«Մի քանի տասնյակ դեպք կարող ենք հիշել, թե ինչպես են Ալեն Սիմոնյանի եւ Փաշինյանի ղեկավարած ՔՊ ներկայացուցիչներն իրենց հույսը դնում ուզուրպացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչների վրա: Ինչու չենք ասում, որ բոլոր դատավորներն ու համակարգի ներկայացուցիչներն այդպիսին են, որովհետեւ մեջները կան արժանապատիվ մարդիկ, ում վրա չի ստացվում բռնաճնշումներով ազդեցություն թողնել: Բայց մենք տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքերով քաղաքական հետապնդումներն ավարտվում են կալանքով: Բանտախցում մարդկանց փակում են, որ մարդիկ չխոսեն: Խոսույթը, որ ՔՊ-ն բերել է, այն է՝ հայհոյանքներն ու մարդկանց ընտանիքի անդամներին վիրավորելն ու թիրախավորելը; Նրանք են ներմուծել այդ խոսույթն ու մշակույթը: Մինչեւ 2018 թվականը նմանօրինակ իրավիճակներ չեն եղել, երբ ԱԺ նախագահն ամեն երկրորդ մարդուն դատի տար ու չընդուներ, որ հասարակությունն իրեն այդպես է վերաբերվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Նա եկել էր այսօր մասնակցելու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ Ալեն Սիմոնյանի հայցի քննությանը:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի ներկայացուցչի առարկությամբ էլ արգելվեց դատական նիստի տեսանկարահանումը:
Հենրիխ Դանիելյանը իր հարցազրույցում նաեւ նկատեց, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին անվանել էր «տրյապկա». «Փաստորեն, իսկ երբ իրեն են ասում, ինքը դատի է տալիս: Եթե կա արտահայտություն, որը որպես քաղաքական գործիչ այլ քաղաքական գործչի հասցեին թույլ ես տալիս, բա երբ որ մի քաղաքական գործիչ էլ քո հասցեին է թույլ տալիս, ինչու ես դատի տալիս…»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ