Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր շարունակվում են քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի համար Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով։
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 7 մլն դրամ գրավը:
Այսօրվա նիստում Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց՝ նախագահող դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ։ «Նախագահող դատավորին հայտնում եմ բացարկ, քանի որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության մեջ։ Շատ կոնկրետ փաստական հիմքի մասին եմ խոսում՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցի քննության առնելու մասին որոշմամբ դատարանը թույլ է տվել հետեւյալ ձեւակերպումը՝ դատարանը ելնում է այն հանգամանքից, որ մեղադրյալի կողմից կատարված ենթադրյալ արարքներն ուղղված չեն եղել տուժողի անձին, այլ պայմանավորված են եղել տուժողի ունեցած քաղաքական հայացքներով։ Նախագահող դատավորը փաստորեն արդեն իսկ ձեւավորել է համոզմունք այն մասին, որ մեղադրյալին վերագրվող արարքներն ունեն քաղաքական հայացքներով պայմանավորված լինելու հատկանիշ։ Պաշտպանական կողմն այս հարցում ունի տարբերվող մոտեցում, մենք չենք ընդունում, որ ենթադրյալ արարքը կատարվել է տուժողի քաղաքական հայացքներով պայմանավորված»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Դատավորը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։
Նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց ապացույցների ծավալը։ Դատարանը որոշեց սահմանել ապացույցների հետազոտման հերթականությունը հետեւյալ սկզբունքով՝ սկզբում կհետազոտվեն մեղադրյալի եւ մեղադրողի ներկայացրած ապացույցները, դրանից հետո կհարցաքննվի մեղադրյալը։
Դատարանը որոշեց նիստի մի մասն անցկացնել դռնփակ ռեժիմով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մերի ՄԱՆՈՒԿՅԱՆԻ