«Իմ սովորական որակումներն եմ տվել այս ստախոսներին, անհայրենիքներին, հող ու արյուն վաճառողներին ու իրերը կոչել եմ իրենց անունով ու պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածիս համար պատասխան տալ ու ապացուցել, որ դա այդպես է: Ալեն Սիմոնյանը նեղվել է, որ ես իրեն «ստախոս» կամ «թուրքի առաջ կզած» եմ ասել, ես դատարանում հենց հիմա իմ բոլոր ասածների համար պատասխան կտամ»,- այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Աշոտ Անդրեասյանը:
Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից եւ փոխհատուցել 2,5 միլիոն դրամ:
Աշոտ Անդրեասյանը ներողություն խնդրելը եւ 2,5 միլիոն դրամի տուգանք վճարելը բացառում է. «Իմ ասածներին տեր եմ մինչեւ վերջ: Եթե իրերը իր անունով կոչելու համար, ներողություն չխնդրելու համար հետագայում նաեւ կալանավորեն ինձ, պատրաստ եմ կալանավորվելու, որովհետեւ դրանից Ալեն Սիմոնյանի դավաճան լինելը չի փոխվում»:
Հարցին, իսկ թե ինչու է Ալեն Սիմոնյանը վիրավորանքի տարբեր գործերով դատարան դիմելիս միլիոնի հասնող գումարներ պահանջում որպես փոխհատուցում, Աշոտ Անդրեասյանը պատասխանեց. «Սա էլ շորթման մի ձեւ է: Այդ մարդիկ կյանքում չէին կարող պետության գլխին լինել ու երազել, որ այսքան մարդու կարող են թալանել: Իրենց երազանքը կատարվել է: Այսինքն՝ 2,5 միլիոն դրամ է ուզում ԱԺ նախագահը, ով իմ ու ձեր հարկերի շնորհիվ ամենաթանկանոց ծառայողական մեքենան է քշում ու ոչ միայն ծառայողական օրերին: Ալեն Սիմոնյանը երեւի փողի կարիք ունի, կարող է մի հատ տուն էլ է ուզում սարքի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ