Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մեր երեխաներին սպանած հանցագործները չպատժվեն, մենք չենք հանգստանալու»․ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները բողոքի ցույց են անում

Հունիս 20,2024 13:12

ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայության ժամանակ սպանված զինվորների ծնողներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին, բողոքի ցույց էին անում։

Կառավարության նիստի օրերին ծնողները բողոքի ցույց են անում, գլխավոր դատախազից պահանջում են ի վերջո բացահայտել իրենց որդիների սպանությունը։

Կառավարության հետնամուտքի մոտ կանգնած որդեկորույս ծնողների դիմացով անցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, բայց լրագրողները նրա ուշադրությունը հրավիրեցին ծնողների վրա: Մխիթար Հայրապետյանը վերադարձավ ցույց անող ծնողների մոտ ու ասաց․ «Հանկարծ չկարծեք, թե անտեսել եմ, երբ այստեղով անցնում էի, ձեզ չէի տեսել։ Երբ լսեցի ձեր ձայնը, ինքս մոտեցա»։

Սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը Մխիթար Հայրապետյանին խնդիրը ներկայացրեց սկզբից մինչեւ վերջ։

Պատմեց վերջին տարիներին բազմաթիվ անգամ տարբեր հարթակներում, լրատվամիջոցներով ու կառավարության շենքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ ներկայացրած խնդիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի սպանված հինգ զինծառայողների սպանության քրեական գործերն ուսումնասիրվեն, Աննա Վարդապետյանն էլ հանձնաժողովի ղեկավարն էր, ուսումնասիրեց գործերն ու ինքն էլ համոզվեց, որ սպանություն է;

«Վարդապետյանն ասաց՝ միանշանակ, ոչ մի վարկած չի համապատասխանում պաշտոնական վարկածին, միանշանակ, վերաորակում են ստանալու գործերը, հոդվածները փոխվելու են։ Ասաց՝ գնալու եմ գլխավոր դատախազի պաշտոնին, երկու ամիս ժամանակ տվեք, այս գործերը, որ ես անձամբ տեսել եմ, թե ինչ է կատարվել, լացում էր, հուզվում էր, ասում էր՝ ես սենց բան չեմ տեսել, եթե մի գործ ուսումնասիրեի, չէի հավատա, բայց որ այս հինգ քրեական գործերն ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ կեղծվել են, կոծկվել են, վերաորակում եմ տալու։ Երկու տարի է անցել, ոչ մի հանցագործ չի պատժվել»,-ասաց Նանա Մուրադյանը։

Ծնողները վրդովված են, մեկը՝ 14, մյուսը 17 տարի է իրենց որդիների սպանության համար մեղավորներին բացահայտելու համար պայքարում են, իշխանություններ են փոխվում, խոստումներ են տալիս, սակայն որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում․ «Հերիք եղավ, բոլ եղավ մեզ խաբեք, էս քրեական գործերին լուծում տվեք, մենք էլ գնանք տուն` մեր սուգը սգանք։ Էն օրը ոստիկանը նայում` ուրախանում էր, ասում էր՝ մի ծնող է եկել։ Չէ, գալու ենք, վիրահատվել ենք, բայց եկել ենք, չեք պրծնելու մեզանից։ Ո՞ւր են էն դատախազները, որոնք կոծկել են գործերը, թող դրանց պատժեն, ցմահ դատեն, եթե չեն կարողանում դատել մեր երեխաներին սպանողներին»։

Նանա Մուրադյանը այսօր էլ պնդեց՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստում է, երբ ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե այս գործերով նախկին քննիչ կամ դատախազ այլեւս չեն աշխատում․ «Արշակ Մարտիրոսյանը զինվորական դատախազությունում է, տեղակալն է, Գուրգեն Հակոբյանին նոր է հանել, բայց ուրիշ գործով։ Մի՛ ստի, տիկին դատախազ, մենք լռող ծնողներ չենք, մինչեւ մեր երեխաներին սպանած հանցագործները չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները ոչնչացված են, դեպքի վայրերը պահպանված չեն, լավ, բա հիմա ի՞նչ քննություն են անում, թող պատասխանեն։ Վարդապետյանը չի ընդունում մեզ, ասում է՝ շահերի բախում կլինի, իրավունք չունեմ։ Դու համոզված ես, որ սպանություն է, ինչի՞ ես նստել տեղդ, մենք էլ գիտենք այդ ընթացակարգը, որ պիտի զինդատախազը զբաղվի հետո բողոքարկենք, 14-17 տարի է արդեն։ Եթե մարդասպանը պատասխան չտա, դատախազները պիտի պատասխան տան, որ իրեղեն ապացույցները փչացրել են, գործերը կոծկել են, սրանք Վարդապետյանի խոսքերն են»։

Ծնողներից մեկն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինչ կլինի, դիմեք ինձ, հիմա դիմում ենք իրեն, չի ընդունում․ «Վարչապետն ասաց՝ մի հատ ապացույց բերեք, տեսեք, թե ինչ եմ անելու, բոլորը դատվելու են։ Հինգ ապացույց ենք բերել»։

«Իմ տղային սպանել են Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում, ո՞ւր է Ղարաբաղը, ինչի՞ են իմ էրեխուն տարել Ղարաբաղ, եթե Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչի՞ են տարել հոշոտել»,-ասաց Նանա Մուրադյանը։

Ծնողները նախարարին խնդրեցին միջնորդել Վարդապետյանին, որպեսզի արձագանքի, կուսակցական ժողովներում խնդրի մասին խոսեն։

Մխիթարյանն էլ խոստացավ, որ վարչապետի մոտ առաջիկա իր զեկույցի ժամանակ կփոխանցի ծնողների պահանջները․ «Եթե պարտադիր եք համարում՝ կարող եմ խոսել գլխավոր դատախազի հետ, այս պահին առավելագույնը սա եմ խոստանում։ Կիսում եմ ձեր ցավը, բայց ինքս ուղղակիորեն որեւէ կերպ ազդեցություն ունենալ չեմ կարող»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930