«Գիտեմ, որ բացահայտորեն ուզում էին հարձակվել ԱԺ-ի վրա, ներխուժել, որն ինքնին հանցագործություն է եւ դա կանխվեց»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունները, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների վրա լուսաձայնային նռնակներ նետեցին։
Սինանյանն ասաց, որ ինքը փորձագետ չէ, դրան գնահատական կարող են տալ փորձագետները։
«Իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում նման իրավիճակում շատ ավելի կոշտ ուժ կգործածեին, շատ ավելի կոշտ»,-ասաց Սինանյանը։
Կարդացեք նաև
Լրագրողը հիշեցրեց՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նռնակ կիրառելն անթույլատրելի է, Սինանյանն ասաց՝ կարեւոր է, թե ինչ հանգամանքներում եւ ինչ համատեքստում է ասել։
«2018-ի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որեւէ ուժ չկիրառի»,-ասաց Սինանյանը։