«Մարտ ամսին մենք ապրում էինք վերջին տարիների ծայրաստիճան վտանգավոր մի շրջափուլ։ Եթե հիշում եք՝ վարչապետի առաջին այցը Ոսկեպար ուղղակի խոսում էր այն մասին, որ եթե մենք չենք կարողանում արագ համաձայնեցնել սահմանի տվյալ հարցերը, չէր բացառվում պատերազմ։ Դրան հաջորդեցին գործընթացներ, որոնք ուղղակի կասեցրեցին զարգացումների այդ ընթացքը, որի ամենակարեւոր իրադարձությունը կենտրոնացավ ապրիլի 5-ին, երբ Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հանդես եկավ որպես այս ընտանիքի մաս, ԵՄ-ում ու ԱՄՆ-ն իրենց հանձնառությունը ստանձնեցին մեր պետության համար՝ դիմակայության եւ զարգացման համար։ Ի պատասխան, հիմա մենք անելիք ունենք եւ սա կարող է լինել մեր պատասխանը հավաքական արեւմուտքին, որ մենք ձեզ հետ ենք, պատրաստ ենք ընթացքը շարունակել, միասին կառուցել մեր համատեղ ապագան»,-Ժողովրդավարական ուժերի հարթակի՝ այսօր կայացած համաժողովում իր ելույթում ասաց, հարթակի անդամ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ հանրաքվեի գաղափարն իր ղեկավարած կուսակցությանը չէ, բայց իրենք այս հարթակում են, քանի որ հանրային մեծ պահանջ կա այս օրակարգի իրացման եւ իրենք պատրաստ են ժողովրդի պահանջը ձեւակերպել՝ իշխանությանը ներկայացնել, մանավանդ, որ Ադրբեջանը եւ ՌԴ-ն, ամեն անգամ, իրենց հայտարարություններով մեր ժողովրդին դրդում են՝ գնալ այս օրակարգի ետեւից՝ երկիրը ներքին ու արտաքին դիմադրողականության բարձր մակարդակի բերել։
Ըստ բանախոսի, դա պետք է անել հիմա, քանի որ Արեւմուտքի ուշադրությունը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանում, մեծ է։ Նախաձեռնության հեղինակների համար կարեւոր է, որ դա տեղի ունենա աշնանը, երբ Վրաստանում ընտրություններ են ու հանրաքվեն լավ ուղերձ կլինի Վրաստանի մեր գործընկերների համար, քանի որ ՀՀ-ն եւ Վրաստանն իբրեւ մեկ միավոր են դիտարկվում այս գործընթացում, COP 29 է տեղի ունենալու եւ Ադրբեջանում էլ խորհրդարանական ընտրություններ են եւ այս հանրաքվեով «էապես կամրապնդենք մեր քաշային կարգը», մանավանդ, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ COP 29 -ից հետո Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում․ «Հավաստիացնում եմ, որ այսպիսի հանրաքվեից հետո այդպիսի ագրեսիան ուղղակիորեն բացառվում է եւ կարող էինք բացառել որեւէ հարձակում Հայաստանի նկատմամբ, եթե 2013 թվականի սեպտեմբերի 3-ի գիշերը տխրահռչակ, տեղի չունենար (նկատի ունի՝ ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցությունը-Ն․ Գ)»։
Այս օրակարգի այլընտրանքը՝ մեր պետության ու պետականության չգոյությունն է, ըստ նրա եւ համաժողովրդական նման հանրաքվեն կարող է շտկել մեր օրակարգը՝ տանելով այնպիսի պետության կառուցման, որը արժանի կլինի արժեքների, շահերի ընդհանրականություն ունեցող պետությունների հետ քաղաքակրթական օրակարգի մաս կազմելուն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել։
«Այն աղբը, որը վերջին օրերին լցվել էր Երեւանի փողոցներ, անհասկանալի, քվազիքաղաքական օրակարգերով՝ հիմնավորապես դուրս կմղենք մեր իրականությունից եւ թույլ չենք տա այսուհետ որեւէ հարձակում՝ ժողովրդավարության նկատմամբ»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ