ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։
Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել է Սառա Մորգենթաուի այցը Հայաստան և Հայաստան-ԱՄՆ բարեկամական և առևտրային կապերի խորացումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։
Կարդացեք նաև
Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվող ենթակառուցվածքային ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակը։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։
Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու վերաբերյալ հարցը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն