Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Քաղաքացիներն անընդհատ ձայնագրվելու են։ Բոլոր անմեղ, օրենքի տառին, թվին, մեծատառին հետևող քաղաքացիներին անընդհատ հետևելու են ինչ-որ մարդիկ ՆԳՆ-ում». Սամվել Մարտիրոսյանը՝ ՆԳՆ-ի առաջարկած օրինագծի մասին

Հունիս 20,2024 15:18

«Ռեալ դա նշանակում է, որ Երևանում, օրինակ, գրեթե ամբողջ քաղաքն ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ»,- «Մեդիա կենտրոնում» «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողներ պարտավորվում են տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին: Նախագծի հեղինակների հիմնավորումն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների անկառավարելի աճը:

Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ առաջին ռիսկն այն է, որ, ինչպես հաճախ լինում է, սկսում են հանրային քննարկում անել, արդեն առաջին ընթերցումը ընդունելուց հետո։ Սովորաբար ընդունվում է նախագիծը, հետո են սկսում կարևոր հարցերի քննարկումները։

Փորձագետի կարծիքով՝ օրենսդրական փաթեթով առաջարկվողը մեկ կետից ամբողջությամբ վերահսկողություն է անընդհատ ամբողջ տարածությամբ․ «Ընդ որում, այստեղ կարևոր է հասկանալ՝ պետությունը մի կողմից փաստացի պատասխանատու է, որ այդ տեսախցիկները տեղադրվեն մասնավորների կողմից և որ տրվի անմիջական 24/7 օնլայն ռեժիմով մուտք ՆԳՆ ՊՈԱԿ-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ այս ամենը կենտրոնացված մեկ կետից ամբողջությամբ վերահսկողություն է անընդհատ ամբողջ տարածությամբ։ Պարզ է, որ սա անվտանգության տեսանկյունից կտրուկ որակական դրական հետևանքներ կարող է ունենալ, բայց միշտ պիտի հիշել, երբ անվտանգությունը հզորացվում է, հաճախ բերում է քաղաքացիական ազատությունները սեղմելուն: Պետք է փորձել բալանսը պահել։

Այն երկրները, որոնց փորձին հղում են անում, այնպես չէ, որ այնտեղ հանցագործությունները դադարել են։ Այնպես որ, մի սպասեք, որ այս տեսախցիկները տեղադրվեցին, միանգամից հանցագործությունների թիվը նվազելու է։ Տվյալ դեպքում կա հղում Չինաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի փորձին։ Չինաստանը լավ օրինակ չէ, քանի որ միակուսակցական երկիր է։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան գոհ են, և այդ երկրներում կտրուկ նվազել է հանցագործությունների թիվը։ ԱՄՆ-ում աշխարհում ամենաբարձր տոկոսայնությունն է բանտերում նստած մարդկանց առումով։

Պետությունը պարտադրում է մարդկանց, մասնավորներին ներդնել ահռելի թվով տեսախցիկներ, բաց ոչ մի երաշխիք չունենք, որ դրանք տեխնիկապես ճիշտ վերահսկվելու են։ Մեր աչքերով ենք տեսել, թե ինչպես էին տեսախցիկներով ադրբեջանցիք ներխուժում մարդկանց տները։ Հիմա դրանց թիվը տասնապատկվելու է։ Փաստացի անվտանգությունից ելնելով՝ ինչ-որ բան է արվում՝ չապահովելով անվտանգությունը։

Չեմ տեսնում հստակ մեխանիզմներ։ Քաղաքացիներն անընդհատ ձայնագրվելու են։ Բոլոր անմեղ, օրենքի տառին, թվին, մեծատառին հետևող քաղաքացիներին անընդհատ հետևելու են ինչ-որ մարդիկ ՆԳՆ-ում։ Իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին։ Որտե՞ղ են երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներից ելնելով, չեն հետևելու լրագրողներին, որ բացահայտեն իրենց աղբյուրները, ո՞րն է երաշխիքը, որ կոռուպցիոն բաներ չեն լինի։ Այսինքն՝ ինչ-որ մի չինովնիկ չի օգտագործի իր կնոջ սիրածին գտնելու համար։

ՀՀ-ի պատմության մեջ հիշում եմ դեպքեր, երբ տեսախցիկների մասնավոր նկարահանումները մասնավոր կերպով ինչ-որ մարդիկ ստանում և հանրայնացնում էին, և դա երբեք ոչ մի իրավական հետևանք չի էլ ունեցող։ Չաշխատող մեխանիզմներն ակնհայտ ունենք»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930