Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը սա համարում է ժողովրդավարության բաստիոն, բայց իրականում Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ կալանավայրի»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 20,2024 16:05

Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր շարունակվում են քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով նախնական դատալսումները։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունը վեց տարիների ընթացքում երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ մարդու իրավունքներից մինչեւ անվտանգության հարցեր, խեղաթյուրվել ու ամբողջությամբ տապալվել են։

«Այս իմաստով շատ ավելի զայրացնող են որոշակի պարբերականությամբ միջազգային տարբեր դերակատարներից հնչող հայտարարությունները, որոնք, ըստ էության, որոշակի խրախուսող ու քաջալերող ազդեցություն են ունենում Հայաստանի իշխանության վրա։ Եվ նաեւ որոշակի լեզու են տալիս՝ տարբեր ամբիոններից հայտարարելու, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ուղղությամբ։ Եթե վերցնենք վերջին երկու ամիսների իրադարձությունները, քաղաքական ընդդիմախոսների, խաղաղ հավաքի մասնակիցների, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ այդ բռնությունների ալիքը, բնականաբար, սա ամբողջացնում է այն ողջ գործընթացը, որն իշխանությունը համարում է ժողովրդավարական բաստիոն, բայց իրականում Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ կալանավայրի։

Այսօրվա դատական գործընթացը, որը վերաբերում է Սամվել Վարդանյանին, սա էլ մեկ այլ խայտառակություն է, ոչ միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ քաղաքական ընդդիմախոս լինելու հիմքով հոդված է կարվել, այլ նաեւ այն պատճառով, որ ոստիկանության պահպանման տակ գտնվող անձը բռնության է ենթարկվել։ Սա վերջին տասնամյակների չլսված նախադեպերից մեկն է, որը ոչ միայն դատապարտելի ու անթույլատրելի է, այլ իրականում ցույց է տալիս, թե ինչ ունենք մենք Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի համար Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով։

Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 7 մլն դրամ գրավը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930