Ինչ այլընտրանք ունենք, եթե ասում ենք, որ այս ճանապարհը բարդ է․ Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովի ժամանակ հարց հնչեցրեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանը՝ իր իսկ հարցին պատասխանելով․ «Այլընտրանքը նշանակում է՝ կորցնել ՀՀ-ի սուվերենությունը։ Պատկերացնո՞ւմ եք, ժողովրդավարական հավակնություններ ունեցող պետությունն անտարբեր նայի Ուկրաինայում, Բուչայում տեղի ունեցող իրադարձություններին, որեւէ արձագանք չհնչի մարդու իրավունքների բոլոր խախտումներին, շարքով կանգնի Բելառուսի, Հյուսիսային Կորեայի կողքին»։
Այսօր Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։
Կարդացեք նաև
Հավաքին պետք է ներկա լիներ նաեւ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր եկել։
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանն անդրադարձավ ՌԴ-ից հնչող քննադատություններին, թե այս պլատֆորմը ձեւավորվում է ՀՀ իշխանության վառած կանաչ լույսի ներքո․ «Եթե մենք ազգովին, որպես պետություն, որոշում ենք կայացնում եվրոատլանտյան ուղղությամբ շարժվել, սա իրականում մեծ պատասխանատվություն է ՀՀ իշխանության վրա՝ սկսած դատաիրավական համակարգով, չբարեփոխված ոստիկանությունով, կոռուպցիայով, ինչը թույլ չի տալու եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալ։ Այսինքն, սա նշանակում է լուրջ աշխատանք ՀՀ իշխանությունից, նաեւ՝ քաղհասարակությունից»։
Բանախոսը կարծում է՝ լուրջ խնդիր է բարձրացվում իշխանության դեմ եւ ինքը հույս ունի, որ իշխանությունը պատրաստ է այդ բեռն իր վրա վերցնել եւ եթե նման հանրային պահանջ է ձեւավորվում, բացարձակ նշանակություն չունի, թե հետագայում, ՀՀ-ում ո՞ր ուժը կստանձնի իշխանությունը․ «Դրված է պատվեր, ժողովրդի պատվեր եւ սա երկարաժամկետ տեսանկյունից դառնում է ՀՀ-ի միակ եւ այլընտրանքը չունեցող երեւույթ»։
Նրա գնահատմամբ, այս նախաձեռնության հետագա ընթացքից կախված է մեր, մեր պետության ճակատագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Համաժողովին բացման խոսք ասաց խորհրդային այլախոհ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա հիշեց՝ 1990-ի հունիս-հուլիսին ՌԴ-ն դուրս եկավ Խորհրդային միության կազմից՝ իր հետ տանելով մի շարք խորհրդային պետությունների։ Իսկ ՀՀ-ում իշխող ԳԽ-ում տագնապ էր․ «Կարծում էինք, որ հայ ժողովուրդը հարմարվել է անազատությանը, անպետականությանը։ Մենք 14-րդն էինք, որ հայտարարեցինք ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին ու տագնապած էինք, որ հարեւան երկրները կհարձակվեն Հայաստանի վրա։ Ու 1991-ի սեպտեմբերի 21-ին, անակնկալ էր, որ ժողովրդի 99,9 տոկոսն ասաց՝ դուրս ենք գալիս «Ոսկե հորդայից»։
Մինչդեռ ակնկալիքները գոնե 50 տոկոսի էր։
Առաջիկա հանրաքվեն, ըստ Ազատ Արշակյանի, լինելու է յուրայինների՝ քաղաքակիրթ աշխարհի հետ լինելու մասին․ «Մենք մենակ չենք, մենք լքված չենք։ Այն ժամանակ ասում էին՝ դուրս չգաք ԽՍՀՄ-ից՝ կոչնչանաք, հիմա ասում են՝ մի մտեք՝ կոչնչանաք։ Ես կարծում եմ, մենք կարող ենք դա անել։ Այն ժամանակ՝ վտանգավոր ժամանակ, 5 շարասյունների ճնշման տակ, մենք կարողացել ենք դա անել»։
Նա որոշ մանրամասները հիշեց անկախության պայքարի այլախոհական անցյալից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ