Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը, որը մինչեւ ատամները զինվում է և աչքի է ընկնում հայատյաց, ագրեսիվ պահվածքով, նման բան մեզ չպետք է ասի: Բաքուն շատ է վախենում, որ մենք մեր մեջքը կուղղենք. Մհեր Հակոբյան. «Հրապարակ»

Հունիս 20,2024 11:29

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

– Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող զենքերը նպաստում են լարվածության օջախների աճին ու Հայաստանին դրդում են ագրեսիայի: Նման հիստերիկ դրսեւորումների մեղավորը գուցե մե՞նք ենք, չէ՞ որ մենք երբեք չենք բարձրաձայնում, որ Ադրբեջանը կատաղի զինվում է, եւ չենք հասկացնում, որ ցանկացած պետություն իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք ունի:

– Նախ սկսենք նրանից, որ այս պահին գոնե Բաքվի պատկերացումներում ինքն ու Հայաստանի Հանրապետությունը հավասար կողմեր չեն։ Բաքուն ելնում է այն կանխավարկածից, որ ինքը հաղթել է արցախյան երրորդ՝ մեզ համար ողբերգական պատերազմում, 2023 թ. սեպտեմբերին հայաթափել է Արցախն ու Ղարաբաղի խնդիրը, այսպես կոչված՝ լուծել է: Մոտավորապես այնպես, ինչպես առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների վերջում Գերմանիային թելադրեցին: Հիմա Բաքուն, ունենալով ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, ընդհուպ` հոգեբանական առավելություն, այդ դիրքերից է հանդես գալիս: Կենցաղային օրինակով․ երբ թաղում մի տղայի մեկն անընդհատ հայհոյում է, իսկ նա ձայն չի հանում՝ այդ վիճակն է: Հիմա այդ նույն Բաքուն ցինիկաբար հրետանային միջոցներ է ձեռք բերում, օրինակ, Սլովենիայից… լայն ռազմատեխնիկական համագործակցություն Իսրայելի հետ, այսինքն, իրեն կարելի է՝ մեզ չի կարելի: Այս ամենը միջազգային բոլոր գրված-չգրված օրենքներին դեմ է, որովհետեւ, նախ, ամեն պետության ներքին գործն է՝ զինվել-չզինվելը, եւ Ադրբեջանը, որն անընդհատ մինչեւ ատամները զինվում է եւ աչքի է ընկնում հայատյաց, ագրեսիվ պահվածքով, նման բան մեզ չպետք է ասի: Այս հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ, տեսեք` հայերը զինվում են, դրա համար եմ ես էլ զինվում: Ավելորդ է ասել, որ սա մեր երկրի թե՛ ներքին, թե՛ հատկապես արտաքին անհաջող քաղաքականության արդյունքն է: Մենք բանը հասցրել ենք նրան, որ մեզ նման բան են ասում․ մեր իրականությունն այդ է: 2 պետությունների հարաբերություններում բալանսը խախտված է, մեր կողմը չի ուզում այդ բալանսը վերականգնել` հոգեբանական, ռազմական, սոցիալական: Մյուս կողմն էլ չի ուզում ոչինչ զիջել, այլ ձգտում է վերջնական տեքստ տալ այդ ամեն ինչին` չէ՞ որ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը կապիտուլացված չէ, ինչպես առաջին համաշխարհայինի վերջում Գերմանիան, երբ հաղթող ուժերը նրան պայմաններ թելադրեցին: Այո, մենք Արցախը կորցրինք, Արցախը հայաթափվեց, բայց մենք պարտված չենք: Ու իրենք շատ են վախենում, որ մենք մեր մեջքը կուղղենք, ու շատ լավ գիտեն, թե իրենց հայատյաց քաղաքականությունն ու Ալիեւի դիկտատորական ռեժիմն ապագայում ինչ պրոբլեմ են ստեղծում Բաքվի համար:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930