Ապրիլին Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ պահանջ էր դրել, որ Հայաստանը չզինվի այնքան, որը կարող է վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, և, որ սա կնշանակի սպառազինության մրցավազքի շարունակում տարածաշրջանում: Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայից, Հնդկաստանից Հայաստանին մատակարարվող զենքի մասին է:
Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերող Ադրբեջանը կոնկրետ սպառնում է՝ ՀՀ զինված ուժերը չպետք է լուրջ սպառազինություն ձեռք բերի, հզորանա:
Ինչու, որովհետև նման բովանդակությամբ հայտարարություններ արել է նաև ՀՀ ղեկավարը, անուղղակի կերպով տվել համապատասխան խոստումներ Ադրբեջանին:
Մասնավորապես, այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակի խնդիրները բաժանել էր լեգիտիմի և ոչ լեգիտիմի:
Կարդացեք նաև
«Տեսեք, նախ մենք ընդգծում ենք, և յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն և կարիք ունի, որովհետև եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ»:
Հիմա ավելի պարզ բացատրելու համար՝ ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով:
…Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,- շարունակել էր նա:
Այսինքն, Ալիևն ասում է այն, ինչ Փաշինյանն է ասել, ինչո՞ւ համապատասխան պետական գերատեսչություններն այս պահանջը նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում չեն բարձրացնում, այս դեպքում Ալիևն էլ բանակի առաջ նման խնդիր չէր դնի:
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի պարտության նոր կամ նորացված պատճառ է գտել՝ «սրբացրել ենք բանակը»:
Ի դեպ, հետաքրքիր է՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈւ ղեկավարությունն ինչպես է ընդունելու Փաշինյանի հերթական հակաբանակային հայտարարությունը՝ Թուրքիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո արված:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։