Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ մենք էինք երկար եղունգներով ու կարմիր մանիկյուրով»

Հունիս 20,2024 13:30

Բժշկական կազմակերպությունում բուժանձնակազմի ձեռքերի ախտահանման համար կիրառվող միջոցներն օգտագործվում են դրանց կից մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

Հունիսի 1-ին ուժի մեջ մտավ բուժհաստատություններում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունված եւ հաստատված նորմատիվ իրավական ակտը: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մասնավորապես տեղեկացրել էր. «ՀՀ-ում առաջին անգամ նախարարի հրամանով ընդունվել եւ հաստատվել է նորմատիվ իրավական ակտ: Նշվել են բոլոր այն պահանջները, թե ինչ պետք է իրականացվի, ինչով պետք է ապահովի բժշկական կազմակերպությունը: Այս իրավական ակտը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած առաջարկների հիման վրա»: N 46-Ն հրամանը դեռ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին էր շրջանառության մեջ դրվել: Սահմանված նոր կանոնների համաձայն՝ արգելվում է բժիշկներին «շիլաք», «գել լաք» անել, արհեստական երկար եղունգներ ունենալ, կրել ժամացույց, մատանի… «իրավախախտներին» սպառնում է տուգանք: Հրամանը վաղուց բուժհիմնարկների պատերին է:

Ես զրուցեցի բժիշկներից մի քանիսի հետ. գինեկոլոգ, մանկաբույժ, սրտաբան՝ հասկանալու համար, թե արդյոք հրամանը հետագայում չի՞ վիճարկվի դատարաններում, քանի որ, ըստ իս, անմշակ տարրեր շատ կան, «Առավոտի» տեղեկություններով՝ իրավաբանները պատրաստվում են վիճարկել իրավաբան նախարարի հրամանը դատարանում:

Ներկայացնում եմ նրանց պատասխաններից հատվածներ.

– Առհասարակ, ձեռքերի հիգիենան, մատնահարդարումը թերագնահատվել է մեզ մոտ: Ես ինքս եղել եմ աշխարհի տարբեր երկրների բուժհաստատություններում, որտեղ նմանատիպ քայլերի առողջապահական հիմնարկները գնացել են շատ վաղոււց, որովհետեւ դրանով իսկ կանխվում է վարակների աճը, փոխանցումը:

– Ամենքն ունեն իրենց մանրէները, որով կարող է փոխանցվել վարակը: Մի քիչ ուշացած կանոններ են: Մենակ մենք էինք երկար եղունգներով ու կարմիր մանիկյուրով…

– Էլի թող կարճ լինեն եղունգները, բայց հստակ լինի՝ պահանջն ում է վերաբերվում: Չի տարանջատված, կոնսուլտացիայի բժիշկ է… Կանոնների մեջ սահմանվել է՝ ժամացույց, մատանի, զարդ չլինի: Եթե բժիշկը նստած կոնսուլտացիա է անում, դա բացարձակ չի խանգարում:

– Ձեր հարցին, թե բայց դուք ձեռնոցով եք, այո, բայց ձեռնոցը կարող է պատռվել: Նույնիսկ եթե ախտահանիչ նյութ ես օգտագործում, մանիկյուրի վրա չի ազդում, այդ նույն բժիշկը կարող է վարակը տուն տանել այդ նույն մանիկյուրով:

– Հանձնաժողովներ են ստեղծվելու, կիսատ-պռատ է որոշումը, որոշումը տարանջատում չի դնում, ստացիոնարի բժշկի՞ն է վերաբերում, պոլիկլինիկայի բժշկի՞ն, այնքան որ տուգանքը որոշել են ու վերջ:

– Իսկ տեղյա՞կ եք, որ մատենավարներին նույնիսկ չի թույլատրվում, աբսուրդ, մարդ, ով հիվանդի հետ բացարձակ գործ չունի, կարող է նա ունենա կարճ եղունգ, բայց լաքապատ:

Այսպես, ըստ հրամանի՝ բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով բժշկական կազմակերպությունում նշանակվում է «վարակի հսկողության պատասխանատու» եւ ստեղծվում է «վարակի հսկողության հանձնաժողով»: Վարակի հսկողության հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը (բժշկական կազմակերպության ղեկավար կամ տեղակալ), համաճարակաբանը, գլխավոր բուժքույրը (առկայության դեպքում), բաժանմունքների վարիչները, մանրէաբանը, դեղերի պատասխանատուն եւ այլ մասնագետներ:

Բժշկական կազմակերպությունում ձեւավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ` յուրաքանչյուր տարվա վարակի հսկողության ծրագիր մշակելու համար:

Վարակի հսկողության պատասխանատուի գործառույթներն են՝ տվյալ կազմակերպությունում արդեն իսկ իրականացված ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցառումների նախնական գնահատում, ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի թերությունների բացահայտում, գերակայությունների եւ նպատակների սահմանում, բուժանձնակազմի ուսուցում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ:

Բժիշկները բարձրաձայնում էին տեխնիկական հագեցվածության, լվացարանների, մշտապես սառը, տաք ջրի առկայության, արմնկային կամ ոտնակային, կամ զգայական (սենսորային) կառավարմամբ ծորակների հագեցվածության մասին:

Հենց այդ հարցի պատասխանը կտա բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի ներդրման եւ գործադրման նպատակով ստեղծված դիտարկման թիմը, որի կազմում ներգրավվում են յուրաքանչյուր բաժանմունքից մեկական ավագ եւ (կամ) միջին բուժաշխատող, թիմի անդամներն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում են բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, միջոցների առկայության գնահատում: Դիտարկման արդյունքները ներկայացվելու են վարակի հսկողության հանձնաժողովին:

Մինչեւ 50 բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բոլոր բուժաշխատողների, իսկ 50-ից ավելի բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների ընդհանուր թվի 20%-ի շրջանում, եռամսյակը մեկ անգամ իրականացվելու է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման դիտարկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930