Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունեք, որ այս իշխանությունները պոպուլիստ իշխանություններ են, իրենք պոպուլիզմով են եկել իշխանության»․ Արամ Զ․ Սարգսյան

Հունիս 20,2024 15:36

«Ընդունեք, որ այս իշխանությունները պոպուլիստ իշխանություններ են, իրենք պոպուլիզմով են եկել իշխանության, իրենք հիմա էլ, եթե ոչ պոպուլիստական ինչ-որ բան անում են, դա երկրի անվտանգությունից եկող հարցերում է, պատերազմից խուսափելու հարցերում է։ Հետեւաբար, եթե մենք ճիշտ աշխատենք, ներքին հարցումները հենց իրենց ստիպելու են, որ իրենք գնան հանրաքվեին»,- Ժողովրդավարական ուժերի հարթակի՝ այսօր կայացած համաժողովում, իր ելույթում ասաց հարթակի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, այսօր, Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել ու այդ առիթով, բազմաթիվ քննադատություններ հնչեցին հավաքի մասնակիցների կողմից։

«Քառյակի նախաձեռնությունն ուլտիմատիվ չի, մենք որեւէ մեկին չենք պարտադրում, խնդիրը դնում ենք քննարկման»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ հասկանում են՝ համաժողովրդական հանրաքվե անցկացնելը լուրջ համապետական հարց է ու իրենց խնդիրն այս օրակարգը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիք մտցնելն է, որը վաղ թե ուշ Հայաստանը տանելու է Եվրոպա ու բարեբախտաբար, իշխանությունները հարթակ են տրամադրել եւ համաձայնվել են, որ վաղը ԱԺ-ում լսումներ տեղի ունենալու․ «Պետք չէ զայրանալ հակառակ փաստարկներ բերող ելույթներից, դրանց մեջ էլ իմաստ կա, պետք է կարողանալ ճիշտ պատասխանել դրանց»։

A conference on ‘Referendum on Armenia’s accession to the European Union’ took place at Ani Plaza Hotel of Yerevan, Armenia

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ, մեր հանրապետության՝ 33-րդ տարում թեւակոխած նոր փուլը համընկել է համաշխարհային պատերազմի հետ․ «Այս օրակարգը ոչ թե պատերազմի մասին է, այլ պատերազմը մեր տուն չբերելու, խուսափելու, մեզ ապահովագրելու մասին է։ Խնդիրն այն է, որ մենք առնչվում ենք մի փաստի, որ մեր հասարակության մեջ ձեւավորվել է սոցիալական պատվեր եւ Հայաստանում քաղաքական դասը ապրիորի, այն պարտավոր է սպասարկել»։

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանին, որը եվրոպական ամբիոնից ասում է, թե պատրաստ է մեր երկիրը մոտենալ Եվրոպային, այնքան, որքանով այնտեղ մեզ պատրաստ են ընդունել ու դա պետք է համաժողովրդական որոշման արդյունք լինի, ապա՝ Ալեն Սիմոնյանին, որը «հետաքրքիր գաղափար» է համարում հանրաքվեն եւ հավելում՝ երբ առնչվում ենք այն փաստին, որ մեր ռազմավարական գործընկերը երեկվանից Հյուսիսային Կորեան է, մենք չենք կարող տեսական, ակադեմիական բանավեճերի տրվել, իրավիճակը գործնական քայլեր է պահանջում եւ այդ քայլն արված է։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով էլ 2013-ի սեպտեմբերի 3-ին, Հայաստանը՝ հանձինս այդ օրվա իշխանության, ուժի սպառնալիքի ներքո, ենթարկվեց Կրեմլի պահանջին եւ ստորագրեց Մաքսային միությանը միանալու պայմանագիրը․ «Մինչեւ 2018 թվականը, ցավոք նաեւ մինչեւ հիմա, Հայաստանը գտնվում է Կրեմլի սպառնալիքի ներքո»։

Ըստ նրա, այն պայմաններում, որտեղ քո հիմնական աշխատուժը մեկնում է արտագնա աշխատանքի այդ երկրներ, որտեղ կոռուպցիա կա, մարդու իրավունքներ չկան, այլ մշակույթ չի կարող բերել մեր երկիր։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ում միջազգային ժողովրդավարական ներկայացվածությունը երբեք այն աստիճան ծավալուն չի եղել, ինչպես հիմա․ «Մնում է՝ մեր շնորհքը, այդ հնարավորություններն իրացնելու»։

Նա ՔՊ-ի վախերով պայմանավորեց համաժողովին ներկայացուցչի ներկա չլինելը։

Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի համոզմամբ՝ համաշխարհային զարգացում է թելադրում այս հանրաքվեն․ «ՌԴ-ն չունի վերադարձ՝ հզորության գագաթնակետ, որովհետեւ նա իրեն տնտեսապես եւ քաղաքակրթորեն սպառել է»։

ՌԴ-ի հանդեպ մեր ժողովրդի «անքննելի» վերաբերմունքն էլ նա չի հասկանում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ ասաց՝ համեմատաբար ավելի դժվար ճանապարհ գնալը ենթադրում է որոշակի դժվարությունների միջով անցնել․ օրինակ, սննդամթերքի անվտանգության մակարդակը բարձրացվի, այդ թվում՝ նաեւ վարչարարության միջոցով, ինչի արդյունքում ավելի թանկ ենք վճարելու սնունդի համար, բայց դա նաեւ մեր առողջության համար էլ է կարեւոր․ «Կարեւոր է, որ սա չլինի իշխանության որոշում, այլ հանրային կոնսենսուս, որ գնում ենք ավելի բարդ ճանապարհով՝ վերջում ավելի լավ ինչ-որ բան ունենալու համար»։

A conference on ‘Referendum on Armenia’s accession to the European Union’ took place at Ani Plaza Hotel of Yerevan, Armenia

A conference on ‘Referendum on Armenia’s accession to the European Union’ took place at Ani Plaza Hotel of Yerevan, Armenia

Համաժողովն ընդունեց կոչ՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ ԵՄ-ին անդամակցության հարցով առաջիկա 3-4 ամիսների ընթացքում հանրաքվե անցկացնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍՀ says:

    ‘Այն աղբը, որը վերջին օրերին լցվել էր Երեւանի փողոցներ, անհասկանալի, քվազիքաղաքական օրակարգերով՝ հիմնավորապես դուրս կմղենք մեր իրականությունից եւ թույլ չենք տա այսուհետ որեւէ հարձակում՝ ժողովրդավարության նկատմամբ’
    թույլ չենք տա…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930