Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանական վաղաժամկետ ազատվում ենք՝ վախներս սրտում»․ ասում են դատապարտյալները

Հունիս 19,2024 23:03

2017 թվականի դեկտեմբերի 6-ին  գողության համար դատապարտված Աբրահամ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից։ Երեք անգամ դիմել է՝ ազատվելու համար, սակայն երեք անգամ էլ դատարանը հանգել է նույն եզրակացության՝ Աբրահամը դեռ չի ուղղվել։ «Երեք անգամ էլ զեկույցներս բացասական էին,  չգիտեմ ինչո՞ւ․ բանտում աշխատում էի, միջոցառումներին՝ մասնակցում, բայց 2 միավոր չէր հերիքում ու զեկույցներս բացասական էր»,-մեզ հետ զրույցում նշում է Աբրահամը։

Նախկինում երկու անգամ դատապարտված  է եղել։ «Նշանակված պատիժներից երկրորդի դեպքում պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, որի ընթացքում կրկին դատապարտվել է դիտավորությամբ կատարած ծանր հանցագործության համար»,-նշված է  պրոբացիայի ծառայության զեկույցում։  Չնայած տուժողը բողոք չունի, համայնքը,  ընտանիքը պատրաստ է  ընդունել եւ աջակցել Աբրահամին, սակայն չորրորդ անգամ նրա  նկատմամբ բացասական զեկույցներ են կազմվել։

«Աբրահամ Սարգսյանը պատժի կրման ընթացքում դրսեւորել է դրական վարքագիծ, սակայն դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) ներկայացնելը նպատակահարմար չէ»՝ հերթական զեկույցի եզրակացությունն այս բովանդակության էր։ Սակայն այս անգամ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանի մայիսի 24-ի որոշմամբ Աբրահամ Սարգսյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ «Դատախազը դեմ էր, որ ազատվեմ, հիմա վախս սրտում՝ որ կարող է բողոքարկի, ինձ էլի հետ տանեն։ Ընդամենը 5 ամիս էր մնում, որ վերջնական պատիժս կրեի։ Շնորհակալ եմ դատավորին»,-ասում է Աբրահամն ու ավելացնում․ «Չնայած նախորդ անգամ դատավորն էլի պարոն Կիրակոսյանն էր, բայց չազատեց։ Այս անգամ զգաց երեւի՝ որ ուղղվել եմ»։

Արսեն Բալաբարյանը 8 ամիս է՝ պայմանական վաղաժամկետ ազատվել է։ «Ազատվելուց հետո ամեն օր զանգի եմ սպասում, որ «Հայփոստից» զանգեն՝ ասեն նամակ ունես, արի տար, դատարանից է»,-պատմում է Արսենը՝ նշելով, որ  վախը սրտում է։ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում է ապրում, գյուղատնտեսական  տարբեր աշխատանքներով է զբաղվում՝ մանրամասն ներկայացնում է ոչխարներ խուզելու հմտությունները՝ իր ձեռքով հավաքած սարքով։ Ընդգրկված է պրոբացիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով, ինչպես նաեւ  ընդգրկված է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ես փոխվում եմ» վերասոցիալականացման ծրագրում։

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, Արսենի պաշտպանը բողոքարկեց Վճռաբեկ դատարան, սակայն ժամկետների խախտման պատճառով դատարանը հայցը վարույթ չընդունեց։

«Ես հետ գնալուց չեմ վախենում, կալանք է՝ կդիմանամ,  մորս հետ եմ ապրում, հաշմանդամություն ունեցող  քրոջս ու նրա երեխայի խնամակալն եմ, առանց ինձ չեն կարող ապրել»,-ասաց Արսենը։

Այսօր արդեն Արսեն Բալաբարյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում է։ Այս մասին տեղեկացրեց «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։ «Վերջերս կարծես օրինաչափ կանոն է դարձել՝ դատախազները բողոքարկում են պայմանական վաղաժամկետ ազատում կայացրած դատարանների որոշումները։ Ախր, մարդը ազատվում է, սկսվում է սոցիալականացվել ու 6-7 ամիս անց կրկին հետ են տանում՝ դատախազի բողոքի հիման վրա։ Սա է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կայացո՞ւմը»,-հարցնում է տիկին Մանուկյանը։ Ըստ նրա խնդրի մասին տեղյակ է պահել օրերս Կապան այցելած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

«Պաշտպանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք  հարցը քննարկել պատկան ատյանների հետ, գտնել լուծում, գուցե օրենսդրական փոփոխությունների նախագծով։ Արսենը միակ չէ, մեր շահառուներից եւս երեք հոգու  դատախազի բողոքից հիման վրա՝ հետ են տարել  քրեակատարողական հիմնարկներ»,-իր խոսքը եզրափակեց Իրինա Մանուկյանը։

Լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվում են դատապարտյալների համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930