Լրահոս
Օրվա լրահոսը

Պուչինիի «Բոհեմ» օպերայի բոհեմական ներկայացումը Երեւանի օպերային թատրոնում

Հունիս 20,2024 12:30

Պուչինիի «Բոհեմի» պրեմիերան կայացավ հունիսի 14-ին, Երեւանի օպերային թատրոնում։ Այս չքնաղ օպերան, որը սկսվում է առանց օպերային ներկայացումներում ընդունված նախաբանի, վարագույրի բացվելով, առաջին իսկ հնչյունից ընդհանուր բոհեմական տրամադրությունը սկսում է իշխել հանդիսասրահում։

Չորս գործողությունը երկու գործողության վերածված երեւանյան ներկայացումը թեթեւասահ արագությամբ ընթանում է դեպի իր զվարթ պատմության դրամատիկ, իսկ ավելի ճիշտ` ողբերգական վերջաբանը եւ բոհեմի կյանքով ապրող կերպարների, ոչ պակաս բոհեմական կյանքով ապրող արտիստների՝ մեկը մյուսից ավելի կատարյալ կատարումներով։ Երկու ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, թատրոնից դուրս ես գալիս մի ամբողջ ստեղծագործական աշխարհ կամ գուցեեւ մի նոր տիեզերք հետդ տանելով։


Եվ դեռ երկար ժամանակ գեղեցիկ, ուրախ, միաժամանակ ողբերգական, բայց չքնաղ ու ներդաշնակ երեւույթի մեջ չես կարողանում տարբերակել կերպարը` արտիստական կատարումից, կատարումը` բեմադրությունից, հանճարեղ գրված երաժշտությունը` նվագախմբի բարձրարվեստ մեկնաբանությունից, նկարչական ձեւավորումը` մտահղացված պատմությունից, երեւանյան ներկայացումը` աշխարհի բազմաթիվ այլ ներկայացումներից եւ այդ խճճանքի մեջ մենք հիշեցինք, որ դեռ ձմռանը, Բուլղարիայից հրավիրված ճանաչված բաս եւ օպերային ներկայացումների բազմափորձ ռեժիսոր Օրլին Անաստասսովը, երբ դեռեւս նոր էր հանդիպել Երեւանի օպերային թատրոնի արտիստների հետ ու առանձնապես «Բոհեմի» երգիչների հետ, դեռ առանց բեմադրությունը սկսելու, մեզ հետ զրույցում, ի զարմանս հայտնեց, որ այս ներկայացումն անպայման պետք է եվրոպական մեծ բեմ բարձրանա, քանի որ «ձայների» հետ հենց առաջին իսկ ծանոթությունից նրա փորձառու աչքն ու ունկը միանգամից տեսել է կայանալիք գալիք ներկայացումը։

Մեր դիտարկմամբ՝ այսօր արդեն իրականություն է դարձել ռեժիսորի «տեսլականը» կամ տեսիլքը, ինչն իրականացված է փայլուն վարպետությամբ եւ իր բեմադրա-արտիստական ու արտադրա-տնտեսական կատարմամբ համահունչ է ժամանակակից միջազգային բեմի պահանջներին։ Հիմա արդեն պարզ տեսանելի է, որ երեւանյան «Բոհեմը» միջազգային շրջագայության մեծ աշխարհագրություն է ունենալու՝ ոչ միայն առաջին եւ երկրորդ մեկը մյուսին գերազանցող կազմերով, այլեւ տեղ ու ժամանակ կգտնվի երրորդ, չորրորդ եւ նույնիսկ հինգերորդ կազմերի ելույթների համար:
Դիրիժոր Դավիդե Մասսիլյայի (Իտալիա) երաժշտական ղեկավարությամբ նվագախումբը, Նարինե Ոսկանյանի խմբավարությամբ գործող երգչախումբը եւ Արա Ասատուրյանի պարուսուցմամբ բեմում թեթեւությամբ տեղաշարժվող նույն երգչախումբը եւ, իհարկե, բեմադրության ու զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյանի ստեղծած բեմական միջավայրը հնարավորություն է տալիս Միմիի, Ռոդոլֆոյի, Մուզետտայի, Մարչելլոյի, Կոլլինեի, Շոնարի, Բենուայի, Ալչինդորոյի դերերգերի բոլոր կատարողներին հանդես գալու աշխարհի բարձրակարգ բեմերում: Նշենք միայն, որ ներկայացման բեմելի առաջին օրը համապատասխան դերերում հանդես եկան Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հեղինե Խաչատրյանը, Դավիթ Բաբայանցը, Հայկ Տիգրանյանը, Գեորգի Առաքելովը, Բողոս Բիազբեկյանը, Զոհրաբ Զոհրաբյանը:

Մի միտք կարծես թեւածում էր դահլիճում. լավ կլիներ, որ Պուչինին, որը «Բոհեմը» գրել է 1896 թվականին, հրաշքով ներկա լիներ ներկայացմանը եւ հիանար իր իսկ ստեղծագործությամբ` տեսնելով երեւանյան արտիստների կատարյալ կատարումները, որոնք համաքայլ են համաշխարհային բեմի հարյուրավոր հաջողված ներկայացումներին եւ որտեղ հրաշալի ներկայացված են արտիստական բոհեմական աշխարհի բացառիկ ինքնատիպ հերոսները` սովորական օրենքներից դուրս մարդիկ` աղքատ, ազատ, անկաշկանդ, հատկապես հանճարեղ արվեստագետներից շատերը, որոնք ապրում են տառապալից կյանքով, բայց սիրո, արվեստի ու անփող երջանկության մեջ… Պատահական չէ, որ մեր ու աշխարհի Շառլ Ազնավուրը իր «Բոհեմ»-ում գրում ու երգում է.

«…Դա բոհեմն էր, մեր բոհեմը,

Ջահել էինք, ազատ ու խենթ։

Դա բոհեմն էր, մեր բոհեմը,

Այդ օրերը էլ չեն գա ետ»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Երեւանի օպերային թատրոնում «Բոհեմը» առաջին անգամ բեմադրվել է 1936թ. (դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, ռեժիսոր՝ Լեւոն Քալանթար, ապա 1946-ին (դիրիժոր՝ Միքայել Մալունցյան, ռեժիսոր՝ Գոհարինե Մելքումյան) եւ 1986 թ. (դիրիժոր՝ Յուրի Դավթյան, ռեժիսոր՝ Նորայր Սարգսյան):

«Առավոտ» օրաթերթ
19.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930