ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելը և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարը:
Հայաստանի պատվիրակությունը նախ շրջել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, թանգարանի պատմությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված վերակառուցման ընթացքին:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում համագործակցության հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը՝ շեշտելով հատկապես թանգարանային ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հիմնադրամի ստեղծումը նպատակ ունի նպաստելու Հայաստանում մշակույթի կառավարման արդյունավետության բարձրացմանը, աջակցելու պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ներդրվող նոր գործիքակազմը հնարավորություններ կստեղծի իրականացնելու մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր՝ միաժամանակ նպաստելով հայկական մշակույթի միջազգայնացմանը:
Կարդացեք նաև
Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրենը, ողջունելով Հայաստանում իրականացվող ոլորտային լայնածավալ բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը հատկապես «Մշակույթի զարգացման» հիմնադրամի կարողությունների զարգացման, ինչպես նաև թանգարանների վերափոխման կոնցեպտների մշակման ուղղությամբ:
Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։
Ժաննա Անդրեասյանը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանում սպասվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությանը, որն իրականացվում է Բրիտանական թանգարանի հետ համատեղ:
Քննարկվել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ