Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ զուսպ, բայց իրականում բավականին կոշտ գնահատական է տալիս Հայաստանի գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությանը։ Այս անգամ Հիմնադրամը կոչ է արել նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր սխեմաներով վերջին տարիներին փոխանցվել են կառավարությանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ՎիվաՍել)։
Փաստացի այդ գործարքները Հիմնադրամի կողմից որակվել են որպես աննպատակ (տես Հիմնադրամի փոխտնօրենի հայտարարությունը)։
Իհարկե, սա կարող է ընկալվել որպես իմպերատիվ չպարունակող հայտարարություն։ Սակայն պարզ է, որ այն իր արտացոլումն է ստանալու Հայաստանի վերաբերյալ կայացվող որոշումների տեսքով։
Կարդացեք նաև
Ընդ որում մեկ անգամ արդեն Հիմնադրամն իր որոշմամբ հստակ գնահատական է տվել Հայաստանի գործող իշխանություններին։
2021 թ. օգոստոսին ուժի մեջ մտավ Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար):
Միջոցների հատկացման նպատակն էր օգնել երկրներին դուրս գալ համաճարակով պայմանավորված ճգնաժամից:
Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներից ամենացածր SDR-ը հատկացվել էր Հայաստանին՝ ընդամենը 175 մլն դոլար: Նշենք, որ Ադրբեջանին հատկացվել էր շուրջ 531 մլն դոլար:
Այս փաստը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բաշխման մեթոդաբանության հիմքում ընկած են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափորոշիչներ: Առաջինների շարքին են դասվում երկրի ՀՆԱ-ն, միջազգային պահուստներն ու վճարային հաշվեկշիռը:
Քաղաքական չափորոշիչներից են պետության ինստիտուցիոնալ զարգացման աստիճանն ու իշխանությունների լեգիտիմությունը: Սա է, թերևս, պատճառը, որ, օրինակ Աֆղանստանը, Մյանման ու Վենեսուելան դուրս մնացին շահառու երկրների շարքից:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանում ընթացող ապաինստիտուցիոնալիզացումը, պետական կառավարման համակարգի պարալիզացումը չէր կարող այլ արդյունքի բերել: