Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հերյուրանք է, համաձայն չեմ այն մտքի հետ, որ որեւէ արցախցի կարող է գումարի դիմաց դուրս գալ ցույցի»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հունիս 19,2024 18:18

«Արցախի հարցը փակված չէ, բոլորի համար դա թող պարզ ու հնչեղ լինի, մենք արդարության վերականգնում ենք ուզում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա նշեց, որ արցախցիների ցանկությունն այն է, որ վերադարձի դեպքում լինեն անվտանգ, միջազգային մեխանիզմներ ներդրվեն, մարդիկ չեն ցանկանում Ադրբեջանի կազմում ապրել։

Հայաստանի իշխանությունները փակել են Արցախի հարցը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Մեր հարցին, թե ի՞նչ անելիք ունեն Արցախի իշխանությունները վերադարձի հարցով, Վրթանես սրբազանը պատասխանեց․ «Արցախի իշխանությունը նույն ձեւաչափով պիտի իր մտահոգությունը հայտնի այդ ուղղությամբ, որովհետեւ եթե մենք ասում ենք՝ Արցախի իշխանություն, Արցախ է եղել, պետականություն է եղել։ Այսօր այդ իշխանությունը վտարանդի ենք հայտարարում, թե կիսագործունյա վիճակում է կամ անգործ է, բայց այդուհանդերձ ինքն է այդ ժողովրդի համար մեկ պատասխանատուն։ Եվ ինքը պետք է երաշխավոր դառնա վերադարձի հարցի։ Իսկ պահանջատերը արցախցին պետք է լինի։ Թե ինչ ձեւաչափով պետք է կատարվի այդ ամենը, դա համապատասխան կառույցների եւ համապատասխան մարդկանց աշխատանքի շնորհիվ ի հայտ կգա»։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են,  որ Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը Հայաստանում ազգային անվտանգային խնդիր է ստեղծում։ Անդրադառնալով այդ հարցին՝ Վրթանես սրբազանն ասաց․ «Ես չեմ կարող ասել՝ դա ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում։ Դա կարող են ասել միայն նրանք, ովքեր զգում են այդ վտանգը։ Բայց ինչ վերաբերում է Արցախի թեմը չլուծարելուն, դա կանոնական է եւ սրբազան որոշում է, համապատասխանում է բոլոր կանոններին ու օրենքներին։ Եվ Արցախի թեմը պետք է շարունակի իր գործունեությունը՝ համաձայն այն կարգադրությունների, որոնք տալիս է Մայր Աթոռը»։

Անդրադառնալով իշխանությունների կողմից Եկեղեցին թիրախավորելու մասին հարցին՝ նա ասաց․ «Երբ մեր հոգեւորականները ժամանակին պայքարի տարբեր ձեւաչափերով եղել են տարբեր մարտերում, ճակատամարտերում, այդ ժամանակ չեն ասել՝ Եկեղեցին մտավ պետական քաղաքականության մեջ, ի՞նչ գործ ունի հոգեւորականը զինվորի կողքին։ Այս ամենի ժամանակ իշխանությունները կարծես թե լուռ էին եւ չէին բարձրաձայնում այն կարեւոր առաքելությունը, որն իրականացնում է Եկեղեցին։

Եվ մեդալի մյուս երեսը՝ այն սոցիալական լուրջ աշխատանքը, որն իրականացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նույնպես չբարձրաձայնվեց պետության կողմից, թե Եկեղեցին ի՞նչ գործ ունի սոցիալական ոլորտի հետ։ Երբ իրենք պետք է այսպես որակավորեն, անշուշտ, որակավորում են, պետք չէ իրենց լսելի լինի արդարության ձայնը, որը բարձրաձայնում է Բագրատ սրբազանը։  Բայց այդուհանդերձ Եկեղեցին իր առաքելության մեջ է, իր առաքելությունից չի շեղվել, մշտապես կանգնած է պետականության եւ պետականաշինության կողքին եւ աղոթում է, որ այդ պետությունը լինի անվտանգ եւ մտահոգված իր ժողովրդով»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե արցախցիները «ցույցերի 5000 դրամանոց մատերիալ» են ընդդիմության համար։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարությանը։ «Ես ոչ միայն դատապարտում եմ, այլ նաեւ համաձայն չեմ այն մտքի հետ, որ որեւէ արցախցի կարող է գումարի դիմաց գնալ արդարության ձայն բարձրացնել, որպեսզի իր վերադարձն ապահովի։ 5000 դրամով արցախցին չի կարող վերադառնալ Արցախ։ Այդ սուտ մեկնաբանությունը, հերյուրանքը, որը տալիս են, դա հարիր չէ արցախցուն։ Արցախցին այն վեհ անձն է, որը մշտապես կանգնած է եղել արդարության կողքին։ Ինքը մտածում է, որ արցախյան շարժումը չի դադարել, շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ որ արդարությունը կվերականգնվի, եւ ինքը կվերադառնա Արցախ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն այս հայտարարություններով հետեւյալն են ասում․ «Դուք եկել եք այստեղ, մենք տեր ենք կանգնել ձեզ, գնացեք ձեր սոցիալական հարցերով զբաղվեք, մոռացեք Արցախը, այն ամենը, ինչ սրբություն է, միավորող, այն ամեն, ինչը կապում է ձեզ Արցախի հետ, մոռացեք, կտրեք, գցեք, ապրեք այնպես, ինչպես մենք ենք թելադրում։ Բայց այդպես չի լինում, մարդն ինքնասիրություն ունի, պատիվ ունի, ինքնություն ունի։ Եվ այս ամենը միանգամից ջնջես, դա հերյուրանք է, վերջում էլ ասես՝ ինքը փողով է այդ ամենը արել։ Ես իմ աչքով եմ տեսնում, որ նման բան չկա, ազնիվ խոսք, չկա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930