Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ՀՀ պետական մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին ու հանդիպման ժամանակ հայտարարել. «Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն, մտածողության փոփոխություններ են եւ այդ փոփոխությունները տեղի են ունենալու նաեւ սփյուռքում»:
Նա ասաց, որ էական փոփոխությունը այն է, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում սփյուռքը դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ. «Մենք ասում ենք՝ չի կարող լինել սփյուռքը կառավարման օժանդակ ինստիտուտ»:
Ըստ Փաշինյանի, «Ի գործը» խողովակ է, որ այն մարդիկ, որոնք ուզում են ՀՀ-ն իր բոլոր թերություններով ու առավելություններով տեսնեն ներսից, կարողանան անել. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչ թե ընկալել սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որն ունի առավելություններ, թերություններ, որը կարող է տեղ-տեղ լինել սիրելի, տեղ-տեղ լինել ոչ գրավիչ: Լավ լուրն այն է, որ կենդանի օրգանիզմը կարող է մարզվել, ինքը իր վրա աշխատել եւ ձգտել դառնալ ավելի լավը: Սրբապատկերը այնպիսին է, ինչպիսին կա, ինտերակտիվ չի: Մենք սիրում ենք ամեն ինչ կոթողացնել, թե մի րոպե հեռու, ոչ մեկ չկպնի, նայեք հեռվից ու ունենք բնավորություն ամեն ինչ սրբացնել, որը կոթողացումից մի հատ էլ էս կողմ է: Մենք պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է, թե ի՞նչ վատ բան կա, ինչի ենք դեմ, բայց երբ կոթողացնում եւ սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից»:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Տեսեք, մենք սրբացրինք մեր բանակը եւ ինչի հասանք: Էսքան քննարկում, խոսում ենք, ասում են՝ պատերազմ, պարտություն, չենք արել ամենակարեւոր արձանագրումը: Էն, ինչ մենք տեսել ենք 2020-ին եւ դրանից հետո, դա մեր բանակի սրբացման, կոթողացման պատճառով է, որ վայ, հանկարծ վատ բան չասեք: Բայց բոլորս միեւնույն ժամանակ իմացել ենք, թե այդ կոթողի պատերից ներս ինչ է կատարվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թերուսը, փաստորեն, մեր երկրի աղետների հաշվին իմաստնացել է: Տեսեք, թե ինչ էր ասում կառավարության նիստում պատերազմից երկու ամիս առաջ՝ 2020 թ. հուլիսի 23-ին.
«Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեց: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն:»
Մեկ տարի չանցած, ԱԺ հատուկ նիստում ՀՀ ԶՈՒ Գլխավոր հրամանատար Նիկոլը բանակի մասին ասում է.
«Մեզ թվում էր, թե մի հատ կայացած ինստիտուտ կա, պարզվեց՝ էդ էլ չկա:»
Ու հիմա էլ՝ վերջին մեխը (իմա, պատերազմում պարտվելու վերջին պատճառը) դագաղին.
«Էն, ինչ մենք տեսել ենք 2020-ին եւ դրանից հետո, դա մեր բանակի սրբացման, կոթողացման պատճառով է:»
Սրանք զուտ ստեր չեն: Օրհնվեր պետության ղեկավարի բերանից դուրս եկած այն սուտը, որ կասվեր երկրի հաջողությունների համատեքստում ու դրանց համար: Սակայն շարունակական աղետներով ու պարտություններով զուգորդվող ստերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մտածելու ընդունակ մարդկանց նվաստացում: Արվեստագետներ, գիտնականներ, քաղաքագետներ, միջին դասի ապահովված քաղքենիներ, որոնք համակերպվել են այս իրավիճակին ու ապրում են, կարծես ոչինչ չի եղել: Ու՞մ է պետք այն պետությունը, որ ձեզ պես մտավորականություն ունի: