Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինչպիսի շարունակություն ընտրել, որպեսզի շարժման պարտությունը չդառնա իշխանության վերջնական հաղթանակը

Հունիս 20,2024 13:00

2020թ.-ից մինչ այսօր, ժողովուրդը հստակ տեսնում է, թե գործող իշխանություններն իրենց ինչպես են դրսեւորում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն ժողովուրդը կարծես քնած է, անտարբեր եւ ընդդիմանալու լուրջ քայլեր չի անում, իր պահվածքով փաստացի ոչ ավելի, ոչ պակաս ազդարարելով, որ ինքը դեմ չէ նույն կերպ՝ նաեւ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հարցում: Սա պարզորոշ վկայում է, որ իր համար կարծես միեւնույն է, ինքը կհայտնվի Ադրբեջանի կազմում, թե կմնա Հայաստանի կազմում: Իհարկե, սրանից ավելի զարմանալի բան դժվար է պատկերացնել, սրանից ավելի անթասիբ պահելաձեւ անհնար է երեւակայել: Սա ոչ թե աբսուրդային, այլեւ տիեզերական աբսուրդային պահելաձեւ է, որը մարդկային պատմության մեջ չի եղել եւ այսուհետ չի էլ լինելու ու ըստ երեւույթին միակ դեպքն է: Դավաճանությունն իր ողջ խորքով սրա համեմատ չքմեղություն է եւ փաստորեն, հայ ժողովուրդն ունակ չլինելով մեկ ուրիշ քայլ անել, որով կտարբերվի այլ ազգերից ու կդառնա եզակի, վարվում է այսպես: Բնական է, որ անհարին է որեւէ անուն տալ այս ապրելակերպին …

Վերջին տարիներին, չհաշված որոշակի փոքրիկ շարժումները, տեղի ունեցավ երկու համեմատաբար մեծ շարժումների ձեւավորում՝ ընդդիմության կողմից Դիմադրության եւ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որոնցից առաջինը վերջնական հաջողության չհասավ՝ նաեւ իր որոշակի սխալների պատճառով, իսկ երկրորդը՝ որպես գլխավոր բաղադրիչ, հիմքում չդրեց ժողովրդի մեծաքանակ հատվածի ապահովումը շարժմանը ու հենց այս պատճառով գործող իշխանությունը իր համար ճիշտ հաշվարկեց եւ ոստիկանական բիրտ ուժով ջարդեց շարժման ողնաշարը, կալանավորելով բազում ակտիվիստների՝ կարելով նաեւ բազում քրեական վարույթներ: Դա իրականացվեց նույն պարզ պատճառով, որ ցուցարարների թիվը փոքր էր, ինչը, փաստորեն, շարժման ղեկավարության հիմնական բացթողումն էր, քանզի նա կարծես հաշվի չառավ, որ իր առջեւ բիրտ ուժ է կանգնած եւ եթե չհավաքվի 100 ու ավելի հազար ցուցարար, ապա անիմաստ էր փորձել ոստիկանական պատը ճեղքելու գործողությունը, որն ավարտվեց նրանով, ինչով եւ պետք է ավարտվեր: Պետք է հաշվի առնել, որ սա հերթական պայքարը չէ եւ այն ձախողելուց՝ չհաջողելուց հետո, իշխանության հաղթանակը կդառնա վերջնական ու անբեկանելի: Հետեւաբար, շարժման պարտությունը դառնում է գործող իշխանության վերջնական հաղթանակը եւ երկար ժամանակ որեւէ ուժ չի կարող գլուխ բարձրացնել ու փորձել պայքարել ռեժիմի դեմ:

Փաստացի, շարժման ղեկավարության հիմնական բացթողումն այն էր, որ չէր կարելի որեւէ լուրջ գործողություն ձեռնարկել, քանի դեռ գլխավոր հարցը՝ ցուցարարների լրջագույն քանակ ապահովելը չի իրականացվել: Այստեղ, իհարկե, լրջագույն հարց է առաջանում ու շարժման ղեկավարությունը կարող է ասել, որ ինչ եւ ինչպես փորձում են այս գերկարեւոր խնդիրը լուծել, միեւույն է, չի հաջողվում, որքան կարող են սպասել: Միեւնույն է, քանի դեռ այդ խնդիրը լուծված չէր, պետք չէր նման գործողության գնալ, քանզի դա ավարտվելու էր մեծագույն ծեծուջարդով՝ քրեական մեծ ծավալի վարույթների ուղեկցությամբ, ինչը եւ տեղի ունեցավ: Սա պրակտիկ շատ մեծ դաս է շարժման համար, որից պետք էր ամեն կերպ խուսափել: Սակայն կուտը կուլ տրվեց եւ այսօր շարժումը կանգնած է լուրջ խոչընդոտների առջեւ ու մեծագույն հարցը հետեւյալում է. ինչպիսի շարունակություն ընտրել, որպեսզի հոնքը դնելու փոխարեն՝ աչքն էլ չհանվի:

Համոզված եմ, որ իշխանության այս պահին արձանագրած հաջողությունը դեռ վերջնական չէ եւ շարժումը նրբորեն աշխատելով վերը նշված խնդրի՝ մեծաքանակ ժողովուրդ հավաքելու վրա, չպետք է եւս մեկ անգամ շտապի ու վերջնականապես ձախողի շարժման հաղթանակի հնարավորությունը:

Որ Բագրատ սրբազանը շիտակ, մաքուր, հայրենասեր մարդ է, դրանում կասկած լինել չի կարող: Նա ոչ մի անձնական շահ չի հետապնդում, նրա միակ նպատակը հայրենիքն ամբողջական, անվտանգ ու բարգավաճ պահելն ու տեսնելն է, սակայն նրա կողքին դեռ տեսանելի չեն այն մարդիկ, ովքեր լուրջ քաղաքական փորձառություն ունեին, որպեսզի կարողանային ճիշտ խորհուրդներ տալ շարժման ժամանակային ընթացքը ճիշտ կառավարելու համար: Նրանք չկարողացան առաջ քաշել այն խնդիրները, որոնց հիմքի վրա պետք է զարգանային, ընդլայնվեին ու հասունանային շարժման ավարտական գործողությունները: Իսկ մեկ հոգին չէր կարող ամեն ինչ եւ ամբողջական վերլուծել ու հաշվել, որի հետեւանքով եղավ այն, ինչ եղավ: Շատ ափսոս, որ ինչ-որ իմաստով փոշիացվում է տարիների ընթացքում առաջին անգամ այսքան շատ մարդ հավաքելու հնարավորությունը՝ իրողությունը եւ չափազանց մեծ ջանքեր պետք է ներդրվի շարժումը նախկին վիճակին բերելու ու նույն կերպ զարգացնելու համար: Իհարկե, պետք է խոստովանենք նաեւ, որ ցանկացած իշխանություն պետք է արձագանքեր այս պայքարին, իհարկե՝ ոչ այն կերպ, ինչպես արեց իշխանությունը, որը ոչ այլ ինչ էր, քան բռնատիրական հանցագործություն, որը ոչ մի կերպ մարդկային ուղեղում չի կարող տեղավորվել:

Կարծում եմ՝ ժողովուրդը շատ երկար բան ունի մտածելու:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Նկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ՖԲ էջից

«Առավոտ» օրաթերթ
19.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930