Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կսահմանվեն սկուտերների, սքեյթբորդների և անհատական տեղաշարժման այլ  միջոցների երթևեկության կանոնները

Հունիս 20,2024 13:21

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթևեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթևեկությանը ներկայացվող պահանջները  խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ։ Ըստ հիմնավորման՝ վերջին շրջանում Հայաստանում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել ինքնագլորների՝ չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը։ Ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տրվել է այդ միջոցի հասկացությունը, ըստ որի այն մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար: Նախագծով սահմանվել են այդ միջոցների երթևեկությանը ներկայացվող, մասնավորապես, հետևյալ պահանջները՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից տեղաշարժման միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝ հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։ Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։ Արգելվում է անհատական  շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ  բեռ (բացառությամբ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող): «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, մասնավորապես՝  ինքնագլորների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն  առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից տեղաշարժման այդ միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով և այլն:

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, խոսքը բնավ չի գնում ինքնագլորի կանոնները խախտելու դեպքում անպայմանորեն պատասխանատվության ենթարկելու մասին. «Այստեղ շատ կարևոր է ձևավորել այնպիսի մշակույթ, որը թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այսպիսի միջոցների տարածվածությունը և նաև այն հանգամանքը, թե ովքեր են հիմնականում դրանց շահառուները»:  

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է ոլորտի կարգավորմանն ուղղված քայլերի իրականացումը՝ առկա խնդիրները հաղթահարելու նպատակով: «Կարծում եմ՝ նաև կարևոր է,  որ նման օրենսդրական նախագծերը, իհարկե խորհրդարանում կքննարկվեն, բայց  նաև լայն հանրային քննարկում անցնեն, որովհետև շահառուների խմբեր կան, որոնք առնչվում են այս խնդրի հետ», -ասել է վարչապետը:

Թեմայի առնչությամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է հաջորդ փուլում կամ մոտակա ժամանակներում կազմակերպիչների համար ձևակերպել նաև ապահովագրության հարց, քանի որ այն երրորդ անձանց վնասների պատճառման աղբյուր է հանդիսանում. «Առնվազն այդ տրամաբանության մեջ որևէ խնդիր չկա, որ  այդ վճարը մտնի և կազմակերպվի, ընդ որում՝ կազմակերպիչները նույնականացված են այդ ծառայության մեջ: Դա նաև կբերի նրան, որ կազմակերպիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի: Իրենք կսկսեն կարգավորել և դնել կանոններ, որոնք հնարավորություն կտան բացառել դեպքերը, այդ թվում՝  երրորդ անձանց վնասներ հասցնելու»:    

Արձագանքելով՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ապահովագրությանը նախատեսվում է անդրադառնալ երկրորդ փուլում. «Նախնական պետք է մտնենք դաշտ, փորձենք մշակույթը ձևավորել, այնուհետև նոր այլ լրացուցիչ զսպող մեխանիզմներ նախատեսել»:

Գործադիրը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար

2020 թ. ընդունված Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թթ. ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր այն շարունակել: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, 2024 թ. մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թ.՝ այն դարձնելով ավելի թիրախային:

«Ծրագրի շրջանակում 2024 թ.-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ: Իսկ, ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- ասել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ներկայումս հաստատվել և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, պետք է վճարվի 260 մլն դրամ, ևս 300 շահառուի հայտ մշակման փուլում. «Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրի իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը և մտահոգություն հայտնել, որ ոչ բոլոր պոտենցիալ շահառուներն են տեղյակ ծրագրի մասին: Նախարարը վստահեցրել է, որ իրազեկման աշխատանքներն առկա բոլոր միջոցներով շարունակվում են: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նաև վիճակագրությունը, ըստ որի՝ տարեցտարի հայտերը ավելանում են. «Օրինակ՝ եթե 2021-2022-ին մի քանի հարյուր հայտ կար, ապա 2023-ին՝ 9 000-ից ավելի, իսկ այժմ 10 000 հաստատված հայտ կա»:

Միջազգային համագործակցություն. աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը 

Գործադիրի հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին»  նախագիծը: Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին»  նախագծին: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով: Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրման առաջարկությունը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը:

Հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև կանաչ և կապույտ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը:

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ևս 500 շահառու կընդգրկվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «2023 թ.-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացնել 273,613.7 հազար դրամ գումար՝ ծրագրում ևս 500 շահառու ընդգրկելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Աջակցության 1-ին ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով հատկացվում է՝             ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։ Աջակցության 2-րդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և, մասնավորապես, առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը: Աջակցության 3-րդ ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով  նախատեսվում է, մասնավորապես՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել` ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:

Կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման առանձնահատկությունները

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների՝ հրապարակային սակարկություններով օտարման առանձնահատկությունները: Որոշմամբ առաջարկվում է  պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ: Նախատեսվում է նաև սահմանել՝ պետության սեփականությունը դարձած նվերների գնահատման դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվում նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները,  դրանց հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագրերը կամ այլ վերաբերելի փաստաթղթերը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վաճառքն իրականացվում է աճուրդով վաճառքի եղանակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման առանձնահատկությունները՝ այսպիսով ամբողջացնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։

Օգոստոսի 20-26-ը Հայաստանում կանցկացվի «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) կողմից՝ օգոստոսի 20-26-ը Հայաստանում «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը անցկացնելու նպատակով: Նախատեսվում է յուրաքանչյուր անդամ երկրից (10 երկիր)՝ ֆրանսերենի ազգային օլիմպիադայի հաղթող ճանաչված ավագ դպրոցի 2 աշակերտի մասնակցություն՝ իրենց ղեկավարի հետ: CREFECO-ն նպատակահարմար է գտել Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը կազմակերպել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) Դիլիջանի մասնաճյուղում, որի հարկի տակ գտնվում է նաև հյուրատունը: Ըստ հիմնավորման՝ ամառային ճամբարը, որը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման համար, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, թե՛ նոր ընկերների և աշխարհը տարբեր երկրներից եկած հասակակիցների միջոցով ճանաչելու համար:

Այլ որոշումներ. Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով

 Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ շնորհիվ նոր փողոցների անունների, որոնք արտացոլում են կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները, հնարավորություն կտա բնակիչներն ավելի լավ իրազեկված կլինեն իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին:

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է: Նախագծով առաջարկվում է, մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի, ՀՀ տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն, տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ, նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930