Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե մինչև ՀՀ հասնելն այդ տարբեր սարքերի մեջ ի՞նչ կդրվի, պարզ չէ, ու մենք չունենք տեխնիկական կարողություն դա վերահսկելու»․ Արթուր Պապյանը՝ տեսախցիկների և այլ սարքավորումների մասին

Հունիս 20,2024 17:03

«Մանրամասն նայել եմ այս օրինագծի հիմնավորումը և այնտեղ բավականին վտանգավոր հարցեր կան»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ՆԳՆ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթին։

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողներ պարտավորվում են տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: Նախագծի հեղինակների հիմնավորումն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճը:

Արթուր Պապյանն ասաց՝ օրինագծում կա Սմարթ սիթի հասկացությունը․ «2017-ից սկսած ՀՀ-ում փորձեր են արվում այդ սմարթ սիթիների ներդրման հետ կապված․ որոշակի պայմանավորվածություններ կան չինական արտադրողների հետ, խոսք է գնում ՀՀ-ում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման մասին։ Ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՀ-ն չի արտադրում տեսախցիկներ, ցանցային սարքավորումներ, որոնցով տեղեկատվությունը փոխանցելու է, չի արտադրում սեփական սարքավորումներ։ Այս ամենի համար մենք հույս ենք դնելու օտարերկրյա արտադրության սարքավորումների և տեխնիկայի վրա։ Քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, որ լինելու է հնարավորություն վերահսկելու այդ ամբողջ մատակարարման ցանցը։ Այսինքն՝ թե ճանապարհին մինչև ՀՀ հասնելն այդ տարբեր սարքերի մեջ ի՞նչ կդրվի, պարզ չէ, ու մենք չունենք տեխնիկական կարողություն դա վերահսկելու, նույնիսկ վերահսկելու դեպքում հասկանալի չէ՝ կբացահայտե՞նք, թե՝ ոչ։ Վերջում ունենալու ենք ցանց, որը մենք չենք տիրապետում․ մենք չենք արտադրել, չգիտենք՝ մեջն ինչ կա, հասկանալի չէ՝ ՀՀ ՆԳՆ-ից բացի էլ ո՞վ դրան հասանելիություն կստանա։

Բացի այդ, այստեղ նախատեսվում է օգտագործել արդեն գոյություն ունեցող ցանցը և դա համակցել եղածին։ Գիտենք, որ Սմարթ սիթիի պարկինգի տեսախցիկներն ուրիշ են, խաչմերուկների տեսախցիկներն ուրիշ են, արդեն իսկ անհամասեռ ցանց ունենք։ Այսինքն՝ մեծ հաշվով ամբողջ տեղեկատվությունների ահռելի ծավալը շարժվելու է տարբեր տեխնիկական միջոցներով և դրա պաշտպանությունը նշանակում է հսկայական ծավալի տարբեր գործոնների հետ գործ ունենալ։ Չեմ հավատում, որ կա տեխնիկական կարողությունների նման կենտրոն։ Մանավանդ, եթե կա նման բան, հասկանալի է, որ ցանկացած օտարերկրյա լրտեսական կազմակերպության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի դա կոտրելը։ Ասենք կոտրում ես մի փոքր խանութի՝ արդեն հնացած տեսախցիկը, դրա միջոցով փորձում ես հայտնվել ցանցում, շոշափել ցանցը։ Դու չես գնալու ՆԳՆ-ի ամենալավ պաշտպանված տեղից կոտրելու․ երբեք որևէ հաքեր նման բան չի անելու։ Սա նշանակում է պաշտպանական մեծ խնդիրներ ստեղծել։

Ըստ օրինագծի՝ պարտավոր են, որ 50 քմ սննդի կետերն ու օբյեկտները հսկայական ծախսեր կատարեն, ամեն տարի անվտանգության աուդիտ անցկացնեն։ Սննդի կետն առանց ինտերնետի է գործում․ իր բիզնեսին նպատակահարմար չէ, ստիպված է ինտերնետ ապահովել, ծախսեր անել»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930