Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը «վճռականորեն պաշտպանում է» արցախահայության վերադարձի իրավունքը

Հունիս 20,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայաստանյան այցի, Հայաստանի իշխանությունների հետ անցկացրած բանակցությունների ֆոնին ծավալուն հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որում բավական ուշագրավ գնահատականներով, հետաքրքրական ենթատեքստերով մտքեր է արտահայտել, որոնք մտորումների ու եզրահանգումների լուրջ հիմքեր են:

Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի

Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ասել է Ջեյմս Օ’Բրայենը, ընդգծելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առեւտուրը, այլեւ նոր արդյունաբերություններն այդ երթուղու ողջ երկայնքով», – ասել է նա։ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարն ընդգծել է. «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլեւս այդքան կարեւոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաեւ կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»:

«Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առեւտուր էր»

Արդյոք Բաքուն մինչ այժմ տատանվում է համաձայնելու հարցում, փոխպետքարտուղարն արձագանքել է՝ իր կարծիքով՝ երկու կողմն էլ հավատարիմ են խաղաղությանը, եւ Նահանգներում ակնկալում են, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում նրանք կարող են համաձայնության հասնել։ Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն նորանոր պահանջներ դնում, Ջեյմս Օ’Բրայենը հակադարձել է. «Կարծում եմ, որ մենք իրապես երկու կողմից էլ տեսնում ենք կոշտ սակարկություններ եւ նաեւ հետաքրքիր մարտավարական հնարքների մի շարք՝ համաձայնության հասնելու ուղիների շուրջ: Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առեւտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

«Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող»

Բանակցությունների ընթացքում, հատկապես սկզբնական փուլում, Հայաստանի վարչապետը հայտարարում էր, թե ձեռք բերված պայմանավորվածությունների համար պետք է միջազգային երաշխիքներ լինեն։ Հարցին՝ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ այդ պայմանավորվածությունների երաշխավորը, փոխպետքարտուղարն արձագանքել է՝ կողմերից որեւէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել. «Թե կոնկրետ ինչ դեր մենք կարող ենք ունենալ կամ չունենալ, իրականում պետք է որոշեն երկու կողմերը: Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տեւական կլինի»:

Վերջերս Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պայման առաջ քաշեց, համաձա՞յն է ԱՄՆ-ն նրա հետ, որ հակամարտությունը այլեւս լուծված է, եւ միջազգային հանրությունը՝ ներառյալ ԱՄՆ-ը, այսուհետ անելիք չունի։ Ջեյմս Օ’Բրայենի պատասխանն այսպիսին է. «Կարծում եմ, որ կողմերն են, որ պետք է համաձայնության գան։ Ալիեւը նման խնդրանքով է դիմել: Ես կարծում եմ, որ որոշումը, թե ինչպիսի միջազգային դերակատարում պետք է լինի Խաղաղության համաձայնագրին սատարելու հարցում, երկու կողմերը պետք է կայացնեն։ Եվ այդ ժամանակ մենք մեծապես կաջակցենք ձեռք բերված համաձայնությանը»:

Ալիեւի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին

Երեւան ժամանելուց ամիսներ առաջ՝ անցած նոյեմբերին, փոխպետքարտուղարը Կոնգրեսում պնդել էր, թե ԱՄՆ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ նորմալ չեն լինի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Նաեւ՝ ընդգծել, թե Ադրբեջանը պետք է երաշխավորի Ղարաբաղի հայերի վերադարձն ու իրավունքները, չբացառելով, որ հակառակ դեպքում նախագահ Ալիեւի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։

Անցյալ սեպտեմբերին՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Օ’Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կհորդորի Ադրբեջանի իշխանություններին դյուրացնել հայերի վերադարձը եւ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկությունը: Փոխարենը՝ ադրբեջանցիները քանդում են դարերով այնտեղ ապրած ժողովրդի ընտրված ներկայացուցիչների շենքերը։ Ալիեւի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, ինչպես պաշտոնյան նշել էր անցյալ տարվա նոյեմբերին: Ջեյմս Օ’Բրայենը պատասխանել է. «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաեւ դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, եւ հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր եւ կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: Մենք վճռականորեն պաշտպանում ենք վերադարձի իրավունքը։ Դա նախատեսված է միջազգային իրավունքով։ Եվ կշարունակենք աշխատել, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունենան։ Կրկին, կարծում եմ, այս բոլոր հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն Խաղաղության համաձայնագրի համատեքստում։ Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց մի բան է, որին մենք հանձնառու կմնանք, որպեսզի առաջընթացի հասնենք»։

«Ես անպայմանորեն չէի օգտագործի «ինտեգրում» բառը»

Վերջերս նախագահներ Բայդենն ու Մակրոնը հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Կովկասում խաղաղ գործընթացին ու նաեւ՝ հետագա տարածաշրջանային ինտեգրմանը։ Ինչպիսի՞ ինտեգրացիա կարող է լինել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հարցին, ամերիկացի պաշտոնյան խիստ ուշագրավ մեկնաբանություն է անում. «Ես անպայմանորեն չէի օգտագործի «ինտեգրում» բառը այդ երեքի միջեւ: Ե՛վ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը շահագրգռված են ավելի մոտ լինելու Եվրամիությանը եւ միասնական շուկային՝ լինի դա ազատ առեւտրի պայմանավորվածություն, թե այլ բան: Եվ, նման ինտեգրումը, կարծում եմ՝ կարագանա Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, եւ թույլ կտա ներդրումներ կատարել Հայաստանում, Վրաստանում եւ այլուր։ Խաղաղության համաձայնագրի օգուտներից կլինի ոչ միայն անվտանգությունը, որը այն կբերի տարածաշրջանում ապրող մարդկանց, այլ նաեւ առեւտրային երթուղի ունենալու հնարավորությունը, որը կանցնի Ղազախստանից դեպի Թուրքիա՝ դուրս գալով Միջերկրական ծով կամ Սեւ ծով: Եվ այդ երթուղին կլրացնի մեկ այլ երթուղի, որն արդեն գոյություն ունի՝ անցնելով Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան՝ դեպի Սեւ ծով: Այս երկու երթուղիները միասին կապահովեն Կենտրոնական Ասիայի երկրներին առաջին մուտքը համաշխարհային շուկա, որը կախված չէ Ռուսաստանից կամ Չինաստանից: Եվ դա մի հնարավորություն է, որին մենք մեծապես աջակցում ենք։ Դրանով դուք կտեսնեք, թե ինչպես են տարածաշրջանի տնտեսությունները շահում՝ ավելի բաց լինելու, մարդկանց ազատ տեղաշարժի, իրենց՝ նաեւ իրենց ցանկացած վայրում ապրելու հնարավորությունից»։

Դուք համաձա՞յն եք «Զանգեզուրի միջանցքի» այն բանաձեւի հետ, որը Բաքուն է առաջ քաշում հարցին՝ Ջեյմս Օ’Բրայենը պատասխանում է. «Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առեւտրային մի ճանապարհ՝ շատ նման «Խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին: Այժմ կան արդեն գոյություն ունեցող երթուղիներ, որտեղ արդեն փորված են թունելներ ու կան երկաթուղային գծեր։ Ուստի, իմաստ ունի սկսել դրանք դիտարկելով: Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով մինչեւ Վրաստան, մյուսները՝ Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսեք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի: Այսպիսով, սա լայն հասկացություն է, ինչին մենք աջակցում ենք»:

Հատկապես Հայաստանի իշխանությունների համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի գնահատականներում այնքան նուրբ, բայց թափանցիկ ակնարկներ կան, որոնք հայկական դիվանագիտությունը կարող է, ցանկության դեպքում, ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ արցախահայության նախաձեռնություններով հանդես գալ եւ ավելին` հասնել դրանց իրականացմանը, քանի որ կարող է այդ հարցերում ստանալ Վաշինգտոնի անվերապահ աջակցությունը:

Մնում է հասկանալ, դիվանագետների խոսքը վերծանելու, վերլուծելու ու եզրահանգումների գալու հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների շարքում պրոֆեսիոնալներ կա՞ն:

Բացի այդ, մի շատ կարեւոր հարց կա, որը պարզաբանման անհրաժեշտություն ունի. Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին քայլերը հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ այս իշխանությունը, փաստացի, Հայաստանի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի եւ Փարիզի առաջարկները փոխարինում է «3+3» տարածաշրջանային ձեւաչափով, այսինքն` Ռուսաստան-Թուրքիա դաշինքում է տեսնում Հայաստանի ապագան։ Մինչդեռ Օ’Բրայենը բացահայտ նշել է, որ իրենց համար տարածաշրջանը` Հայաստանն ու Վրաստանն են։ Հետեւաբար, ինչպե՞ս է պաշտոնական Երեւանն արձագանքելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, ամերիկյան արտաքին քաղաքականության «ծանր հրետանու» երեւանյան հայտարարություններին: Հայաստանի իշխանությունները պարտավոր են հստակեցնել իրենց իրական նպատակները:

«Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարեւոր է ԱՄՆ-ի համար»

Նկատենք, որ Ջեյմս Օ’Բրայենի այցից մի քանի օր անց Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման` ԱՄՆ քաղաքապետերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Նրա այցի շրջանակներում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:

Անդրադառնալով հունիսի 12-ին Երեւանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին՝ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը նշել է. «Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, եւ այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլեւ որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին»:

Ի պատասխան՝ Ռիչարդ Վերման նշել է. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարեւոր է Միացյալ Նահանգների համար, եւ այստեղի քննարկումների արդյունքում մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության եւ բարգավաճման, տնտեսության, առեւտրի, մարդկանց միջեւ շփումների ոլորտներում, եւ շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ապակենտրոնացված համագործակցության հարցեր՝ կարեւորելով Հայաստանի մարզերի ու քաղաքների եւ ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջեւ ձեւավորված համագործակցության հաստատումն ու ընդլայնման հնարավորությունները: Միրզոյանն ու Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաեւ ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքստում:

Ի դեպ, ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցերի ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրեց ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երեւանի իրավասության դաշտում է։ «Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, եւ մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ եւ կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան՝ արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930