«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը։ Քննարկվում են Արևելյան Այսրկովկասի պատմության հիմնահարցերը եւ ադրբեջանական պատմագիտական զեղծարարությունները։
«Նորություն ասած չեմ լինի, թե Շիրվան երկրամասը ինչ կարեւորություն ունի Ադրբեջան պետության համար աշխարհագրական, մշակութային եւ այլ առումներով: Նախ` Ադրբեջանի Հանրապետության զգալի մասը հենց այդ Շիրվան երկրամասն է կազմել, Կուրից այն կողմ, մինչեւ Բաքու Դերբենդ ընկած հատվածն է: Այնտեղ դարեր շարունակ տարբեր ժողովուրդներ, տարբեր դավանանքների, էթնոսների ներկայացուցիչներ պատմություն ու մշակույթ են ստեղծել: Այսօր Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը, ադրբեջանցիները փորձում են այդ ամենը յուրացնել, սեփականել, գրպանել, մինչդեռ 20-րդ դարում ի հայտ եկած այդ ժողովուրդը չի կարող հավակնել մինչ այդ եղած որեւէ իրողության, պատմական հետքի:
Իսկ ինչո՞ւ է մեզ համար սա կարեւոր. մինչեւ 1990թ այդ տարածաշրջանում բավական մեծ թվով հայություն է ապրել, այդտեղ հսկայական հայկական ժառանգություն ու հայկական հետք կա: Ցավոք սրտի, այդ հետքի զգալի մասը կամ ոչնչացված է, կամ ներկայացվում է որպես այլ էթնոսի թողած ժառանգություն, կամ ուղղակի անտեսվում է: Այդ առումով մենք պարտավոր ենք նորից եւ նորից այս հարցը բարձրացնել, քննարկել»,- աշխատաժողովի առանձնահատկությունների ու կարեւոր շեշտադրումների մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց աշխատաժողովի կազմակերպիչներից «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը:
Կարդացեք նաև
«Մեր հիմնադրամի կարեւոր առաքելություններից մեկը, որ իրականացնում ենք, Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայկական ներկայությունն ապացուցող այդ բոլոր փաստաթղթերի, նյութերի հավաքումն ու տարածումն է եւ առավելագույն ձեւով սոցցանցերով, տարբեր կայքերով հանրայնացնելը: Նույնիսկ ադրբեջանցիների նոր սերունդը դրա կարիքը ունի: Նրանց անընդհատ հրամցվում է մեկ այլ՝ հորինված պատմություն: Քանի որ փաստարկները մեր կողքին են, պետք է փորձենք այդ ամենը ցույց տալ: Սա նաեւ մեր աշխատաժողովի կարեւոր առաքելություններից մեկը: Հավաքվել ենք հայաստանցի գիտնականներով, որպեսզի փորձենք քննարկել, որոշակի եզրահանգումների գալ, ուղենիշներ սահմանել մեզ համար՝ հետագա մեր գործունեության նպատակով»,-հավելեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ ի՞նչ են անում, որպեսզի այդ փաստերը, հօգուտ Հայաստանի ու հայերի կռվանները զուտ հայաստանյան գիտնականների շրջանում չմնան, այլ հանրայնացվեն, հասու լինեն դրսի գիտնականներին եւս, Ռոբերտ Ղազարյանն այսպես պատասխանեց. «Դրա համար մի քանի տարբերակներ կան:
Տարբերակ 1. մենք համապատասխան կառույցների համար պատրաստում ենք տեղեկանքներ, որպեսզի իրենց աշխատանքները տանեն՝ դրանց վրա հենվելով, 2-րդ՝ տարաբնույթ միջոցառումների ժամանակ, թե Հայաստանում, թե մեր երկրի սահմաններից դուրս, փորձում ենք օտարերկրյա գիտնականներին եւս ներգրավել նման քննարկումներում: Օրինակ, ավստրիացի հայտնի հայագետ, լեզվաբան Յասմին Դում-Թրագուտի հետ վերջերս կարեւոր հարցազրույց ենք պատրաստել: Մի բան է, երբ մենք ենք խոսում ադրբեջանական զեղծարարությունների ու կեղծիքների մասին, մեկ այլ բան, երբ ինքն է խոսում, ներկայացնում է Աղվանքի եւ տարածաշրջանի պատմությունը:
Մյուս տարբերակն էլ այն է, որ մեր ունեցած փաստաթղթերը տարաբնույթ լեզուներով հնարավորինս տարածում ենք՝ օգտագործելով համացանցի հնարավորությունները: Օրինակ, կարճ գիտահանրամատչելի տեսահոլովակներ ենք պատրաստում եւ տարածում: Մեր կայքում ունենք հատուկ բաժին՝ AZERFAKE, որտեղ գոնե շաբաթական մեկ նյութ տեղադրում ենք այն ցցուն կեղծիքների մասին, որոնց հիման վրա ադրբեջանցիները փորձում են կերտել իրենց պատմությունը:
Սա շարունակական աշխատանք է, որը մենք տանում ենք մի քանի լեզուներով, հենց հիմա՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն: Ժամանակի ընթացքում էլ ավելի կփորձենք ծավալվել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հսկայական քանակական գրոհ է գնացել տարբեր ուղղություններով, մենք պետք է փորձենք որակական գրոհներով գոնե նրանց դեմն առնել, հատկապես որ փաստերն ու ճշմարտությունը մեր կողմն են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է , «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը