը, կարևոր է, որ բոլորը անձնապես ազատ լինեն։ Եվ դա է միակ անվտանգությունը։

Նկարիչները հակառակորդ մարտիկներին ծանոթ չեն կամ չեն էլ ուզում ծանոթանալ։

Ամենադաժան վայրագության դեպքում անգամ նրանք խուսափում են սեփական համակարգի մարտիկից, որովհետև սեփական մարտիկն է նրանց անձնական ազատության անմիջական վտանգը, նույնիսկ եթե մարտիկը ապացուցի, որ նկարչին գոյաբանական վտանգ է սպառնում թշնամու մարտիկի կողմից, նա թշնամու մարտիկին ընկալում է այնպիսին, ինչպես աշխարհի բոլոր մարդկանց, որոնց բոլորին պետք է ազատագրել համակարգերից։

Սա է պատճառը, որ նկարիչը գլոբալիստ է։ Նրա ազատությունը սփռվում է ամբողջ աշխարհի վրա, իսկ մարտիկն, ընդհակառակը, նա պատասխանատվություն դնելով՝ ուշի-ուշով հետևում է վտանգներին, և ինչքան վտանգ է հայտնաբերում, այնքան ավելի է ներփակվում աշխարհի սահմանների մեջ։

Եվ ձևավորվում է մարտիկի կարծրատիպը, որ իր համակարգից տարբերվողը, վտանգ է, և անձնական ազատությունը չարիք է։

Այսպես` մարտիկն ու նկարիչն ատում են իրար․ մեկն ուզում է պատասխանատվության դաշտ բերել բոլորին, մյուսը՝ ազատության։ Մեկը դոգմատիկ ընդունում է ժառանգած մտքերը, մյուսը՝ կասկածի տակ դնում դրանք, չստանալով հիմնավորում, ծաղրում, դեն շպրտում, գտնում իր նմաններին։

Սակայն լավագույն արդյունքները գրանցվում են, երբ մարտիկն ու նկարիչը համագործակցում են։

Դրա հայկական օրինակն է Սիսիանի ջոկատը, որը կազմավորված էր բանաստեղծներից, նկարիչներից և մարտիկներից, և որը լավագույններից էր Հայաստանում ու մասնակցել է գրեթե բոլոր ազատագրական մարտերին։

Մեկ այլ օրինակ է Մոնթե Մելքոնյանը, որի մեջ առկա էին և՛ մարտիկի, և՛ նկարչի հոգին։ Անձնական ազատությունը չէր ստորադասում ընդհանուրի ազատությունից, բայցև պատասխանատու էր, կարգապահ։

Մարտիկների և նկարիչների թշնամանքը իրական չէ, որովհետև իրականում նրանք իրար փոխլրացնող են։

Երբ մարտիկն իր մարմնով ու գիտելիքով տարածք է գրավում, այդ տարածքը դառնում է նաև նկարչինը, այդտեղ նա կարող է ստեղծագործել, վայելել անձնական ազատությունը։

Եվ մյուս կողմից, երբ նկարիչը ստեղծագործում է, նա մարտիկին է փոխանցում մշակույթ և ավանդույթ, որին հավատալով՝ մարտիկը նետվում է տարածքներ ազատագրելու՝ հանուն ընդհանուրի, այդ թվում՝ նկարիչների ազատության։

Հետևաբար, Իսահակյանը, թեև լինելով բանաստեղծ մասնագիտությամբ, բայց հոգով մարտիկ, թշնամանքով է վերաբերվում սերնդի այն շերտին, որը հարցեր է տալիս, մինչդեռ անձական ազատությունն ընդամենը հարցերի պատասխանը չունենալն է։

Ճիշտ կլինի, որպեսզի այդ սերունդները ոչ թե իրար փոր թափեն, այլ հոգիներով փոխանակվեն և մեկը մյուսին ճանաչելով՝ յուրաքանչյուրն իր հմտությունը կիրառի մյուսի ազատության և պատասխանատվության աճի համար։

Հակառակ դեպքում մենք կշարունակենք ապրել ողբերգությունների մեջ, որտեղ 4 տարի է մարտիկները փորձում են անել նկարիչների հեղափոխություն, իսկ նկարիչներն՝ առանց պատասխանատվության իշխում են երկիրը։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Նկարները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով

 

*Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:

Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն:

Ավետիք Իսահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930