Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը. Արարատ քահանա Պողոսյան

Հունիս 19,2024 23:59

Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը հայ ժողովրդի և խաչը քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է որ հասկանար։ Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:

Քրիստոնյա ժողովուրդների շարքում հայ ժողովուրդը պատմականորեն առանձնանում է խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով, ինչը և՛ աշխարհայացք է՝ Քրիստոսի սիրո ու զոհաբերության գիտակցում ու վերապրում, և՛ Քրիստոս – հայ ժողովուրդ բնության ու ճակատագրի նույնականություն։ Դժվար է մատնանշել քրիստոնեության որևէ այլ խորհրդանիշ, որով հայն արտահայտել է իր պատկանելությունը մեր հոգևոր-նյութական մշակույթի բոլոր ոլորտներում, քան խաչը։ Եվ խաչի ու քարի համադրականությունից տեսլացած, մարմնավորված հղացք է խաչքարը՝ Հայաստանը, հայն ու հայկականությունը խորհրդանշող կատարյալ մի արվեստ, որ խորը արմատացել է ոչ միայն հայ ավանդության մեջ, այլև ամրագրվել համաշխարհային արվեստի պատմության մեջ՝ որպես մեր ազգային ինքնության քարեղեն վկա։

Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հնուց մինչև այսօր թե՛ հայրենիքում և թե՛ դրա սահմաններից դուրս բարձրացնում է բազմաթիվ խաչքարեր, որ մեր թշնամիների և այսօր մասնավորապես Ադրբեջանի համար թիրախ են դարձել՝ տարածքային հավակնությունների ռազմաքաղաքական արշավում (դա է պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները կատաղի մարտնչում են նաև խաչքարի և խաչի դեմ․ երբևէ մոռանալի չէ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը):

Եվ այս համապատկերին, տարակուսալիորեն, Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը։ Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը։ Գիտակցությունը, ազատ ապրելակերպն ու կյանքի հաճույքը հականիշներ չեն, այլ՝ փոխերևույթներ կամ ներաշխարհային շղթայի մասեր։ Կյանքից միայն հաճույք ստանալու մտայնությունը մարդկային բարոյատիպի կենսակերպ չէ, բացի այդ՝ թմրած գիտակցությամբ կամ անգիտակցաբար հաճույքի հասնելը ախտաբանական մոլություն է։ Ավելին, ինչպես Նժդեհն է ասում․ «Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է»։

Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ, զինվորը, որը սիրով և գիտակցաբար պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը․ «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնյան ոգին, այդ ոգու կրողներին,- ասում է Նժդեհը:- Արդյոք դա միայն երախտագիտության տո՞ւրք է, թե՞ նաև խորագույն մտահոգություն հայրենիքի ապագայի հանդեպ: Սրբացնելով ու հավերժացնելով Մամիկոնյանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տված է ինքնապաշտպանության զենքերից ամենահատուն ու հաղթականը – «մահ գիտեցեալը»։

Խաչը խաչքարի պատկերագրության գլխավոր բաղադրիչն է՝ Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդը։ Խաչքարի պատկերային համակարգում փորագրվում է ոչ միայն խաչը, այլև՝ խաղողն ու նուռը՝ որպես ազգային խորհրդանիշեր։

Ավարայրի ճակատամարտից սկսած՝ խաչքարերը Հայաստանում գերազանցապես բարձրացվել են ռազմական հաղթանակները և հայրենյաց պատերազմում նահատակվածների սուրբ հիշատակը հավերժացնելու համար։

Պատահական չէ, որ խաչքարի ստորին հատվածում փորագրվում է նաև հավերժության նշանը, կյանքի շարունակականությունն արտահայտող հոգևոր խորհուրդը:

Խաչքարի գաղափարական խաչփողանում հատվում են կյանքն ու մահը, բացահայտն ու առեղծվածայինը, բարին ու չարը, տեսանելին ու անտեսանելին և հար ու հակդիր այլ երևույթներ: Խաչքարի վրա փորագրված խաչի ամենաբարձր կետը՝ թագը, խորհրդանշում է երկնքի արքայությունը, ամենաստորին կետը՝ դժոխքի կործանումը: Աջ կողմը պարունակում է շնորհների բաշխման խորհուրդը, ձախ կողմը՝ մեղքերի ներման խորհուրդը:

Եվ վերջապես՝ ասելիքս ամփոփեմ դարձյալ Նժդեհով․ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում»։

Հ․Գ․ Ամենայն հավանականությամբ խաչամարտները մոտ ապագայում քննադատելու են մշակութային ինքնության մաս դարձած մեկ ուրիշ խորհրդանիշ՝ հայկական ձեռագրերը։

Արարատ քահանա Պողոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930