Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի հանդեպ՝ «դուխով», Ալիեւի, Էրդողանի հանդեպ՝ ոչ «դուխով». Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»

Հունիս 20,2024 11:56

Վարչապետ Փաշինյանը հունիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ եւ ցավակցել է Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

Թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է. « Դրանք զուտ պատրվակներ են՝ իբրեւ զրույց ձեւավորելու համար, ինչը բավականին արհեստական է, ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա` հայ-թուրքական փակուղային հարաբերություններին դինամիկա հաղորդելու համար, ինչն այդպես էլ չի հաջողվում, իսկ դա եւս մեկ անգամ փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունները, բանագնացների քայլերն ու գործողությունները որեւէ պտուղ չեն տվել, եւ Թուրքիան շարունակում է Հայաստանին վերաբերվել հայտնի ու անհայտ նախապայմանների ներքո: Հեռախոսազանգի նախաձեռնողն էլ եղել է Հայաստանը, այլ ոչ թե Թուրքիան։ Սա նույնպես կարեւոր է: Այս իշխանության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ երկակի ստանդարտներն այնքան շատ են, որ դրանք ոչ թե տարօրինակ են, այլ` օրինաչափ: Թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ` տարբեր հարցերում երկակի ստանդարտները չափազանց շատ են:

Նույն կոնտեքստում կարող ենք դիտարկել արտաքին քաղաքականությունը եւ նրանց «դուխով» կեցվածքը: Ի դեպ, այդ «դուխով»-ն էլ է խիստ ընտրողաբար լինում․ Լուկաշենկոյի հանդեպ՝ «դուխով», Ալիեւի, Էրդողանի հանդեպ՝ ոչ «դուխով»: Թուրքիան Հայաստանի գլխավոր թշնամին է, Ադրբեջանի ռազմական դաշնակիցը: 44-օրյա պատերազմի ուղիղ մասնակիցը Թուրքիան է, զոհերի, Արցախի հանձնման մեղավորը: Նրանք չեն էլ հերքում այս ամենը: Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով, կոչերով ուղիղ մասնակցել են պատերազմին: Ադրբեջանի հաղթանակի գլխավոր շահառուն Թուրքիան է, չտեսնել այդ ամենը, գնալ Էրդողանի երդմնակալությանը, ժպիտը դեմքին երկրորդ շարքում նստել, բայց միեւնույն ժամանակ մեղադրել Բելառուսին՝ ոչ գործընկերային կեցվածքի համար, առնվազն տարակուսելի է:

Ի դեպ, այստեղ էլ մի տարօրինակ հարց կա․ Հայաստանն ունի այլ մուսուլմանական բարեկամ երկրներ, ինչո՞ւ նույն՝ այս տոնի կապակցությամբ Փաշինյանը չի զանգահարում Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ղեկավարներին եւ շնորհավորում»,- եզրափակում է թուրքագետը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930